Կարծիք

12.02.2017 12:58


Փնտրվում է ոչ թարս աճող խիար

Փնտրվում է ոչ թարս աճող խիար

Այն, որ երկրի ներսում ամեն ինչ կայուն տաղտկալի վիճակում է` հայտարարվել էր ամենաբարձր մակարդակով. տիրում է գաղջ մթնոլորտ։

Այն, որ դրա դեմ բողոքելն ու ավելի բարվոք պայմաններ ցանկանալն ու պահանջելը անշնորհքություն և ապակայունացում է նշանակում, նույնպես հայտարարվել էր առաջին դեմքով. եկել` մեր տոնը խանգարում եք, որ ի՞նչ անեք։

Այն, որ իշխանություն լինելն ու այն պահելն ընդամենը ազարտի ու հավեսի խնդիր է, այլ ոչ թե վաստակած քվեի, դարձյալ պաշտոնական հաղորդագրության կարգավիճակով հրամցվեց, ինչքան տոկոս ուզենք` այնքան էլ կխփենք։

Այս ամենի հանրագումարն էլ ժողովրդական բանահյուսությունը և գյուղատնտեսական բանիմացությունը վարպետորեն օգտագործելով, երկրի ամբողջական վիճակի ամփոփ նկարագիրն էր` երկրի վիճակի ու մթնոլորտի համար թիվ 1 պատասխանատուի շուրթերից. «Խիարը թարս ա աճում»։

Քաղաքագիտական մտքի վերոհիշյալ նորամուծություններն, անկասկած, իրենց արժանի տեղը կգտնեն մասնագիտական բառարանների «նանսենոներ» կոչվող բաժնում։ Եվ եթե երջանիկ պատահականությամբ, տարիներ հետո հնարավոր լինի ուսումնասիրել դեռևս գոյություն ունեցող անկախ Հայաստանի քաղաքական պատմությունը, ինչպիսի՞ հետաքրքրությամբ ու զարմանքով են սերունդներն ըմբոշխնելու Եվրասիական միության ծայրամասերից մեկի գործածական լեզվի բանահյուսության գոհարները։

Խիար բուծողները միայն թարս աճող խիար գիտեն բուծել ու համոզված են, որ լավ են անում, բուծման այլընտրանքային եղանակի կողմնակիցներն ու եղած եղանակին ընդդիմադիր խիարագործները կամովին և ուժասպառ պարապուրդի են ենթարկված, իսկ ժողովուրդն էլ այս ամենից ու ամենքից զզված, բանջարաբոստանային «քցոցիներից» ու «կզոցիներից» հոգնած, և խակ ու դառը խիարից մինչև կոկորդը կուշտ՝ արտագաղթում է, որպեսզի իր երեխաները չդառնան ապաշնորհ ու ամբարտավան խիարագործների նոքյարը։
Պատկերը, սակայն, բոլորովին այլ է երկրից դուրս։ Այստեղ ո՛չ գաղջ մթնոլորտի, ո՛չ խփվող տոկոսների, և ոչ էլ, մանավանդ, խիարի թարս ու շիտակ աճելու մասին կոնսենսուս չկա։ Ռուսները խիարն ու խիարագործներին լրիվ նույնացրել ու երկիրն ընկալում են ընդամենը որպես պոլիգոն, եվրոպացիք խիարի վարպետ լինելով՝ տմարդություն արեցին և չհամաձայնվեցին իրենց խիարի տեղ դնելու ավանտյուրիստական փորձերին, ամերիկացիներն անընդհատ խոստանում, բայց չեն տալիս խիարագործության զարգացման համար այդքան անհրաժեշտ և խիարագործների անձնական յուրացումների ու ատկատների համար այդքան հարմար «Հազարամյակի մարտահրավերների» սնուցող գումարները։ Ու էս նեղ մաջալին էլ, երբ առանց այն էլ ո´չ ներսում, ո´չ դրսում այլևս ոչ ոք չի լսում ու հավատում խիար-խիար հեքիաթներին, պարսիկներն էլ իրենց հերթին որոշեցին ժողովրդին ասել, թե` բա գիտե՞ք, հայ ժողովուրդ ջան, ձեզ ձեր բոստանչի ղեկավարներն իսկականից խիարի տեղ են դրել, գազի գինը հեչ էլ էն չի, ինչ որ ասում են։

Դե հիմա, խեղճ բոստանչի ղեկավարություն, ո՞նց չասի. «Էս բոլոր կողմերից եկել-հավաքվել, մեր փայ իշխանական կայֆերն ու ժամանակը հարամ եք անում, չորս կողմից նեղում եք, որ ի՞նչ անեք»։
Տարբերությունը, սակայն, այն պարզ իրողությունն է, որ դրսի ոչ մի գոսպոդին, միստր կամ էֆենդի, այնքան խիար չէ, որ իր բոստանի բարեկարգումն ու ընդլայնումը թողած՝ սրտաճմլիկ հոգատարությամբ զբաղվի ուրիշի բոստանի գաղջ մթնոլորտը թարմացնելով։ Մանավանդ, որ բոլորի աչքի առաջ և ի լուր բոլորի, հայտարարվում է, թե իմ բոստանում խիարը թարս է աճում։
Համաշխարհային պատմությունն ու մարդկության հավաքական հիշողությունը խիարաբուծության միայն մեկ կանոն ունի. շողուլից ընկած, մուտացիայի ենթարկված, այլասերված թարս աճող խիարը հարկավոր է արմատախիլ անել և տնկել նորն ու շիտակը։

Գոռ Գասպարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը