Քաղաքական

05.03.2017 16:48


«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի 12 առաջարկները

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի 12 առաջարկները

Այսօր տեղի ունեցած «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ակտիվի հավաքի ժամանակ ներկայացվել են «365 օր» ծրագրի 12 առաջարկները։ Դրանք են՝

Առաջին. Բարձրացնել բանակի պայմանագրային զինծառայողների աշխատավարձը՝ հասցնելով այն 240 000 դրամի։

Սպայական և ենթասպայական կազմերի աշխատավարձը 320 000-ից հասցնել 480 000 դրամի։ Այս փոփոխությունները բյուջեի վրա կնստեն առավելագույնը 50 միլիարդ դրամ, սակայն արդյունքում մենք կկարողանանք ավելացնել պայմանագրային հիմունքներով զինծառայողների թիվը և ավելի գրավիչ կդարձնենք զինծառայողի կարգավիճակը։ Այս քայլով մենք կկարողանանք նաև 18 տարեկան նորակոչիկներին զերծ պահել առաջին գծում ծառայությունից։ Սա ունի նաև կարևոր դեմոգրաֆիկ նշանակություն, քանի որ լիցքաթափում է պարտադիր զինծառայության հանդեպ ունեցած վախը և դրանով պայմանավորված արտագաղթի երևույթները։

Երկրորդ. Դեմոգրաֆիկ խնդիրների լուծման համատեքստում մենք առաջարկում ենք նաև «մայրական կապիտալի» գաղափարը։ Գործարկել մայրերին ԻՐԱԿԱՆ աջակցության ծրագիրը։ Մեր մասնագիտական խմբի հաշվարկներով՝ միանգամայն իրատեսական է

- ծնվող առաջին երեխայի պարագայում հատկացվող միանվագ գումարը դարձնել 100 000,

- երկրորդինը` 500 000,

- երրորդինը` 1 միլիոն,

- 4-րդ երեխայի դեպքում` 2 միլիոն դրամ։

- Չորրորդ երեխայի ծնունդից հետո ձևավորել, այսպես կոչված, 3 միլիոն դրամանոց «մայրական կապիտալի անձնական հիմնադրամ», որը ծնողը կարող է օգտագործել իր հայեցողությամբ։

- երեխայի ծնվելուց հետո մայրերին հատկացվող ամենամսյա վճարները 18 000 դրամից դարձնել 30 000 դրամ, իսկ ժամկետը 2-ից դարձնել 3 տարի։ Այս ամենը՝ անկախ նրանից՝ մայրն աշխատում է, թե՝ ոչ։

Երրորդ. Սոցիալական աղետալի վիճակից դուրս գալու, արտագաղթի տեմպերը կանխելու նպատակով՝ արմատական լուծումներ փոքր բիզնեսի համար։ Փոքր՝ մինչև 60 միլիոն դրամ շրջանառություն ունեցող բիզնեսի համար 5 տարով սահմանել հարկային արձակուրդ։ Ազատել բոլոր տիպի հարկերից։ Մենք իրագործելու ենք աջակցության մեխանիզմներ՝ նոր հիմնվող փոքր բիզեսի համար։ Մենք գիտենք, որ փոքր բիզնեսով մարդիկ առաջին հերթին սոցիալական խնդիր են լուծում՝ պահում են իրենց և իրենց ընտանիքները։ Եթե պետությունը չի կարողանում օգնել, ապա գոնե չպետք է խանգարի այս խավին՝ հոգալ իր սոցիալական հարցերը։

Չորրորդ. Վերացնել կարմիր գծերի և արագաչափերի հետ կապված բոլոր տեսակի արհեստական տույժ-տուգանքները։ Այս ոլորտն ունի լուրջ կարգավորման անհրաժեշտություն, որպեսզի վարորդն իր ողջ օրվա վաստակը մեկ աննշան խախտման պատճառով չկորցնի։ Միևնույն ժամանակ չպետք է տուժի երթևեկության անվտանգությունը։

Հինգերորդ. Տաքսի ծառայությունները և ինտերնետային տաքսի ծառայությունները պետք է ունենան նույն կարգավիճակը, գործեն նույն իրավական դաշտում։ Մինչև 60 միլիոն դրամ տարեկան շրջանառությունը պետք է ազատվի հարկերից։ Պետք է փոխել տաքսիստների և տաքսի ծառայությունների հանդեպ ԱՊՊԱ-ների խտրական և անարդարացի վերաբերմունքը։ Փոքր խախտումների դեպքում չխլել վարորդներից իրենց վաստակած գումարը։ Ընդունել նոր համապատասխան օրենսդրական փաթեթ։

Վեցերորդ. Սահմանամերձ գյուղերի խնդիրը մենք համարում ենք համահայկական նշանակության խնդիր, ընդհանրական ջանքերով իրականացվելու են զարգացման ծրագրեր՝ մարդուն իր հողի վրա պահելու, գյուղերը հզորացնելու համար։

Յոթերորդ. Մեր երկրում կենսաթոշակները, ինչպես նաև ուսուցիչների, գիտաշխատողների, դասախոսների, բուժաշխատողների պետական աշխատավարձերն այսօր շատ ցածր են՝ գործող սպառողական գների համեմատ։ Որպես առաջին քայլ՝ մարդկանց ֆիքսված եկամուտները գոնե գնաճից ապահովագրելու, պետական աշխատավարձերը և թոշակները պարտադիր կերպով պետք է ինդեքսավորվեն՝ տարվա պաշտոնական արժեզրկման չափով։

Ութերորդ. Պետք է վերանայվի 2018 թվականից ուժի մեջ մտնող նոր հարկային օրենսգիրքը, քանի որ այն աղետալի հետևանքներ կթողնի տնտեսության վրա։ Ի թիվս այլ փոփոխությունների՝ Շրջանառության հարկի դրույքաչափը պետք է պահպանվի տարեկան մինչև 115 միլիոն դրամի սահմաններում, ընդ որում՝ մինչև 60 միլիոն դրամ տարեկան շրջանառությամբ բիզնեսն ազատվում է հարկերից։

Իններորդ. Ավելացված արժեքի հարկը վերջապես պետք է 20 տոկոսից իջեցնել 18 տոկոսի՝ ԵՏՄ–ում հայաստանյան ընկերությունների մրցունակությունն ապահովելու համար։

Տասներորդ. Մաքսակետերում պետք է ազատվել, այսպես կոչված, հսկիչ գների ինստիտուտից, որոնք կամայական որոշումների հնարավորություններ են տալիս չինովնիկներին։ Եթե փաստաթղթաշրջանառության ամբողջ ընթացքը (սկսելով խոշոր բիզնեսից) հայտնվի թափանցիկ դաշտում, ապա մաքսակետում պետք է հիմք ընդունել այն հաշիվ ապրանքագիրը, որը ներկայացվում է ներմուծողի կողմից։ Չի կարելի հանցագործի կանխավարկածով մոտենալ բիզնեսի ներկայացուցիչներին՝ ստեղծելով ամենամեծ կոռուպցիոն համակարգը։

Տասնմեկերրորդ. Առևտրի ոլորտում փոքր բիզնեսի խթանման համար արգելել նոր, խոշոր սուպերմարկետների կառուցումը Երևանի մի շարք վարչական տարածքներում, իսկ արդեն գոյություն ունեցողների համար աշխատանքային ժամ սահմանել մինչև 21.00:

Տասներկուերրորդ Հազարավոր քաղաքացիների վարկային բեռի խնդիրը համարում ենք կարևորագույն հարց։ Այս խնդիրը պետք է կարգավորվի պետության մասնակցությամբ և բանկերի հետ համատեղ աշխատանքով։ Որպես առաջին քայլ՝ անհրաժեշտ է վերանայել տույժ-տուգանքների սկզբունքը՝ ընդհուպ չեղարկելով դրանք։ Այսօրվա պայմաններում բանկային համակարգը նմանվել է լոմբարդային համակարգի, ինչը լուրջ վտանգ է ներկայացնում սպառողական շուկայի և ընդհանրապես տնտեսության համար։

Այս խորագրի վերջին նյութերը