Մեկնաբանություն

28.06.2016 01:10


Սերժ Սարգսյանը ցույց է տվել ճանապարհը (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը ցույց է տվել ճանապարհը (տեսանյութ)

Հարցազրույց տալով «Ռոյթերսին»՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ եթե առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն անհաջողության մատնվի, ապա ինքը քաղաքականության մեջ այլևս անելիք չի ունենա: Ապա քահ-քահ ծիծաղել է՝ բացառելով անհաջողությունը:

ՀՀԿ ղեկավարն, ըստ էության, հայ ժողովրդին ցույց է տվել, թե ինչպես կարելի է ձերբազատվել իրենից. ՀՀԿ-ին թույլ չտալ մեծամասնություն կազմել:

Սարգսյանն ակամայից հասկացրել է, որ վերջին տարիներին արձանագրվող հետընթացը կանգնեցնելու և զարգացում ապահովելու համար պետք է այնպես անել, որ ինքն այլևս անելիք չունենա քաղաքականության մեջ:

Ճիշտ է, Սերժ Սարգսյանը համոզված է, որ կարողանալու է տոկոս «խփել» ու մնալ աթոռին, բայց դե, նույն տիպի ծիծաղի ուղեկցությամբ նա տարիներ առաջ Գյումրիում էր հայտարարել, թե ինչքան ուզի՝ այնքան «կխփի»: Արդյունքը եղավ այն, որ գյումրեցիները խիարը թարս բուսեցրին Սարգսյանի համար և խփեցին այնքան, ինչքան չէր ուզում Սարգսյանը:

Եվ ուրեմն, առաջիկայում պետք է ամբողջ Հայաստանն առաջնորդվի Գյումրիի տարբերակով: Դրա արդյունքում Սերժ Սարգսյանն այլևս ոչ մի անելիք չի ունենա քաղաքականության մեջ: Ավելի ճիշտ՝ նա հնարավորություն չի ունենա քաղաքական իշխանությունն օգտագործել անձնական շահերն սպասարկելու համար:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը