Կարծիք

03.06.2016 13:32


Վահե Հովհաննիսյան. «Հիմա եկել է սպառված էլիտայի` փուլային հեռացման ժամանակը»

Վահե Հովհաննիսյան. «Հիմա եկել է սպառված էլիտայի` փուլային հեռացման ժամանակը»

Պետության ամենադժվար գարուններից մեկն ավարտվեց: Ինչպես երկու ամիս առաջ` այսօր էլ նույնն է անորոշությունը, նույնն են անհանգստությունները, ու նույնն են երկրի անվտանգության շուրջ բազմաթիվ հարցերը, որոնք, կարծես թե, ոչ ոք չի էլ պատրաստվում քննարկել: Իշխանությունը փորձում է ապրել իր նախաապրիլյան ռեժիմով:

Իսկ հարցերը մնացել են: Բարձրացնել դրանցից որոշները գոնե հոդվածի ֆորմատով` համարում եմ նաև իմ խնդիրը, քանի որ այլ ֆորմատի, այլ լրջության քննարկում առայժմ պետության պատասխանատուները չեն նախաձեռնում:

Պետական անվտանգության հետևյալ բաղադրիչներն եմ առաջարկում այս պահին քննարկել. ա/անվտանգության հայ- ռուսական համակարգը, բ/տնտեսական անվտանգություն, գ/տեղեկատվական անվտանգություն:

Անվտանգության հայ-ռուսական համակարգը


Վերջին երկու ամսվա ընթացքում մենք ականատես եղանք հետաքրքիր դրսևորումների. ուղղորդված հակառուսական ակցիաներ, հակառուսական ուղղորդված մեդիաարշավ, ինչպես նաև, ինչ խոսք, հասարակության կողմից որոշակի բնական ու բացատրելի ռուսաֆոբ տրամադրություններ: Չտրվելու համար զգացմունքներին` շատ կարևոր է հասկանալ, թե ինչի՛ շուրջ ենք ընդվզում և ի՛նչն է փոխվել հայ-ռուսական հարաբերություններում: Սա կարևոր է` խնդիրները բացառապես ռացիոնալ դաշտ տեղափոխելու և լուծումներ գտնելու համար: Մեր նպատակը ռուսաֆոբ հասարակություն ձևավորելը չէ, այլ` մի շարք բարդ խնդիրներ լուծելը:
Թե՛ ուղղորդված, և թե՛ բնական հակառուսական տրամադրությունների կրողները մինչ այսօր հստակ չեն նշում խնդիրները: Եթե մենք անընդհատ Ռուսաստանի առաջ դնենք Ադրբեջանին զենք վաճառելու բարոյական խնդիրը, ապա ոչ մի բանի չենք հասնելու. դա կայացած փաստ է: Մյուս կողմից` մենք միշտ ստանալու ենք “դա ընդամենը բիզնես է” պատասխանը: Դրանից հետո ռուսներն ավելացնում են. “Ադրբեջանը չգներ մեզնից` կգներ ուրիշից, իսկ մենք ձեզ առաջարկում ենք շատ ավելի էժան` ներքին գներով”: Հարցը սրանով մտնում է փակուղի:

Վերջին տարիներին խախտվել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության տրամաբանությունը: Եվ այս բանաձևն է, որ մենք ժամանակին և համարժեք կոշտությամբ չենք դրել ռուսների առաջ: Ռուսաստանը միշտ Ադրբեջանին զենք վաճառել է, միևնույն ժամանակ` երբեք չի խախտվել տեխնոլոգիական հավասարակշռությունը, իսկ որոշ դրվագներում առավելությունը հայկական կողմինն է եղել: Սա՛ է ամենակարևորը: Զինվորականությունը սա շատ լավ գիտի: Սա Հայաստանին թույլ է տվել` փոխհատուցել քանակական տարբերությունը և պահպանել ռազմական հավասարակշռություն:

2011-ից փոխվել է հենց այս կանոնը` Ադրբեջանը տեխնոլոգիական առավելություն է ստացել: Հայաստանը չի կարողացել պահպանել իր առավելությունը կամ գոնե` հավասարակշռությունը: Հայկական կողմը բոլոր հնարավոր մեթոդներով չպետք է թույլ տար այսպիսի փոփոխություն: Սա կյանքի խնդիր էր: Հայ-ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունների օրակարգում Հայաստանը այս խնդիրը պետք է ձևակերպեր որպես թիվ մեկ: Չպետք է կնքեր ռուսական ռազմաբազայի երկարաձգման պայմանագիրը` մինչև այս հարցը չլուծեր, չպետք է մտներ ԵՏՄ` մինչև այս հարցը չլուծեր: Այդ և նմանատիպ այլ փուլերում Հայաստանն ուղղակի պարտավոր էր կոշտ բանակցել այս խնդրի շուրջ և հասներ արդյունքի: Կարող է ծագել հանդիպակաց հարցը` ինչո՞ւ Ռուսաստանը գնաց ռազմական հավասարակշռություն խախտելու ճանապարհով: Պատասխանը հետևյալն է` ռազմական որոշումները չեն լինում առանց քաղաքական համապատասխան նպաստավոր պայմանների: Ռուսական էլիտան բավականին բարդ օրգանիզմ է, և այնտեղ ակնթարթային որոշումներ հազվադեպ են կայացվում: Էլիտան կայացնում է կոնսոլիդացված որոշում, եթե քաղաքական ֆոնը դա թույլ է տալիս: Հայ-ռուսական երկար տարիների` բավականին նորմալ քաղաքական հարաբերությունների որակն աչքի առաջ փոխվեց: Դա մեկ սխալի կամ մեկ բանակցության արդյունք չէ: Հարաբերությունների որակը փոխվեց մի քանի տարվա ընթացքում. այդտեղ մեծ դեր խաղաց ակնհայտորեն օր օրի ուժեղացող ադրբեջանական լոբբին ռուսական վերնախավում (որի դեմ կայի՛ն հակաքայլեր, պարզապես պետք էր ճիշտ աշխատել) և Հայաստանի` ամորֆ ու սխալներով լի քայլերը: Հայաստանը երեք տարի շարունակ Վրաստանի և Ուկրաինայի հետ նույն փաթեթում բանակցում էր եվրաասոցիացման շուրջ: Ադրբեջանը չմտավ այդ խաղի մեջ և համբերատար լավացնում էր իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, ի վերջո` ստանալով ռազմատեխնոլոգիական անթույլատրելի առավելություն Հայաստանի նկատմամբ: Արդյունքում` մենք ունենք այսօրվա բարդ իրավիճակը: Մենք կաթիլ-կաթիլ փչացնում էինք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները` սկսած անձնական շփումների որակից մինչև ռուսական քաղաքական, քաղաքագիտական և լրատվական վերնախավի հետ աշխատանքն ու հարաբերությունները: Արդյո՞ք սա արվել է միտումնավոր: Իհարկե` ոչ: Բայց իրականությունը դրանից քիչ է փոխվում:


Տնտեսական անվտանգություն


2009 թվականի 14 տոկոսանոց տնտեսական անկումից հետո ցանկացած երկրում կլինեին լրջագույն փոփոխություններ: Եվ ճգնաժամից հետո բազմաթիվ երկրներում դրանք իսկապես եղան: Մեզ մոտ չեղան, որովհետև իշխանությունից դուրս չկար փոփոխությունների համար բավարար այդ ռեսուրսը, իսկ իշխանությունն ինքն իր շահերի դեմ փոփոխությունների, բնականաբար, չէր գնա: Մենք հանդուրժեցինք Տիգրան Սարգսյանի խայտառակ տապալումները: Սա ցույց տվեց, թե որքան զուրկ է դիմադրությունից մեր հասարակությունը, և սնանկ` քաղաքական վերնախավը: Հետագա տարիներին տնտեսական վիճակն անշեղորեն վատանում էր: Մենք հանդուրժում էինք: Մենք ամեն ինչ հանդուրժում էինք: Մենք երկար տարիներ հանդուրժեցինք տնտեսական կոպիտ սխալները, որոնց արդյունքում ուղղակի ոչնչացավ փոքր ու միջին բիզնեսը, իսպառ վերացավ շինարարությունը, երկրի արտաքին պարտքն անցավ 5 միլիարդից: Աղքատության ցուցանիշը մեծացավ: Ընդամենը մեկ օրինակը հերիք է` հասկանալու համար սխալների մասշտաբը. Եվրամիության հետ բանակցությունների ժամանակ Հայաստանը եվրաբոնդերով վաղաժամ փակում է Ռուսաստանին ունեցած` 500 մլն պարտքն ու հետո մեկ օրում խնդրում մտնել ԵՏՄ: Ռուսաստանը ներեց այլ պետությունների` շատ ավելի մեծ պարտքերը, իսկ մենք չկարողացանք բանակցել մեզ համար որևէ կարևոր դրվագի շուրջ: Ո՞րն էր իմաստը` ժամկետից շուտ փակել ռուսական վարկն ու հետո խնդրել ԵՏՄ անդամակցություն: Սրանք կոնկրետ մարդկանց կոնկրետ սխալներն էին, որոնց դիմաց շատ թանկ վճարում է պետությունը: Այն ժամանակ ասում էին` հանուն անվտանգության: Ապրիլը ցույց տվեց, որ դա բլեֆ էր:

Տնտեսության փլուզումը բերում է երկրի կենսագործունեության բոլոր ոլորտների` այս կամ այն չափով փլուզման: Բացառություններ չեն լինում: Տնտեսության փլուզումը բերում է երկրում բարոյահոգեբանական փլուզումների: Եվ պետք չէ զարմանալ, թե ինչ հեշտությամբ էր իշխանությունը գնում լրատվամիջոցներ, հասարակական գործիչներ, ամբողջական կուսակցություններ, քաղաքացիական շարժումներ և այլն: Տնտեսական փլուզումների ժամանակ բոլոր չափանիշները խախտվում են: Տնտեսական փլուզումը դառնում է պետության անվտանգությանը սպառնացող իրողություն: Ու կարևոր է հիշել, որ տնտեսության փլուզումը շատ երկար պրոցես է: Մենք ժամանակ ունեինք` դիմադրելու, ընդվզելու, փոխելու: Քաղաքական ուժերի մեծամասնությունը, սնանկացող բիզնեսը, աղքատացող հանրությունը, 300 հազար արտագաղթողները. բոլորն այս կամ այն կերպ համակերպվեցին: Թեև փոխելու հնարավորություն մի քանի անգամ եղավ: Հիմա արդեն Հայաստանի տնտեսական անվտանգությունը վտանգված է: Պետության ահռելի արտաքին պարտք, ներդրումների բացակայություն, ծայրից ծայր վարկերի տակ գտնվող ժողովուրդ, չվերադարձվող վարկերի տակ ճռռացող բանկային համակարգ, սնանկացած գյուղատնտեսություն, որևէ ռեալ հեռանկարային ծրագրի բացակայություն: Սա փակ շղթա է, որի լուծումն արդեն չափազանց բարդ է:

Տեղեկատվական անվտանգություն

Ապրիլից սկսած` հայկական լրատվամիջոցներում տպագրվել են բազմաթիվ նյութեր, տեղեկություններ, վերլուծություններ, որոնք ուղղակիորեն հարվածում են մեր պետության անվտանգությանը: Դրանք անմիջապես հայտնվում են ադրբեջանական լրատվամիջոցներում, դրանց շատերին հետևում են ռուսաստանցի, իսրայելական, ամերիկյան վերլուծաբանների վերլուծությունները` հղում անելով հայկական լրատվամիջոցներին: Սա վտանգավոր վիճակ է: Ես ինքս պետք է զերծ մնամ ավելի բաց խոսելուց` փորձելով չանցնել այդ նուրբ սահմանը: Պատերազմի լրագրությունն ունի իր կանոնները: Քարտեզների, դիրքերի լուսանկարների, զինտեխնիկայի տեղակայման, առկայության, որակի, զորքերի տեղաշարժի, ներքին հրամանների և այլ նմանատիպ` որպես կանոն` փակ տեղեկատվության հանրայնացումը վերջին երկու ամսում գրեթե սովորական էր դարձել: Ես հակված չեմ` մեղադրել լրատվամիջոցներին, որովհետև մինչ այդ պետք է հարցնել` իսկ ո՞ւր է պետությունը, ինչպե՞ս է ձևակերպված պետական անվտանգության բանաձևը: Խնդիրը խոսքի ազատությունը սահմանափակելը չէ, խնդիրը պետական շահի շրջանակներում լրատվամիջոցների հետ ճիշտ աշխատանքն է: Ինչպե՞ս մեղադրես լրատվամիջոցներին, եթե ապրիլից սկսած` նույն հարցի վերաբերյալ իշխանությունը մի քանի անգամ փոխեց իր տեսակետը` ամեն անգամ ցնցելով պետական ծանր քարոզչամեքենան, և վտանգավոր անորոշություններ մտցրեց հասարակության մեջ:

Մեր` հուսով եմ, չգիտակցված բացությունը, ինքներս մեզ վնասելու` չհիմնավորված պատրաստակամությունը, իրոք մտահոգիչ ծավալների է հասնում: Նրանք, ովքեր կարևորություն չեն տալիս այս խնդրին, չարաչար սխալվում են և պարզապես չեն պատկերացնում, թե ինչպես են հայկական ծագման սկզբնաղբյուրով նյութերն ազդում հիմնախնդրի միջազգային լուսաբանման և բանակցությունների մթնոլորտի վրա:

Ադրբեջանական և միջազգային մամուլը հեղեղված է մեր “ապրիլյան պարտությունների և կորուստների” մասին վերլուծություններով ու կանխատեսումներով` հայկական սկզբնաղբյուրների հղումներով: Դրանք հետո միջազգային տարբեր ատյաններում, տարբեր մրջազգային կազմակերպություններում դառնալու են զեկույցներ, հայտնվելու են տարբեր փաստաթղթերում:

Օտարի կամ հառակորդի աչքերով նայենք` ինչե՞ր են ասում հայաստանյան ներկա ու նախկին պաշտոնյաները: Ու անկեղծորեն անհանգստանում ես, թե որոշ դեպքերում ովքեր են եղել ու կան մեր պետության պատասխանատու պաշտոններում:

Տեղեկատվական անվտանգության տապալումը ապրիլից հետո բացարձակ է: Ուղղակի նայեք հակահայկական նյութերի և վերլուծությունների քանակին, որոնք որպես ինֆորմացիայի սկզբնաղբյուր են նշում հայկական լրատվամիջոցները: Նայեք ադրբեջանական և միջազգային մամուլը ու կհասկանաք մեր անլրջության չափը: Դա արդեն անվտանգ չէ:

Նախկին և ներկա պաշտոնյաների, նախկին և ներկա զինվորականների, քաղաքական գործիչների` չկշռադատված, չմտածված հայտարարությունները, կոչերը և կանխատեսումները – մենք արդեն սովորել ենք ծիծաղել դրանց վրա, բայց արդյո՞ք ծիծաղելի են դրանց հետևանքները մեզ համար: Ընդ որում` խոսքը երկու ծայրահեղ մոտեցումների մասին է` ծայրահեղ պարտվողականից մինչև ծայրահեղ արկածախնդրային: Շատ զգույշ պետք է լինել հողեր հանձնելու, ամայի տարածքների կամ հակառակը` Բաքուն ռմբակոծելու, Կիրովաբադը պայթեցնելու և այլ ձևակերպումներում: Դրանք միշտ ունենում են որոշակի հետևանքներ: Դրանք հակառակորդին տալիս են լեգիտիմ իրավունք` հակադարձ քայլերի:

Պատերազմը չոր ու կոշտ գործ է: Իսկ տեղեկատվական անվտանգությունը չափազանց կարևոր ոլորտ է, բառի բուն իմաստով` ռազմավարական դիրք ու բարձունք: Այստեղի պարտությունները շատ դառը կարող են լինել, իսկ հաջողությունները` իսկապես արժեքավոր ու շոշափելի: Այստեղ ուղղակի բացառվում է իշխանություն-ընդդիմություն բաժանումը, ընդհակառակը` հենց այդ տարբեր ռեսուրսների, ինչպես նաև` սփյուռքի ռեսուրսների գրագետ օգտագործումը, փոխհամաձայնեցված աշխատանքը հաջողության գրավական կլինի: Խնդիրն ավելի խորը արմատներ ունի ու խորը լուծումներ է պահանջում, քան` պարզունակ արգելքների համակարգը, որը նման դեպքերում ընդունված է կիրառել: Հետևաբար` տեղեկատվական անվտանգության խնդիրը ապրիլից հետո նոր սրությամբ է մտնում օրակարգ, որտեղ նոր լուծումներ են պետք գալու: Ընդգծենք նաև, որ, սրան զուգահեռ, մենք ունենք նաև բացառիկ զսպվածությամբ և կշռադատվածությամբ աչքի ընկնող նախկին և ներկա բարձրաստիճան զինվորականներ, պաշտոնատար անձիք: Դրա մասին էլ մի օր կխոսենք:

Պետության անվտանգության բարձրացման ճանապարհային քարտեզը

Այսօր Հայաստանի և Ղարաբաղի անվտանգության միակ երաշխավորը հայկական բանակն է: Ընդգծում եմ` հայկական կանոնավոր բանակը: Մեր բանակի սիրողականացման ցանկացած փորձ պետք է կանխվի ամենայն խստությամբ: Ցանկացած կամավորի, կամավորական ջոկատների` դեպի դիրքեր ճանապարհը պետք է անցնի զինկոմիսարիատներով ու ՊՆ-ով: Ղարաբաղը, պատերազմը, զինվորականը, դիրքերը շատ լուրջ հասկացություններ են: Դրանցից է կախված պետության ապագան: Հայաստանը փոքր երկիր է. ճակատ և թիկունք հասկացությունները շատ հարաբերական են: Երկիրն առժամանակ պետք է ապրի կիսապատերազմական մթնոլորտում: Այսօր սա է խաղաղության պահպանման միակ տարբերակը:

Հայաստանը պետք է վերականգնի ռազմական, տեխնոլոգիական հավասարակշռությունը հակառակորդի հետ: Իրավիճակն այլ լուծում չունի: Ռուսաստանի այսօրվա հիմնական կոնֆլիկտային երկրներն այս տարածաշրջանում` Թուրքիան և Վրաստանը, Ադրբեջանի հետ երեքով պայմանավորվում են համատեղ զորավարժությունների մասին` Ռուսաստանի սահմանին, և Հայաստանը ստանում է բացառիկ հնարավորություն` Մոսկվայի հետ լուրջ բանակցությունների և լուրջ խնդիրներ լուծելու համար: Կկարողանա՞ն, արդյոք, Հայաստանի իշխանությունները: Պե՛տք է կարողանան: Չեն կարողանա` պետք է զիջեն իրենց տեղը նրանց, ովքեր կկարողանան:

Հայաստանի տնտեսության առողջացումը և զարգացումն այլևս հապաղում թույլ չեն տալիս: Եվ կոսմետիկ լուծումների հնարավորությունը սպառված է: Մենք պետք է պարզ ասենք. ներդրումներ չկան, որովհետև չեն վստահում: Մենք հասել ենք այն հանգրվանին, որտեղ տնտեսական տեսանելի փոփոխություններ հնարավոր չեն` առանց քաղաքական փոփոխությունների:

Վերջին տարիներին ռազմաքաղաքական, տնտեսական և պետական կազմակերպվածության առումով Հայաստանը փոխել է իր քաշային կատեգորիան: Սա ցավոտ փաստ է: Բայց ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ հասարակության մեջ կա հսկայական ռեսուրս, ու դա ամենակարևոր գործոնն է, որը համոզում է, որ Հայաստանը կարող է ոչ միայն դուրս գալ հերթական պատմական կորստի շրջապտույտից, այլև` ունենալ մեծ թռիչքներ:
Մենք թևակոխել ենք հին էլիտայի մայրամուտի փուլը, ու մեր խնդիրը դրա միջով նվազ կորուստներով անցնելն է: Հիմա եկել է սպառված էլիտայի` փուլային հեռացման ժամանակը: Բոլոր շրջանակներում` իշխանության մեջ և իշխանությունից դուրս, կան մարդիկ, որոնք կարող են ձևավորել վերելքի քաղաքական վերնախավը:

Վահե Հովհաննիսյան
Աժ պատգամավոր, «Համախմբում» կուսակցություն


Հ.Գ. Պետական անվտանգությանն առնչվող այս առաջին երեք թեմաները, հասկանալի է, ներկայացված են շատ սեղմ: Համապատասխան ձևաչափերում, այդ թվում` փակ քննարկումների, դրանք կարելի է բացել ու դետալայնացնել: Առաջիկայում կփորձեմ քննարկման առարկա դարձնել հաջորդ թեմաները` արտաքին քաղաքական անվտանգություն, դեմոգրաֆիկ անվտանգություն և ներհասարակական հոգեբանական անվտանգություն:

Այս խորագրի վերջին նյութերը