Լրահոս

01.03.2017 17:20


Վահանաձև գեղձի հիվանդություններ.որո՞նք են պատճառները և ինչպե՞ս կանխարգելել

Վահանաձև գեղձի հիվանդություններ.որո՞նք են պատճառները և ինչպե՞ս կանխարգելել

Հայաստանը հանդիսանում է վահանաձև գեղձի հիվանդություններ էնդեմիկ գոտի: Պատճառների ու բուժման արդյունավետ լուծումների մասին «Առողջապահական համակարգ» մասնագիտական պարբերականը զրուցել է Հայաստանում էնդոկրին վիրաբուժության հիմնադիր, «Սլավմեդ» բժշկական կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արա Արմենակի Թորոսյանի հետ:

Պարոն Թորոսյան, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում վահանաձև գեղձի հիվանդությամբ տառապող մարդկանց թիվը մշտապես աճում է: Ինչո՞վ է դա պայմանավորված:

- Հայաստանի բնակլիմայական պայմաններն են այդպիսին: Մարդու օրգանիզմը մոտ 25 մգ յոդ է պարունակում: Դրա մեծ մասը վահանաձև գեղձի մեջ է, որը կարգավորում է նյութափոխանակությունը, ուստի յոդի անբավարարությունը շատ լուրջ խնդիր է օրգանիզմի համար և հանգեցնում է մի շարք հիվանդությունների, որոնք ազդում են մարդու մտավոր և ֆիզիկական զարգացման վրա: Յոդի հիմնական աղբյուրը ծովի ջուրն է, Հայաստանում ծով չկա, իսկ լեռները մեզ փակում են ծովային քամիներից, ուստի մեր երկրի հողն ու ջուրը չեն հարստանում յոդով: Յոդի անբավարարությունն ու վահանաձև գեղձի հիվանդություններն ավելի հաճախ հանդիպում են կանանց շրջանում:

Վահանաձև գեղձը մեր օրգանիզմի արյան ամենաուժեղ սնուցումն ունեցող օրգանն է: Գեղձի կապսուլայի մեջ են գտնվում նաև հարվահանաձև գեղձեր, որոնք էլ կարգավորում են կալցիումի փոխանակությունը: Վահանաձև գեղձի ու հարվահանաձև գեղձերի արտադրանքները /հորմոններ և այլն/լուրջ դերակատարում ունեն սեռական, նյարդային, մկանային և ոսկրային համակարգերի, ինչպես նաև սրտի բնականոն գործունեության համար:

Հենց այդ պատճառով էլ պետք է առնվազն տարին մեկ անցնել անցնել կանխարգելիչ հետազոտություն. որքան վաղ հայտնաբերվի խնդիրը, այնքան հեշտ կլինի լուծումը: Ընդ որում, օրինակ եթե հորմոնալ խախտումներով ընթացող հիվանդություններն այս կամ այն կերպ ուղեկցվում են որոշակի գանգատներով և կլինիկական պատկերով, ինչը ստիպում է մարդկանց դիմել բժշկի, ապա վահանաձև գեղձի հանգույցների զարգացումն ուղեկցվում է առանց գանգատների: Հիվանդությունը հայտնաբերվում է պատահաբար, երբ առաջանում է պարանոցի դեֆորմացիա, կամ երբ հիվանդը անցնում է պրոֆիլակտիկ զննումներ, պարանոցի անոթների դուպլեքս քննություն կամ ուլտաձայնային հետազոտություն:

-Իսկ ինչպիսի՞ն է վիճակագրությունը: Դուք նկատո՞ւմ եք դրական տենդենց, որ ավելի շատ քանակությամբ մարդիկ են սկսել դիմել պրոֆիլակտիկ զննումների:

-Ուրախությամբ եմ արձանագրում, որ մարդիկ հետզհետե սկսում են ավելի ուշադիր լինել իրենց առողջության նկատմամբ, ժամանակին հետազոտվել, կանխարգելել վահանաձև գեղձի հիվանդությունների հնարավոր բարդությունները: Մի շարք թերություններով հանդերձ՝ համացանցը, բժշկական հաղորդումները նպաստեցին, որ մարդիկ ավելի իրազեկ և տեղեկացված լինեն:

ւռուցքների, վահանագեղձի այլ հիվանդությունների բուժման ի՞նչ լուծումներ է առաջարկում Ձեր ղեկավարությամբ գործող «Սլավմեդ» ԲԿ էնդոկրին վիրաբուժության ծառայությունը:

- Նախ նշեմ, որ էնդոկրին վիրաբուժության ծառայության հիմնական ուղղությունը բոլոր պաթոլոգիաներով վահանաձև գեղձի, հարվահանաձև գեղձերի հիվանդությունների բուժումն է և՛ կոնսերվատիվ, և՛ վիրահատական եղանակներով: Չնայած ռիսկայնությանը՝ցանկացած տեսակի ու բարդության վիրահատական ծավալ պահանջող միջամտություն մենք կատարում ենք, այդ թվում՝ ավշային հանգույցների հեռացում: Մեր ծառայությունը հաճախ է առնչվում նաև ծանր դեպքերի հետ: Օրինակ՝ վերջերս մեզ դիմել էր կին, ում տարբեր կլինիկաներ մերժել էին վիրահատել՝ ասելով, որ գեղձը վերածվել է հսկայական չափերի չարորակ ուռուցք է ու հեռացնել հնարավոր չէ: Ունեցել ենք նաև 8 տարեկան երեխա պացիենտ, ում թոքերում մետաստազներ էին սկսվել: Երկու հիվանդներին էլ ցուցաբերեցինք բարձր մակարդակի բուժօգնություն՝ ստանալով շատ լավ արդյունք:

-Ձեր կատարած միջամտություններից հետո հետվիրահատական շրջանը ինչքա՞ն է տևում:

-Մենք ապահովում ենք հիվանդների հետվիրահատական ապաքինման շատ կարճ շրջան՝ շնորհիվ որակյալ բուժօգնության, բարձրորակ դեղորայքի, արդյունավետ մեթոդների, գերժամանակակից սարքավորումների:Մենք նաև բոլոր ջանքերը ներդնում ենք, որ վիրահատությունից հետո սպին առավելագույնս անտեսանելի լինի ու բարդույթավորվելու պատճառ չդառնա:

-Տեխնիկական ինչպիսի՞ հագեցվածություն ունի Ձեր ծառայությունը:

-Էնդոկրին վիրաբուժության ծառայությունը հագեցած է վերջին սերնդի վիրահատական սարքավորումներով: Իսկ շնորհիվ ախտորոշման ժամանակակից մեթոդների՝ մենք հնարավորություն ունենք վաղ հայտնաբերել ուռուցքներն ու վահանաձև գեղձի այլ հիվանդությունները։

Արդյունավետ բուժումը սկսվում է ճիշտ ախտորոշումից։ Հետազոտությունների ի՞նչ շրջանակ եք ներկայացնում:

-Բուժօգնության մեջ կիրառում ենք բոլոր անհրաժեշտ լաբորատոր ու գործիքային ախտորոշիչ միջոցառումները, ընդհուպ մինչև բարակ ասեղային՝ 1 սմ-ից փոքր հանգույցների պունկցիոն բիոպսիաներ: Պունկցիաները կատարում ենք բացառապես սոնոգրաֆիայի հսկողության ներքո: Իրականացնում ենք նաև բարձր մակարդակի էլաստոգրաֆիա: Էլաստոգրաֆիան նորագույն ուլտրաձայնային մեթոդ է, որը ողջ աշխարհում կիրառվում է գոյացությունների տարբերակման համար: Հետազոտությունը կատարում ենք վահանագեղձի բարորակ և չարորակ գոյացությունների տարբերակման, ռեգիոնար ավշային հանգույցների վիճակի գնահատման նպատակով: Հետազոտությունը բացարձակ անվտանգ է և չունի հակացուցումներ: Ցանկության դեպքում մեր պացիենտները կարող են վերցնել իրենց պունկցիայի տեսագրությունը, առարկայական ապակիները:

Այս խորագրի վերջին նյութերը