Լրահոս

30.08.2016 15:54


Ոստիկանները թաքցրել են գիշերային ակումբի բակում տեղի ունեցած խմբով խուլիգանության դեպքը

Ոստիկանները թաքցրել են գիշերային ակումբի բակում տեղի ունեցած խմբով խուլիգանության դեպքը

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի ծառայողների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ հարուցված և քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիշյալ բաժնի ծառայողներ Արտակ Կարապետյանին և Ֆիլիպ Սահակյանին մեղադրանքներ են առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու, իսկ Վահագն Մելքոնյանին՝ պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելու համար:

Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննության արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկա­նութ­յան հիշյալ բաժնի աշխատակից Ֆիլիպ Սահակյանը 2015թ. փետրվարի 21-ին քաղաքացի Հասմիկ Օ.-ից ահազանգ է ստացել Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/10 հասցեում գտնվող «Լունա» գիշերային ակումբի բակում մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու մասին, սակայն, անձնական այլ դրդումներով պաշտոնեական դիրքն օգ­տագործելով ծա­ռա­յութ­յան շահերին հակառակ, ահազանգողի հայտնած տեղեկությունների փոխարեն, արձանագրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, ինչի արդյունքում խուլիգանության դեպքը ներկայացվել է որպես չնչին ծեծ և գույքի վնասում:

Այնուհետև քաղաքացի Հասմիկ Օ.-ի ահազանգի հիման վրա ՀՀ ոստիկանության հիշյալ բաժնի աշխատակից Ա. Կարապետյանը մեկնելով դեպքի վայր, գիշերային ակումբի տնօրեն Լիդա Օ.-ից և վերջինիս դուստր Հասմիկ Օ.-ից տեղեկացել է, որ 2015թ. փետրվարի 21-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, գիշերային ակումբ ժամանած 5-6 անհայտ անձինք անհիմն վիճաբանել, ապա տևական ժամանակ փոխադարձ ծեծկռտուքի մեջ են մտել ակումբի մշտական հաճախորդ Սարգիս Գ.-ի և նրա հետ եղած 2 անձանց հետ, ինչը զուգորդվել է ուրիշի գույքը վնասելով, այն է՝ ծեծկռտուքի ընթացքում կոտրել են ակումբի բակում արկղով դրված գարեջրի շշերը, վնասել ինչպես Հասմիկ Օ.-ի «Տոյոտա Պռադո» մակնիշի, այնպես էլ՝ հաճախորդ Սարգիս Գ.-ի «Աուդի Q-7» մակնիշի ավտոմեքենաները: Անձամբ ականատես լինելով հանցագործության հետքերին՝ դեպքի վայրում թափված կոտրված շշերին ու վնասված ավտոմեքենաներին, Ա.Կարապետյանը միջոցներ չի ձեռնարկել հանցագործության հետքերն արձանագրելու, հանցանք կատարած անձանց բացահայտելու ուղղությամբ և բավարարվելով Հասմիկ Օ.-ի, Անուշ Ս.-ի ու Կարինա Հ.-ի մասնակցությամբ դեպքի վայրի զննության վերաբերյալ արձանագրություն կազմելով, այն քրեադատավարական նորմերի պահանջների խախտմամբ՝ առանց վերջիններիս ծանոթացնելու, ներկայացրել է նրանց ստորագրմանն ու հեռացել:

Նույն օրը պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող դեպքի վայրի զննության արձանագրությունը Ա. Կարապետյանը փոխել է իր կողմից կազմված դեպքի վայրի զննությանկեղծ արձանագրությամբ, որում նշել է այն կազմելու տեղի և ժամի վերաբերյալ կեղծ տեղեկություններ և չի ներառել վիճաբանության ու կռվի ընթացքում դիտավորությամբ ուրիշի գույքը ոչնչացնելու և վնասելու մասին վկայող՝ գիշերային ակումբի բակում թափված կոտրված գարեջրի շշերի և Սարգիս Գ.-ի ավտոմեքենան վնասված լինելու մասին տեղեկությունները, այդ կապակցությամբ մասնակիցների հայտարարությունները՝ արձանագրելով միայն Հասմիկ Օ.-ի ավտոմեքենայի վնասվածքները: Հիշյալ օրը Ա. Կարապետյանը կազմել է նաև հիշյալ գիշերային ակումբի մատուցողուհի Անուշ Ս.-ից բացատրություն վերցնելու մասին արձանագրություն, որում մտցրել է մտացածին՝ խուլիգանության հանգամանքները բացառող կեղծ տեղեկություններ, դրանում չի ներառել վերջինիս կողմից դեպքին մասնակից Սարգիս Գ.-ին ճանաչելու հանգամանքը, ապա նշված՝ բացատրություն վերցնելու մասին՝ կեղծ տեղեկություններ բովանդակող արձանագրությունը, առանց Անուշ Ս.-ին ծանոթացնելու, ստորագրման է ներկայացրել նրան, իսկ դեպքի վայրի զննության կեղծ արձանագրությունը ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննության բաժանմունքի նախկին ծառայող Վ.Մելքոնյանի օժանդակությամբ, առանց Հասմիկ Օ.-ին, Անուշ Ս.-ին և Կարինա Հ.-ին ծանոթացնելու, ներկայացրել է վերջիններիս ստորագրմանը:

Շարունակելով իրականացնել հանցավոր մտադրությունը՝ Ա. Կարապետյանը դեպքի հաջորդ օրը՝ 2015թ. փետրվարի 21-ի՝ լույս 22-ի գիշերը, նույն բաժնի հետաքննության բաժանմունքի նախկին աշխատակից Վ. Մելքոնյանի հետ հիշյալ գիշերային ակումբի տնօրեն Լիդա Օ.-ի աշխատասենյակում դիտել է խուլիգանության դեպքի տեսագրությունները, սակայն դիտավորությամբ միջոցներ չի ձեռնարկել ժամանակին դրանք ամրագրելու, ձեռք բերելու և նյութերին կցելու ուղղությամբ, որի արդյունքում դրանք ինքնաբերաբար ջնջվել են, ինչի վերաբերյալ հետագայում կազմել է արձանագրություն՝ դեպքի վերաբերյալ տեսագրությունըպահպանված չլինելու մասին:

Նույն նպատակով` Ա. Կարապետյանը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ուղղորդել է ակումբի տնօրեն Հասմիկ Օ.-ին իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկություններ պարունակող, խուլիգանության հանգամանքը հերքող բովանդակությամբ բացատրություն տալուն այն մասին, թե, իբր վիճաբանության և ծեծկռտուքի ընթացքում գիշերային ակումբի աշխատանքը չի խանգարվել, իսկ դեպքի տեսագրությունները դիտելուց համոզվել է, որ Կարեն Ք.-ի հարվածներն անզգուշաբար ենդիպել իր ավտոմեքենային և վնասել այն:

Բացի այդ, Ա. Կարապետյանը, անձնական այլ դրդումներով՝ քննչական գործողությունները ժամանակին և համաչափ կատարելու պատրանք ստեղծելու մղումներով, հիշյալ նյութերի նախապատրաստման ընթացքում պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ Հասմիկ Օ.-ից, Լիդա Օ.-ից, Գերասիմ Ա.-ից, Կարեն Ք.-ից և Սարգիս Գ.-ից բացատրություն վերցնելու մասին արձանագրություններում միասնական դիտավորությամբ ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել դատավարական գործողությունների կատարման օրվա և ժամի վերաբերյալ:

ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի հիշյալ ծառայողների դիտավորյալ գործողություններիարդյունքում խեղաթյուրվել է օբյեկտիվ իրականությունը` թաքցվել է մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու դեպքը և հաղորդման քննարկման արդյունքումնախապատրաստվել են ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա հարուցման ենթակա՝ ծեծի և ուրիշի գույքն անզգուշությամբ վնասելու վերաբերյալ նյութեր, որոնցով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հանցակազմի բացակայության հիմքերով մերժվել է քրեական գործ հարուցելը:

Հիշյալ հանցավոր արարքները կատարելու համար ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի ծառայողներ Ֆիլիպ Սահակյանին և Արտակ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով, իսկ նույն բաժնի նախկին ծառայող Վահագն Մելքոնյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՔԾ

Այս խորագրի վերջին նյութերը