Կարծիք

13.02.2017 13:40


ՀՀԿ-ի ջանքերով մեր սփյուռքն ավելացել է 210 հազար նոր «սփյուռքահայերով»

ՀՀԿ-ի ջանքերով մեր սփյուռքն ավելացել է 210 հազար նոր «սփյուռքահայերով»

Երկու շաբաթ անց մեկնարկելու է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, և կուսակցությունները, ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը, դաշինքները պետք է ներկայացնեն նախընտրական ծրագրեր։ Այդ ծրագրերով է, որ ժողովրդավար երկրներում քաղաքական ուժերը մրցում են միմյանց հետ։
Սակայն Հայաստանում կա մի կուսակցություն, որը նման ծրագրի կարիք չունի․ դա իշխող ՀՀԿ-ն է։ Պարզապես որևէ տրամաբանական իմաստ չկա, որ այս կուսակցությունը ծրագիր ներկայացնի, քանի որ նախորդ ընտրություններին՝ 2007 և 2012 թվականներին, ներկայացված ծրագրերի և ոչ մի դրույթ Հանրապետականը չի կատարել, չնայած որ այդ ուժը տնօրինել է երկրի բարձրագույն բոլոր պաշտոնները, ՀՀԿ-ականները ղեկավարել են Կառավարությունը, Ազգային Ժողովը, նախագահը եղել է հանրապետական, բոլոր՝ քիչ թե շատ ռեսուրս ունեցող պաշտոնյաները՝ գյուղապետից մինչև մարզպետ ու վարչության պետ՝ իր տեղակալներով, եղել են հանրապետական։

Բայց, չնայած այդ ամենին, Հանրապետական կուսակցությունը, կրկնում եմ, չի կատարել իր իսկ նախընտրական ծրագրի ոչ մի դրույթ՝ բացառությամբ մեկից։ Եթե հիշում եք, 2012 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի ծրագրում, որն ավելի շատ կենացների ժողովածու էր հիշեցնում, կար մի այսպիսի դրույթ, որ մենք պետք է ամուր սփյուռք ունենանք։ Եվ 5 տարիների ընթացքում ՀՀԿ-ի ջանքերով մեր սփյուռքն ավելացել է 210 հազար նոր «սփյուռքահայերով», որոնք ՀՀԿ-ի երեսից հեռացել են Հայաստանից։
Վերհիշենք մնացած կենաց-խոստումները․

«Ուժեղ եւ պաշտպանված Հայաստան յուրաքանչյուրի համար»: Սրան հակադրում ենք վերջին տարիներին թշնամու սանձարձակությունը, սահմանային լարվածության աճը՝ ապրիլյան պատերազմը 100-ից ավելի զոհերով ու կորցրած տարածքներով։
«Բազմապատկելու ենք Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ ցանկացած տեսակի ագրեսիայի դրսեւորման վտանգի կանխարգելմանն ուղղված դիվանագիտական ջանքերը»: Հիշենք Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի համար ոչ նպաստավոր այն բոլոր բանաձևերը, որ ընդունել են միջազգային կառույցները՝ ԵԽԽՎ-ն, ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ «երկկողմանի զսպվածության կոչերը» և այլն։

«Հայաստանի միջազգային հեղինակության ամրապնդում»: Այնքան ամրապնդեցին, որ մեր «դաշնակիցները» մեր հակառակորդի հետ գործում են մեր դեմ։
«Եվրոպական միության հետ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի կնքումը հասցվելու է ավարտին: Բարձրացնելու ենք Ռուսաստանի Դաշնության հետ կնքված առեւտրատնտեսական, ռազմական, էներգետիկ, գիտական, կրթական, մշակութային ոլորտներին վերաբերող պայմանագրերի իրագործման արդյունավետությունը»:

Մեկ բառ, այսինքն՝ հապավում, ԵՏՄ։ Այստեղ նաև կարող ենք հիշատակել համագործակցության արդյունավետության բարձրացման շրջանակներում Հայռուսգազարդի՝ Հայաստանի Հանրապետության բաժնեմասի վաճառքը։

«Ապահովելու ենք ֆինանսական կայունություն՝ ընդլայնելով ֆինանսական ծառայությունների շրջանակը եւ հասանելիությունը»: Դրամի արժեզրկում։

«Մեր տնտեսական քաղաքականությունն ուղղված է լինելու միջին եւ փոքր բիզնեսի կայացման եւ զարգացման երաշխիքների ստեղծմանը: Մենք պարտավոր ենք ապահովել հավասար մրցակցային պայմաններ եւ բացառել խոշոր բիզնեսի կողմից գերիշխող դիրքի չարաշահումները»։ Այստեղ ուղղակի խնդում ենք և անցնում առաջ։ Փոքր ու միջին բիզնեսը պարզապես մեռել է․․․այն, ինչ մնացել է, բացառություն է։

«Մենք ծրագրում ենք տնտեսական աճի նպատակադրումներից անցնել տնտեսական զարգացման հայեցակարգին: Մեզ, տնտեսական աճից բացի, եւ գուցե ավելի շատ, տնտեսական զարգացում է հարկավոր»: Եվս մեկ խնդալու առիթ։ Տնտեսությունն այնպիսի խոր ճգնաժամի մեջ է հայտնվել, որ մի քանի տարի կպահանջվի այն պարզապես վերականգնելու համար։ Այստեղ նաև ոչ միայն ներդրումների բացակայություն, այլև կապիտալի աննախադեպ արտահոսք կա՝ միայն վերջին 2 տարիների ընթացքում 1,5 մլրդ դոլար։ Աղքատության, գործազրկության և այլնի մասին էլ չեմ խոսում։

Այնպես որ, կարող են խոստանալ՝ ինչ ուզում են. գիտակից մարդը սրանց պարզապես չի կարող հավատալ։

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը