Քաղաքական

27.07.2017 00:01


Պուտինը ստորագրել է Հայ-ռուսական միացյալ զորախմբի համաձայնագրի վավերացման օրենքը

Պուտինը ստորագրել է Հայ-ռուսական միացյալ զորախմբի համաձայնագրի վավերացման օրենքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր ստորագրել է Հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագրի վավերացման օրենքը, որին Պետդուման և Դաշնության խորհուրդը հավանություն են տվել, համապատասխանաբար, հուլիսի 14-ին և 19-ին։ Ազատությունը հայտնում է, որ այդ մասին հաղորդում է Ռուսաստանի իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալը։

Համաձայնագիրը, հիշեցնենք, ստորագրել են երկու պետությունների պաշտպանության նախարարները 2016 թվականի նոյեմբերի 30-ին Մոսկվայում։ Անցած շաբաթ փաստաթուղթը վավերացնելու մասին օրինագծին հավանություն տվեց Հայաստանի կառավարությունը։

Ըստ համաձայնագրի, միացյալ զորախմբի խնդիրն է Հայաստանի և Ռուսաստանի դեմ զինված հարձակման անմիջական նախապատրաստման ժամանակին բացահայտումն ու դրա հետ մղումը, մասնավորապես՝ երկու երկրների պետական սահմանի ցամաքային մասի պաշտպանությունը, այդ թվում` ՀԱՊԿ ուժերի և միջոցների հետ համատեղ, օդատիեզերական տարածությունում Հայաստանի և Ռուսաստանի պետական սահմանի ծածկապաշտպանությունը, հակաօդային պաշտպանությունը, երկու երկրների զինված ուժերի փոխգործակցությամբ հակառակորդի ներխուժած զորքերի խմբավորումների ջախջախումը և այլն:

Միացյալ խմբավորման հրամանատարին նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը` համաձայնեցնելով Ռուսաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հետ: Խաղաղ ժամանակ միացյալ խմբավորման հրամանատարը ենթարկվում է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, իսկ ագրեսիայի անմիջական սպառնալիքի ժամանակաշրջանում և պատերազմի ժամանակ՝ ստեղծվող իրավիճակից կախված` Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին կամ Ռուսաստանի հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարին՝ երկու երկրների զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարների որոշմամբ:

Այս խորագրի վերջին նյութերը