Կարծիք

21.10.2016 12:55


Հայաստանի գրավչությունն իր քրիստոնեական ենթադրյալ «դեմքը» չէ

Հայաստանի գրավչությունն իր քրիստոնեական ենթադրյալ «դեմքը» չէ

«Այնտեղ, ուր համբուրվում են երկինքն ու երկիրը»

Կառավարության նոր ծրագրով զբոսաշրջության զարգացման նպատակով պետք է շրջանառության մեջ դրվի «Հայաստանը՝ առաջին քրիստոնեա երկիր» բրենդը: Այս մոտեցումը զբոսաշրջության զարգացման առումով ոչ մի նոր բան չի տա Հայաստանին, քանի որ նախ Հայաստանն առաջին քրիստոնյա երկիրը չի և այդպիսին էլ չի հիմա: Գուցեև Տրդատը քրիտոնեություն ընդունած առաջին թագավորն էր, բայց դրանով երկիրը քրիստոնյա չդարձավ և հիմա, առավել ևս, քրիստոնյա չի, թեև բնակչության 80 տոկոսն իրեն կրոնական առումով կինքնանույնացնի որպես քրիստոնյա: Սխալ է Հայաստանի մոտ հինգհազարամյա մշակույթից շեշտադրում անել նրա 1700–ամյա հատվածի վրա, երբ նրա մյուս ժամանակաշրջանը նույնպես գրավիչ կարող է լինել պատմամշակութային տուրիզմի սիրահարների համար, բայց նրա այդ մասը ներկայացնող այցելավայրերը լավ վիճակում չեն:Եվ, բացի այդ, Հայաստանի ներգնա տուրիզմի հիմնական սպառողներն այս օրերին օտարազգիներից իրանցիները, եվրոպացիները և ռուսներն են և, անշուշտ, հին ու նոր սփյուռքահայերը: Այս թիրախային խմբերից և ոչ մեկի համար Հայաստանի գրավչությունը իր քրիստոնեական ենթադրյալ «դեմքը» չէ: Բացի իր պատմաճարտարապետական հուշարձաններից Հայաստանի բնությունը շատ ներկայացնելու բան ունի։ Օրինակ՝ միայն Դիլիջանի ազգային պարկում ապրում է 140 տեսակի թռչուն, երբ ողջ եվրոպայում մոտ 700 տեսակի թռչուն կա, իսկ, օրինակ, Մեծ Բրիտանիայում՝ մոտ երեք միլիոն թռչնասերների միության անդամներ: Առողջարանային տուրիզմի մասով շատ լավ հնարավորություններ ուներ Ջերմուկը, բայց այն շուտով կդառնա հանքափորային քաղաք: Մի խոսքով Հայաստանը շատ ավելի բազմադեմ կարող է ներկայանալ աշխարհին, որի մեջ, անշուշտ, իր ուրույն դեմքը կարող է ունենալ քրիստոնեությունը: Ամեն երկիր ունի իր տուրիստական կարգախոսը. Հայաստանի համար ես կառաջարկեի «Այնտեղ, ուր համբուրվում են երկինքն ու երկիրը»: Մեջը թե՛ պոեզիա կա, թե՛ էրոտիկա և թե՛ ինտրիգ: Իմիջմեյքերական ընկերությունն այսպիսի կարգախոսի համար կես միլիոն դոլար փող կուզեր, իսկ ես տալիս եմ ձրի: Մնում է՝ վերցնող լինի:

Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը