Կարծիք

04.10.2016 11:44


Երևանը հաստատուն քայլերով վերածվում է «Գազելների» գերեզմանոցի

Երևանը հաստատուն քայլերով վերածվում է «Գազելների» գերեզմանոցի

Նկատե՞լ եք, որ Երևանը հաստատուն քայլերով վերածվում է «Գազելների» գերեզմանոցի: Ամեն անգամ գործի գնալուց զարմանում եմ ուղղակի: Երբեմն այնպիսի տպավորություն է, որ այդ մեքենան ուր որ է՝ պարզապես կքանդվի ընթացքի ժամանակ: Էն օրը էլի աշխատանքի եմ գնում, նստած եմ ամենահետևի շարքում, մեկ էլ մեքենան ընկավ ջրափոսը ու...ոտքերս թրջվեցին: Մեքենայի հատակը ծակ էր...

Նմանատիպ դեպքերին, համոզված եմ, շատերն են հանդիպում: Սրա պատճառն այն է, որ Երևանում ու Հայաստանում առհասարակ բացակայում է հասարակական տրանսպորտի կառավարումը, տրանսպորտի աշխատանքը համակարգված չէ, չկա ռազմավարություն: Օրինակ՝ ես չգիտեմ՝ ինչ է լինելու, երբ այդ մեքենաները շարքից գան: Ես՝ ջհանդամը, իսկ քաղաքապետարանը պատկերացնո՞ւմ է: Այնքան ապաշնորհ են, որ Չինաստանից որպես ողորմություն ավտոբուսներ ստացան անվճար ու չկարողանալով դրանք շահագործել՝ գազ դրեցին վրաները:

Դա էլ արեցին, որ ավելի շատ շահույթ ստանան՝ բացարձակապես չմտահոգվելով ոչ ապագայի, ոչ էլ ուղևորների անվտանգության մասին: Լավ, բա հետո՞: Այդ բոլոր մեքենաները շուտով շարքից դուրս են գալու, իսկ նորերը չկան: Քաղաքային իշխանությունները դրանով բացարձակապես չեն մտահոգվում: Այս ոլորտը նրանց համար շահույթ ստանալու ևս մեկ աղբյուր է ընդամենը: Էլ չեմ խոսում, որ ընկնելով գերշահույթի հետևից՝ վարորդներին այնպիսի վիճակի մեջ են դնում, որ նրանք ստիպված են առավոտից մինչև ուշ գիշեր աշխատել և աշխատել գերծանրաբեռնել մեքենաները, որ կարողանան համ այդ չարաբաստիկ «պլանը» վճարեն, համ էլ մի բան տանեն տուն: Ու դա նրա համար, որ պարոն Տարոնը թանկարժեք կոնյակներ ու բաժակներ բաժանի իր հյուրերին ու էլ չգիտեմ՝ ինչի վրա վատնի քաղաքային բյուջեն:

Բոլոր քաղաքակիրթ երկրներում հասարակական տրանսպորտի աշխատանքի ապահովումը շատ բարդ ու պատասխանատու ոլորտ է, որը լուրջ մենեջմենթ է պահանջում: Իսկ մեր երկրում այն բարձիթողի վիճակում է: Չնայած, բոլոր ոլորտներն են այդպիսին: Դա նրանից է, որ իշխանությունները պետությունը դիտարկում են պարզապես որպես փող աշխատելու տարածք: Խոպան են եկել Հայաստան:

Նարեկ Սանթուրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը