Կարծիք

03.08.2016 15:19


Համոզված եմ, որ եթե Սասնա Ծռերը դեռ գնդում լինեին, որևէ մեկը տուն չէր գնալու

Համոզված եմ, որ եթե Սասնա Ծռերը դեռ գնդում լինեին, որևէ մեկը տուն չէր գնալու

Տարբեր կարծիքներ, նույնիսկ երբեմն մեղադրանքներ են հնչում, որ ժողովուրդը էլ դուրս չի գալիս փողոց, մոռացան Սասնա Ծռերի պահանջները, հեղափոխությունը տապալեցին և այլն։ Ինչքան էլ խուսափում ես էս էմոցիոնալ գնահատականներին արձագանքել, չի ստացվում, որովհետև նախ էդ մարդիկ են սպառվում ու հուսահատվում, հետո էլ էդ տրամադրությունը փոխանցում բոլորին։

17 օր առաջ մարդիկ արթնացան ու իմացան, որ հայտնվել են զինված մարդիկ ու իրականացնում են հանրության մեջ արմատավորվող էն համոզմունքը, որ «մենակ զենքով ա հնարավոր սրանց հաղթել» (նույնիսկ հաղթանակի դեպքում սա ամենաարդյունավետ ճանապարհը չի)։ Գոնե վերջին ութ տարում՝ մարտի 1-ից հետո, ես նման լարվածություն չեմ հիշում։ Մարդիկ ծեծ կերան, իրենք ծեծեցին ոստիկանությանը, ձերբակալվեցին կամ անընդհատ գտնվեցին դրա ահագնացող վտանգի տակ, հուսահատվեցին ու վերագտան հավատը, մերժեցին առաջնորդներին, պահանջեցին նորերին ու փորձեցին իրենք ինքնակազմակերպվել։ Հանրությունը պատրաստ չէր ականատես լինել մերօրյա ասպետների՝ Պավիկի, Արամի, Արայիկի, Արեգի և այլոց մահը։ Ինչքան էլ պահանջներն աջակցություն էին գտնում բոլորի կողմից, արդար էին (դրանք առաջ էլ հնչեցվել էին ու հիմա էլ ակտուալությունը չեն կորցրել), բայց մարդիկ հենց տղերքի համար էին դուրս գալիս փողոց։ Տղերքի ճակատագրի մասին մտահոգվելով էր, որ հաջորդող երկու շաբաթը գիշերները չէինք քնում ու երեկոյան դուրս գալիս փողոց՝ մեր ներկայությամբ կանխելու հարձակումը։ Սասնա Ծռերի հանձնվելը թոթափեց էդ լարվածությունը։ Մարդիկ հնարավորություն ունեցան շունչ քաշել։ Անարդար է մեղադրել որևէ մեկին, թե դրանից հետո նույն ռեժիմով փողոցում չի։ Համոզված եմ, որ եթե Սասնա Ծռերը դեռ գնդում լինեին, որևէ մեկը տուն չէր գնալու։

Անկեղծ ասած, իմ վրա էլ շոկային ազդեցություն ունեցավ հանձնվելը։ Քանի տղերքի կյանքին ամեն վայրկյան վտանգ էր սպառնում, մտահոգ որևէ մեկը չէր կարող իրեն թույլ տալ հապաղել, հանգստանալ կամ կոտրվել։ Բայց դրանից հետո ժամանակն է կանգնել, վերաիմաստավորել եղածը, շունչ քաշել ու առաջ գնալ։ Հա, ափսոս էր էն էներգիան, որ անխուսափելիորեն տանում էր ՀՀԿ թայֆի կործանմանը։ Մենք բոլորս դրան շատ ենք սպասել, բայց դժվար է էս լարվածության ու խեղդող էմոցիաների ազդեցության տակ ռացիոնալ որոշումներ կայացնել։ Այնուամենայնիվ, մենք, Սասնա Ծռերի հետ միասին միջանկյալ բազմաթիվ հաղթանակներ ենք տարել։

Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին։

Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը