Մեկնաբանություն

27.06.2016 10:00


Ալիևը բացում է փակագծերը

Ալիևը բացում է փակագծերը

Իլհամ Ալիևը կրկին ակամայից դառնում է մեզ համար օգտակար գործիչ:

Ղարաբաղի հարցով Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած բանակցություններից հետո Սերժ Սարգսյանը լուռ է, իսկ իշխանական քարոզիչները փորձում են «ռազմահայրենասիրական» հռետորաբանության տակ Հայաստանի հանրությունից թաքցնել իրողությունը: Ալիևն, ահա, թույլ չի տալիս դա անել:

Ադրբեջանի նախագահը հայտարարում է, թե որն է իրենց ուզածը, և ինչի շուրջ են իրենք բանակցում: Հայկական կողմը չի հակադրվում Ալիևի ասածներին, տարածում է, թե, իբր, Ալիևն իր ներքին լսարանի համար է Ղարաբաղի մասով հայտարարություններ անում և համեստորեն լռում է:

«Ղարաբաղն ամբողջությամբ պետք է մտնի Ադրբեջանի կազմի մեջ և կարող է ինքնավարության որոշակի կարգավիճակ ստանալ» ալիևյան ձևակերպմանը պաշտոնական Երևանը չի հակադարձում: Սերժ Սարգսյանն ու հաստիքային սերժամետները հիմա դարձել են Մարիա Զախարովայի «վկա» ու հղում են անում վերջինիս խոսքերին, թե, իբր, կա պաշտոնական հայտարարություն, և պետք է հիմք ընդունել դա: Այսինքն՝ թաքնվել են Մաշայի հետևում:

Լավ, ենթադրենք՝ Ալիևը ներքին լսարանի համար է խոսում: Բա թող Սերժ Սարգսյանն էլ ներքին լսարանի համար խոսի ու ասի, որ Ալիևը երազում կորեկ է տեսնում: Չի ասում: Ավելի ճիշտ՝ ասում է, որ Կազանում համաձայնել է հակամարտության կարգավորման փաստաթղթին, ու այս տեսակետը չի փոխվել:

Ինչպես հայտնի է, Կազանում տխրահռչակ փուլային տարբերակն է մտել շրջանառության մեջ: Պարզապես բախտներս բերել է, որ Ալիևն իր ագահության ու հիմարության պատճառով չի համաձայնել կազանյան փաստաթղթին:

Հիմա, սակայն, շատ ավելի վատ տարբերակ է դրված շրջանառության մեջ, քան Կազանում: Չորսօրյա մարտերի արդյունքներն են լկտիացրել ու ինքնավստահ դարձրել Ադրբեջանին: Դա է պատճառը, որ Ս. Սարգսյանը լուռ է, բայց Ալիևը բացում է փակագծերը և լուռ մնալու հնարավորություն չի տալիս ՀՀԿ ղեկավարին:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը