Մեկնաբանություն

09.06.2016 00:05


Բարի Գալուստ կրկես

Բարի Գալուստ կրկես

Այդպես էլ չիմացանք՝ երկրի հարկատուների հաշվին երկու անգամ Գերմանիա մեկնած եւ տեղի կլինիկաներում հանգրվանած Գալուստ Սահակյանն ի՞նչ բուժում է ստացել:

Դատելով ամենից` գերմանական բժշկությունն էլ է անզոր եղել պարզելու Գալուստ Սահակյանի «հիվանդությունը» (միշտ առողջ լինի):

Այնուամենայնիվ, երկրի հարկատուներին հետաքրքրում է հարցը, թե իրենց հաշվին երկրորդ անգամ Գերմանիա հասած «հիվանդի» մարմնի ո՞ր մասը կամ մասերն են հետազոտել գերմանացի բժիշկները, կամ թռիչքներն ու գերմանական առողջապահությունից օգտվելը որքա՞ն է նստել պետբյուջեի վրա:

Հարկատուներին այս հարցերը հետաքրքրում են այնքանով, որպեսզի հասկանան՝ իրենց հայրենիքը կրկեսի վերածողը իրե՞նք են, որ հոգում են Սահակյանի բիզնես կլասի թռիչքերի ու կլինիկական ծախսերը, թե՞ գերմանացի բժիշկներն են միտումնավոր փորձում մեր հայրենիքը վերածել կրկեսի (քանզի ՀՀ երկրորդ դեմքին բանականության մասով գործնականում «բուժելն» իմաստ չունի. նա այդպես առողջ ծնվել է եւ կա): Թեպետ, ամեն ինչ «էն գլխից» էլ պարզ էր ու հասկանալի:

Երբ ՀՀԿ ղեկավարը Գալուստ Սահակյանին նստեցրեց ԱԺ «սպիկերի» աթոռին, այդ պահից արդեն հայրենիքը դարձավ կրկես, ցիրկ, հանդիսանք, իսկ քաղաքական դաշտը՝ սիրողական մակարդակի աճպարարների համար ընդարձակ մանեժ:

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի վերադարձին իշխանական ճամբարից սկզբում շատ նորմալ արձագանքեցին, տեղ-տեղ՝ անգամ «սրտառուչ»՝ «Ցանկացած հայ, որ վերադառնում է հայրենիք, դա պետք է ողջունել»: Սակայն նորմալ կեցվածքը կարճ տեւեց. Բաղրամյան 26-ն անմիջապես անցավ հոգեհարազատ «նախաձեռնողականությանը» եւ Սամվել Բաբայանի դեմ սկսեց «խոսեցնել» տարբեր գործիչների ու պաշտոնյաների:

Հիմա էլ հերթը Գալուստինն է, որը գործի է դրել իր լեզվի եւ մտքի «գործառույթները» ու «խորհում-մտորում» է՝ ասելով, թե Սամվել Բաբայանը պատերազմի ժամանակ լուրջ կռվող է եղել, բայց հիմա իշխանությունը չգիտի, թե նա ինչ ներուժ ունի: Պարզվում է՝ լուրջ կռվող է եղել, բայց նրա ներուժի չափից բեխաբար են: Ցնորամտության կամ տկարամտության մրցույթում առաջին հորիզոնականը գրավելու արժանի միտք է սա: Մարդը լավ կռվող է եղել, բայց դե, ի՞նչ իմանանք՝ ի՞նչ ներուժ ունի:

Թեպետ, մյուս կողմից էլ, զարմանալի ոչինչ չկա. մեկը որ ցմահ ազատազրկումն ու մահապատիժը նույնացնում է, շատ հանգիստ կարող է նաեւ Սամվել Բաբայանի մասին նման մտքեր արտահայտել: Նաեւ հայտարարել, թե աշխարհը ման է եկել, վերադարձել է ու հիմա էլ գործ է ուզում: Սա այն դեպքում, երբ Սամվել Բաբայանը բազմիցս հրապարակավ հայտարարել է, որ իրեն ոչ մի պաշտոն պետք չի. ինքը պաշտոն չի ուզում: Բայց Բաղրամյան 26-ը սրա ու նրա, նաեւ՝ Գալուստ Սահակյանի միջոցով շարունակում է պրպտուն աշխատանքը՝ վերջնականապես պարզելու Սամվել Բաբայանի ցանկությունը:

Ինչի՞ց եք վախեցած, պարոնա՛յք, որ արդեն Գալուստ Սահակյանին եք ստիպում իր խոսքի «գոհարները» շաղ տա ու կրկին անգամ դառնա ծաղրի առարկա: Իսկ դուք մնաք կրկեսի կուլիսներում:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը