Կարծիք

27.01.2017 15:10


Փաստորեն, բյուջեում փող չկա, փաստորեն, գանձարանն իսկապես դատարկ է

Փաստորեն, բյուջեում փող չկա, փաստորեն, գանձարանն իսկապես դատարկ է

Վաղը հայոց պետականության բացառիկ տոներից մեկն է՝ Հայոց բանակի 25–ամյակն է։ Երկար ժամանակ է, ինչ ամենուր փնտրում եմ տոնն ազդարարող որևէ խորհրդանիշ և ոչ մի կերպ չեմ գտնում։

Պետության ու ժողովրդի կարևորագույն կառույցի հոբելյանն անպայմանորեն պետք է որ քարոզչական բացառիկ առիթ լիներ ցանկացած իշխանության համար։ Փողոցներն ու հրապարակները պետք է լցված լինեին թեկուզ և ճաշակային խիստ վերապահումներ ենթադրող, բայց գոնե արտաքուստ տոնական և հայրենասիրական պաստառներով և կարգախոսներով։ Մայթեզրերն ու կամուրջները զարդարված պետք է լինեին եռագույններով և տոնական լուսավորությամբ։
«Այսինչն ու այնինչը իմ զենքն են», «Իմ անունն է հայկական բանակ», «Դու իմ զինվորն ես», կամ թրերի սրության ու ամրության մասին խրորխտ կարգախոսները պետք է փորձեին ջերմացնել ու հպարտությամբ լցնել կոմունալների գներից և չնահանջող, ցրտից սառած ու հուսալքված մեր քաղաքացիների սրտերն ու հոգիները։ Այս ամենը նորմալ իշխանությունների պարագայում կարող էր լինել։ իշխանության մասին է։ Սակայն սրանք իշխանություն չեն։ Սրանցը յուրահատուկ թայֆա է, որն արդեն վաղուց իշխանության գործառույթներ չի իրականացնում։

Երկրի քաղաքական դաշտն ամբողջովին ապաքաղաքականացված ու բազառի վերածած, տնտեսությունն ամբողջովին քանդած, կրթությունն ու առողջապահությունը տանուլ տված, բնությունը բռնաբարած և ժողովրդին ծայրահեղ աղքատության մեջ թաղած, երկիրը անդունդի եզրին հասցրած ու մանավանդ տարածքային ամոթալի ու դավադիր կորուստներ գրանցած թայֆան ինչպե՞ս կարող է գիտակցել մեծագույն ձեռքբերումներից մեկի կարևորությունը։

Հոգեվարքի մեջ գտնվող խունտայի համար այլևս չեն գտնվելու այն երևելիները, ովքեր իրենց դեմքը «նվիրեն» քարոզչական կապիկությունների համար, իսկ պաստառներից պիտի հորդի ոհմակի իրական պատկերը՝ «իմ զենքը շմայսն ու լիսկան են», «իմ զենքը 80–ականների է», «իմ զենքը քիրվայությունն է ու իմ թարս բուսնած խիարը», «իմ իսկանդերը բանկա–բութուլկան է», «իմ բանակը քանդվող ոհմակն է», «իմ զինվորը ՀՀԿ տատիկն ու թաղի խուժանն են», «մեր ջիփերը թանկ ու զրահապատ են» և «իմ անունն է... անանուն, անթասիբ, անկուշտ ու անպետք»։
Դրոշներ ու փուչիկներ կախելն էլ նրանց համար չէ, իսկ եթե կախելու որևէ բան կա, ապա դրանցից յուրաքանչյուրի վզին պետք է զանգ կախել, իսկ փուչիկների մասով՝ իրենց մեջ դրա պակասը չկա (Կարեն Ավագյանի ականջը կանչի)։

Վաղը Հայոց բանակի 25–ամյակն է։ Մեր բանակի՝ բոլորիս բանակի տոնն է։ Մեր բանակը յուրաքանչյուրս ենք՝ Բեկորն ու Մոնթեն, Թաթուլն ու Դուշմանը, մեր բանակը խոցված ուղղաթիռի անձնակազմի մարմինները դուրս բերող տղերքն են։ Մեր բանակը կապիտան Արմենակ Ուրֆանյանը, Հովսեփ Կիրակոսյանը, Քյարամ Սլոյանն ու մեր մյուս երեխեքն են։ Մեր բանակը Ռոբերտ Աբաջյանն է, ով թողեց իր պատանեկան պատգամը. «Էս դիրքը հանձնողի մերը...»։ Եվ դուք այն հանձնեցիք ու անվանեցիք անկարևոր տարածք։ Մեր բանակն անցյալ ապրիլին առյուծի պես կռվող երեխեքն են, որոնց տարելիցի օրը «ընտրություն» կոչվող կապիկությամբ ուզում եք պղծել ձեր թաղային խուժանով ու պիտբուլներով։ Եվ, իհարկե, մեր բանակն այն հազարավոր ահել–ջահելներն են, որոնք մեկ վայրկյանում դարձան մեկ բռունցք, ու մեր զինվորին ձեր չհասցրած հագուստն ու կոշիկը, սնունդն ու սերը, հոգատարությունն ու ջերմությունը հասցրին, իսկ ձերը ընդամենը հազար դրամ մուրալն ու քերթելն է, մեկ էլ ծիծակ կոշիկներով դիրքերում սելֆի անելը։

Վաղը թայֆայով գնալու եք Եռաբլուր։ Դեմքի ոչինչ չարտահայտող հայացքով գնալու եք Աշոտ Նավասարդյանից ու Վազգենից, հանգչող տղաներից, ապրիլյան քառօրյայի մեր լույս երեխեքից թուք ու մուր ուտելու։

Լավ, պատիվ ու նամուս չունեք՝ հասկացանք, բայց մարդամեջ եք ելնում, գալիս մեր տոնը փչացնում եք, որ ի՞նչ անեք։ Հետո կգնաք կմտնեք ձեր դահլիճները, իրար զանգուլակ կամ մեդալ կբաժանեք և այդ ամբողջ ընթացքում պիտի հիշեք 800 հա անպետք տարածքն ու Ռոբերտ Աբաջյանի պատգամը՝ «Էս դիրքը հանձնողի մերը...»։

Իսկ ժողովուրդը չի ընդունում ու հանդուրժում պատգամից թռնողներին ու ճիշտ պահին օգտագործելու է իր ամենաուժեղ զենքը՝ «Իմ զենքն իմ քվեն է», և այդ կռվում զինվոր է դառնալու յուրաքանչյուրը, որովհետև Հայոց հաղթական բանակի հաջորդ տարեդարձը պետք է տոնվի առանց գաղջ մթնոլորտի։

Գոռ Գասպարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը