Կարծիք

26.09.2016 11:49


«Ներդրում» ասելով պետությունում փող չի ավելանա

«Ներդրում» ասելով պետությունում փող չի ավելանա

Այն, որ երկրի տնտեսությունը հոգեվարքի մեջ է գտնվում, խոստովանում է նաև նոր վարչապետը: Բայց որևէ շոշափելի քայլ՝ իրավիճակը փոխելու համար, չի կատարվում: Խոսում են, թե ամեն ինչ ինչքան վատ է, և ինչ պետք է անել, որ լավ լինի: Գիտեք, մեր հայաթի բիձեքն էլ են «բեսեդկում» նստած Հայաստանի տնտեսությունը քննարկում ու ասում, թե ինչ լավ կլիներ, որ, օրինակ, ամերիկացիք գային, փեշով փող բերեին Հայաստան, ներդրումներ անեին, ու երկիրը ծաղկեր:

Բայց երկրի իշխանությունից մի քիչ ավելին ես սպասում, քան դատարկ խոսելը: Ներդրումների մասին են խոսում, բայց Հայաստանում պայման չկա, որ մարդ բիզնեսով զբաղվի: Ասեմ ավելին՝ մարդիկ իրենց ունեցվածքը վաճառում ու փախչում են Հայաստանից: Իսկ ի՞նչ է անում Սերժ Սարգսյանը: Գնում է Նյու Յորք՝ ամերիկահայ գործարարներից փող մուրա: Ասել եմ ու էլի եմ ասում՝ Հայաստան ներդրում գրավելու համար ոչ մի տեղ գնալ պետք չէ: Բիզնեսն ինքն է փնտրում ու գտնում շահավետ ոլորտներ, լավ պայմաններ՝ ներդրումների համար: Պետության, այսինքն՝ իշխանության գործառույթն էլ այն է, որ բարենպաստ պայմաններ ստեղծեն ձեռնարկատիրության համար:

Այդ պայմանները ստեղծելու համար էլ կախարդական փայտիկ պետք չէ: Պայմաններն էլ չեն սահմանափակվում «Զվարթնոց» օդանավակայանում «վիպ զոնա» կառուցելով: Շատերի համար պարզ բան, բայց քանի որ գործ ունենք հանրկուսի ու հանրկուսի ղեկավարի հետ, դրանք էլ ոնց որ հատուկ ընտրված լինեն, պարզաբանեմ: Բիզնեսի համար բարենպաստ պայման են համարվում մեղմ հարկային օրենսդությունը՝ ցածր հարկեր ու պարզեցված հավաքագրման գործընթաց, սեփական անձեռնմխելիության երաշխիքներ, համապատասխան օրենսդրություն ու ենթակառուցվածքներ, լրացուցիչ հարկային արտոնություններն էլ՝ որպես բոնուս:

Իսկ հիմա մենք ունենք ԵՏՄ շրջանակներում ամենաբարձր ԱԱՀ-ն, միասին գործող եկամտահարկն ու շահութահարկը, անկատար՝ շրջանառության հարկի մասին օրենքը, գումարած կոռուպցիան ու Սաշիկը: Օբյեկտիվ գործոններից էլ՝ ղարաբաղյան հակամարտությունը: Հիմա առանց նշված սուբյեկտիվ գործոնները վերացնելու, Հայաստանի տնտեսությունը ներդրումների համար գրավիչ դարձնելու, Սաշիկին Մոնտե Կառլո աքսորելու՝ Սերժ Սարգսյանը գնում է Նյու Յորք, որ ի՞նչ անի: Գուցե նրա պատկերացման մեջ ներդրում անելը կազինոյում խաղալու պես բան է, բայց իրականությունը լրիվ այլ է:

Գործարարներն իրավիճակին են նայելու և պայմանները գնահատելու, ոչ թե նրա խոսքին հավատան, որն, ի դեպ, ոչ մի արժեք չունի, և դա բոլորին է հայտնի:

Հ.Գ. Ասում եմ՝ Ամերիկա գնալ գնալ է, թող էնտեղից մի հատ հնդկացի շաման բերի, Հանրապետության Հրապարակում խարույկ վառի, պարի ու «ներդրում» կանչի:

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը