Հարցազրույց

Դեկտեմբեր 22, 2016 10:15

Հմայակ Հովհաննիսյան. «Ո՞վ պետք է պաշտպանի 1988 թվականի քաղաքական ժառանգությունը»

Հմայակ Հովհաննիսյան. «Ո՞վ պետք է պաշտպանի 1988 թվականի քաղաքական ժառանգությունը»

Հարցազրույց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հետ:

-ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է քաղաքական ու, մասնավորապես, ընտրական գործընթացներին ակտիվորեն մասնակցելու իր պատրաստակամության մասին։ Ինչպե՞ս եք գնահատում նրա այդ հայտը։

-Դրական եմ գնահատում: Մի իրավիճակում, երբ պետության առաջին նախագահը հանդես է գալիս երկրի գործող նախագահի հետ ձեռք ձեռքի տված, Իլհամ Ալիևի հակահայ պահանջների կատարման օգտին, բացեիբաց կշտամբում է իշխող կուսակցության անդամներին ու պետական պաշտոնյաներին «հասարակությանը խաղաղության նախապատրաստելու և դրա ընդդիմախոսներին հակադարձելու գործում իրենց նախագահին լքելու, մենակ թողնելու մեջ», պատերազմի հերոս զորավարը հայտարարում է հրապարակային քաղաքականություն մուտք գործելու և առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին:

-Ինչո՞ւ հիմա արվեց այդ հայտարարությունը:

-Ցավոք սրտի, մեր քաղաքական մեկնաբանները (էլ չեմ խոսում քաղաքական գործիչների մասին) չընկալեցին, թե ինչու է հենց այժմ այդ հայտարարությունն անում Սեյրան Օհանյանը, ով դեռ ամիսներ առաջ էր հրաժարվել իրեն առաջարկված բարձր պաշտոններից: Ոչ ոք չհասկացավ, որ դա Արցախը հանուն խաղաղության զիջելու կարգախոսով «օրվա իշխանություններին զորավիգ կանգնելու» ու առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու Լևոն Տեր-Պետրոսյանի հայտի պատասխանն է: Ոչ ոք չհասկացավ, որ մի իրավիճակում, երբ Սերժ Սարգսյանը, փաստորեն, դրժել է 1998 թվականի արդյունքները և պատրաստ է հաշտվել առաջին նախագահի քաղաքական ռևանշի հետ, Սեյրան Օհանյանը փորձում է պաշտպանել 1999 թվականի հոկտեմբերի 27-ին գլխատված և այսօր ռևանշիստների ու ուխտադրուժների կողմից ոտնակոխ արվող «Միասնություն» դաշինքի քաղաքական ժառանգությունը: Այդ ժառանգության անքակտելի մասն են 1998 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանին և ՀՀՇ-ին իշխանությունից հեռացնելու այն գնահատականները, որոնք տվել են անձամբ Կարեն Դեմիրճյանը և Վազգեն Սարգսյանը: Հիշեցնեմ, որ Կարեն Դեմիրճյանը գնահատում էր ՀՀՇ հեռացումը իշխանությունից որպես անհրաժեշտություն, որը, ինչպես ինքն էր ասում, բացեց «քաղաքական դաշտը»՝ հնարավոր դարձնելով իր վերադարձը ակտիվ քաղաքական գործունեություն: Ինչ վերաբերվում է Վազգեն Սարգսյանին, ապա սպարապետն այն երեք գլխավոր այրերից մեկն էր, ովքեր նախաձեռնեցին և իրականացրեցին ՀՀՇ և առաջին նախագահի հեռացումը: Հիմա, երբ Վազգեն Սարգսյանը ֆիզիկապես բացակայում է, իսկ Ռոբերտ Քոչարյանը որևե մտադրություն՝ մասնակցելու 2017 թվականի ԱԺ ընտրություններին, չի ցուցաբերում, ո՞վ պետք է բարձրացնի Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից նետած ձեռնոցը և պաշտպանի 1988 թվականի քաղաքական ժառանգությունը: Ո՞վ պետք է պաշտպանի առաջին նախագահի կողմից ծաղրի ենթարկվող «ոչմիթիզհողականներին» կամ հաղթական ստատուս-քվոյի ադեպտներին, որոնց մի զգալի մասը պառկած են Վազգենի կողքին Եռաբլուրում և չեն կարող հակազդել ոչ ռևանշիստներին, ոչ էլ ուխտադրուժ հանրապետականներին, իսկ մի մասն էլ Սերժ Սարգսյանի հրահանգով նետվել է բանտեր և ստիպված է զբաղվել սեփական պաշտպանության հարցով: Եթե խոր մտածեք այս հարցի շուրջ, կհասկանաք, թե ինչու է իմ վաղեմի բարեկամ Արթուր Ալեքսանյանը՝ հայտնի գնդապետ Ամարասի Արթուրը, մեծ ոգևորությամբ ողջունել Ազգային հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի մուտքը հրապարակային քաղաքականություն և ԱԺ ընտրություններին մասնակցելու նրա որոշումը:

-Քաղաքական դաշտում ոչ իշխանական հատվածի համախմբման հնարավորություններն ինչպե՞ս եք գնահատում։ Օհանյանն ունի՞ համախմբմանը նպաստելու պոտենցիալ։

-Մինչև ընտրությունները կարճ ժամանակ է մնում, իսկ իշխանություններն ամեն ինչ անում են առանց այդ էլ պառակտված քաղաքական դաշտում բաժանարար գծերը է՛լ ավելի խորացնելու համար: Հենց այդ նպատակով էլ ասպարեզ են նետվում այնպիսի թեմաներ, ինչպիսին է «պատերազմ կամ խաղաղությունը», կամ էլ մի ուրիշ անհեթեթ առաջարկություն՝ սահմանազատվել ըստ աշխարհաքաղաքական կողմնորոշումների: Այսպես կոչված «աշխարհաքաղաքական կողմնորոշումներով» դաշինքների ստեղծումը հրահրվում է իշխանությունների կողմից և միտված է երկու նպատակի իրականացմանը: Նախ՝ ինչպես ես արդեն ասացի, նպատակ է դրվում խոչընդոտել ընդդիմության ամբողջական և լիարժեք համախմբումը: Երկրորդ՝ «աշխարհաքաղաքական կողմնորոշումներով» դաշինքների ձևավորման միջոցով Սերժ Սարգսյանը ձգտում է ստեղծել ներքաղաքական ռեսուրս՝ քաղբանտարկյալների հարցով արտաքին ճնշումներին դիմակայելու համար: Խորհրդարանում պետք է լինեն ձեռնասուն «արևմտամետներ», որոնք անընդհատ պետք է «կռիվ տան» ձեռնասուն «ռուսամետների» հետ, և արդյունքում ոչ միայն հասարակական ուշադրությունը կշեղվի այդ ուղղությամբ, ու Սերժը ներքաղաքական ասպարեզում մանևրելու հնարավորություններ կստանա, այլ նաև արտաքին քաղաքական ասպարեզում նա այդ նույն շինծու «արևմտամետների» ու «ռուսամետների» միջոցով հնարավորություն կունենա բացատրել տարբեր ուժային կենտրոններին, թե ինչու է անհրաժեշտ, օրինակ, ժողովրդին խաղաղության նախապատրաստելու համար ազատամարտիկներին, որպես «ահաբեկիչների», պահել բանտերում: Ամենացավալին այն է, որ մեր հասարակության մի մասը պատրաստ է «կուլ տալ» այս խայծերը՝ չգիտակցելով, որ «կողմնորոշում» հասկացությունը ոչ այլ ինչ է, քան «սառը պատերազմի» ժամանակների մնացուկ, որը երկբևեռ աշխարհի փլուզումից հետո և բազմաբևեռ աշխարհի ձևավորման պայմաններում պարզապես իմաստազրկվել է: Ինչ վերաբերում է այս պայմաններում առավելագույն աստիճանի համախմբման հասնելու հնարավորություններին և, մասնավորապես, Սեյրան Օհանյանի ներուժը այդ գործում օգտագործելուն, ապա որոշակի և լուրջ հնարավորություններ ես այստեղ տեսնում եմ: Առաջիկայում այդ հնարավորությունների մասին հատուկ կխոսեմ, իսկ այսօր մարտավարական նկատառումներից ելնելով՝ թույլ տվեք այսքանով սահմանափակվել:

-Իսկ ինչպիսի՞ քաղաքական զարգացումներ եք կանխատեսում ապրիլյան ընտրությունների համատեքստում։

-Հուսով եմ, որ ընդդիմությանը կհաջողվի համախմբվել և միասնական ցուցակով մասնակցել ընտրություններին: «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղխորհրդում մենք ի սկզբանե այն համոզմունքին էինք, որ պետք է վճռականորեն հակազդենք ազգային գործիչներին բաժանելու՝ «արևմտամետների» և «ռուսամետների», «խաղաղասերների» և «պատերազմատենչների», ղարաբաղցիների, «ախպարների» և այլն, բոլոր փորձերին, որոնք միշտ բխում են ժողովրդին կողոպտող և «բաժանիր, որ տիրես» մարտավարությունը որդեգրած հանցագործ վարչախմբի շահերից: Մի՞թե ձեռնտու չէ իշխանության ղեկին կանգնած ավազակներին Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին «համագումարային» ճառի հետևյալ ապշեցուցիչ թեզը. «Հայաստանը բնակչությունից դատարկվում է ոչ այնքան սոցիալական ծանր պայմանների, աղքատության, արդարության բացակայության և կոռուպցիայի, որքան պատերազմի վերսկսման տևական վտանգի պատճառով»: Եթե իսկապես այդպես է, ապա ինչո՞ւ 2004–2006 թվականներին, ըստ վիճակագրության, երկիր վերադարձածների թիվը սկզբից հավասարվեց, իսկ հետո նույնիսկ սկսեց գերազանցել երկրից հեռացողների թիվը: Ուրեմն, դրան հնարավոր էր հասնել ստատուս-քվոյի պահպանման և «պատերազմի վերսկսման տևական վտանգի պայմաններում»: Ոչ միայն հնարավոր էր, այլ պատերազմի վերսկսման վտանգն այն ժամանակ՝ Հայաստանի զարգացման մեջ դրական միտումներ ի հայտ գալու պայմաններում, էապես նահանջեց: Որովհետև ոչ թե պատերազմական վտանգի պատճառով է տնտեսությունը քայքայվում, և ազգաբնակչությունը փախչում երկրից, այլ հակառակը՝ տնտեսության անկումը և ազգաբնակչության նվազումը խրախուսում են թշնամուն վերսկսելու պատերազմական գործողությունները: Ամեն դեպքում, առաջին նախագահի այս դատողությունները ցույց են տալիս, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները լոկ խորհրդարանական տեղերի համար պայքար չեն: Պարզ է, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում պետք է կարգավորվի արցախյան հիմնահարցը, իսկ այս ընտրությունները լինելու են այդ հինգ տարիների կտրվածքով միակ համապետական ընտրությունները: Այդ ընտրություններով ձևավորվելու է և՛ օրենսդիր, և՛ գործադիր իշխանություն: Այդ ընտրություններից է կախված Հայաստանի և Արցախի ճակատագիրը: Այո՛, նախկին պաշտպանության նախարարները, պատերազմում հերոսացած գեներալները միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում պետք է մտնեն հրապարակային քաղաքականության հորձանուտ: Այն ժամանակ, երբ ունեն ծանրակշիռ հիմքեր մտածելու, որ կան հայրենիքի պաշպանունակության բարձրացմանը խոչընդոտող քաղաքական հանգամանքներ, որոնք անհրաժեշտ է արմատախիլ անել: Իսկ դրա համար անհրաժեշտ է համախմբվել: Բայց ինչպե՞ս համախմբվել, եթե վարչախումբը նպատակասլաց դրան խանգարում է: Ես ունեմ այդ հարցի պատասխանը՝ պետք է խուսափել քաղաքական ուժերի հետ հասարակության աչքերից հեռու բանակցություններից և ապավինել Հայաստանի քաղաքագետների միության կողմից 2012 թվականի ԱԺ ընտրարշավի ժամանակ գործի դրված հրապարակային միջկուսակցական քննարկումների իմ հայտնի տեխնոլոգիային: Այն ժամանակ այդ տեխնոլոգիայի կիրառման շնորհիվ հաջողվեց սկզբից ձևավորել ընտրությունների օրինականության վերահսկման խնդրի շուրջ քաղաքական ուժերի համախմբման հանրային պահանջ, իսկ հետո կուսակցությունների ղեկավարներին հավաքել մի սեղանի շուրջ և ձևավորել ընտրությունների օրինականության վերահսկման միասնական միջկուսակցական շտաբ: Այսօր պետք է ձգտել հասնելու ավելիին՝ ոչ միայն ձևավորել միասնական շտաբ, այլ ընտրություններին մասնակցել միասնական ցուցակով: Սա՛ է երկրում արմատական բարեփոխումների հասնելու բանալին:

Հարցազրույցը վարեց Նելլի Ավագյանը

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

ԱՀ ԱԳՆ․ « Բաքուն ինքն է ամեն կերպ խոչընդոտում»

ԱՀ ԱԳՆ․ « Բաքուն ինքն է ամեն կերպ խոչընդոտում»

Հուլիս 19, 2017 00:45 Արցախի պետականության և նրա ինստիտուտների ամրապնդման անշրջելիությունը նյարդային արձագանք է հարուցում Ադրբեջանում։
Հենրիխ Մխիթարյան. Մեծ պատիվ է գիտակցել, որ ամբողջ հայ ազգն ինձ հետ է

Հենրիխ Մխիթարյան. Մեծ պատիվ է գիտակցել, որ ամբողջ հայ ազգն ինձ հետ է

Հուլիս 18, 2017 00:25 Պատասխանատվություն է միշտ լավ ելույթ ունենալ։
Ռուբեն Կարապետյան․ «Ադրբեջանի կողմից փորձ է արվում քարոզչական ֆոն ապահովել պատերազմի վերսկսման համար» (տեսանյութ)

Ռուբեն Կարապետյան․ «Ադրբեջանի կողմից փորձ է արվում քարոզչական ֆոն ապահովել պատերազմի վերսկսման համար» (տեսանյութ)

Հուլիս 11, 2017 23:03 Վերջին 5 տարիներին Հայաստանի դիվանագիտական կորպուսում հստակ քաղաքականություն չկա։
Լ. Մնացականյան․ Արցախի բանակը երբևէ նախահարձակի դերում հանդես չի եկել

Լ. Մնացականյան․ Արցախի բանակը երբևէ նախահարձակի դերում հանդես չի եկել

Հուլիս 05, 2017 17:10 Երբևէ չի թիրախավորել խաղաղ բնակավայրերը։
Սիմոն Մարտիրոսյան. Առաջիկայում կփորձեմ բարձրացնել ռեկորդային քաշը

Սիմոն Մարտիրոսյան. Առաջիկայում կփորձեմ բարձրացնել ռեկորդային քաշը

Հունիս 28, 2017 08:37 Իմ գլխավոր նպատակն օլիմպիական ոսկին է:
Երվանդ Բոզոյան. «Երբ երկրում չկա վստահության մթնոլորտ, տնտեսության մեջ ոչ մի ֆունդամենտալ փոփոխություն չի կարող տեղի ունենալ»

Երվանդ Բոզոյան. «Երբ երկրում չկա վստահության մթնոլորտ, տնտեսության մեջ ոչ մի ֆունդամենտալ փոփոխություն չի կարող տեղի ունենալ»

Հունիս 27, 2017 13:10 «Պետք է մթնոլորտը փոխվի երկրում, պետության նկատմամբ հավատ արթնանա մարդկանց մոտ»:
Հովհաննես Բաչկով. «Իմ բոլոր հաղթանակները նվիրում եմ հայ ազգին»

Հովհաննես Բաչկով. «Իմ բոլոր հաղթանակները նվիրում եմ հայ ազգին»

Հունիս 26, 2017 20:42 Վաղուց էի ձգտում հաղթանակի։
Հենրիխ Մխիթարյան. Ցանկանում եմ ավելի շատ տիտղոսներ նվաճել

Հենրիխ Մխիթարյան. Ցանկանում եմ ավելի շատ տիտղոսներ նվաճել

Հունիս 24, 2017 00:24 Շատ երջանիկ էի Եվրոպա լիգայում հաղթելու համար:
Մխիթարյանի հիշողությունները դպրոցական տարիներից

Մխիթարյանի հիշողությունները դպրոցական տարիներից

Հունիս 22, 2017 22:13 Դպրոցում ես միշտ կենտրոնացած էի:
Փոստանջյան. «Ելք»-ը ստեղծվել է իշխանության կողմից»

Փոստանջյան. «Ելք»-ը ստեղծվել է իշխանության կողմից»

Հունիս 16, 2017 16:05 «Որպեսզի ընդդիմության անվան տակ ծառայություններ մատուցի գործող ռեժիմին»:
Ինչո՞ւ է հակառակորդը կրկին հիշեցնում «ТОС»-ի մասին

Ինչո՞ւ է հակառակորդը կրկին հիշեցնում «ТОС»-ի մասին

Հունիս 15, 2017 14:58 Որքանով է արդյունավետ օգտագործում։
Արթուր Ոսկանյան. «Պետք է համբերատար լինեինք և օգտագործեինք հարմար պահերը»

Արթուր Ոսկանյան. «Պետք է համբերատար լինեինք և օգտագործեինք հարմար պահերը»

Հունիս 15, 2017 12:57 Սպասում էինք, որ դժվար խաղ է լինելու:
Արթուր Պետրոսյան. «Երբեք չեմ ասել, որ մենք մասնակցելու ենք աշխարհի առաջնությանը»

Արթուր Պետրոսյան. «Երբեք չեմ ասել, որ մենք մասնակցելու ենք աշխարհի առաջնությանը»

Հունիս 11, 2017 09:15 Տղամարդիկ երիտասարդների դեմ էին խաղում։
Երվանդ Բոզոյան․ «Հոգնած հասարակությանը բնորոշ պետական համակարգ է գործում երկրում»

Երվանդ Բոզոյան․ «Հոգնած հասարակությանը բնորոշ պետական համակարգ է գործում երկրում»

Հունիս 10, 2017 09:13 Հասարակությունն ինքն իր ձեռքերով իրեն ջլատեց․ անառողջ պատկերացումներով հիվանդ հասարակություն է:
Արթուր Պետրոսյան. «Հենրիխը պետք է թիմին, իսկ թիմը` Հենրիխին»

Արթուր Պետրոսյան. «Հենրիխը պետք է թիմին, իսկ թիմը` Հենրիխին»

Հունիս 10, 2017 08:40 «Մեկը դաշտում զինվոր չէ»։
Մոնիկա Մխիթարյան․ «Ֆուտբոլը մեր ընտանիքի երկրորդ կրոնն է» (լուսանկար)

Մոնիկա Մխիթարյան․ «Ֆուտբոլը մեր ընտանիքի երկրորդ կրոնն է» (լուսանկար)

Մայիս 23, 2017 10:08 Կյանքում ոչ մի բան հեշտ չի տրվում։
Սամվել Բաբայանի փաստաբան․ «Մամուլը բստրել է»

Սամվել Բաբայանի փաստաբան․ «Մամուլը բստրել է»

Մայիս 19, 2017 14:36 Նոր ապացույցներ չեն ներկայացվել։