Կարծիք

02.08.2017 15:40


Հրանուշ Հակոբյանի ֆենոմենը

Հրանուշ Հակոբյանի ֆենոմենը

Ես միշտ դեմ եմ եղել, երբ մարդկանց բաժանում են տեսակների, որովհետև այն իր մեջ պարունակում է սեգրեգացիայի վտանգներ` մարդկանց բաժանել խմբերի և պիտակավորել:
Սակայն լինում են եզակի դեպքեր, երբ ստիպված ես լինում հրաժարվել սկզբունքներից և այդ եզակի դեպքերից է Հրանուշ Հակոբյանը:

Ինչ «տեսակի» մասին է խոսքը: Փորձենք համակարգել՝ ըստ հատկանիշների:
Կոմերիտական ֆունկցիոների անցյալ:
Սովետական Միությունը չհիշող սերունդը, բնականաար, չգիտի, թե ինչով էին տարբերվում կոմերիտական ֆունկցիոներներն այլ ճանապարհ անցած կոմունիստական ֆունկցիոներից, որոնց մի մասը բանակում էր ընդունվել կոմունիստական կուսակցություն, մի մասը՝ արտադրական գործունեության ժամանակ և այլն:
Կոմերիտական ֆունկցիոներները հատուկ տեսակ էին` որոնք հիմնականում այդտեղ էին հայտնվում հովանավորչության շնորհիվ և որևէ իրական մասնագիտություն ունենալը պարտադիր չէր: Նրանք կյանքում մեկ «մասնագիտություն» պետք է ունենային` ղեկավարել: Այսինքն, ղեկավարել՝ որևէ մասնագիտական հմտություն չունենալով:
Մարդկային հարաբերություններում կոմերիտական ֆունկցիոներներն ամենաանընդունելիներն էին և նրանց հակապատկերներն էին ազատ մտածողները` գիտնականները, երաժիշտները, արվեստագետները և այլն: Կոմերիտական ֆունկցիոների հիմնական առաքելությունն էր ճնշել ազատ մտածողություն ունեցողներին և որպես հետևանք համապատասխան վերաբերմունքի էին արժանանում, ինչը նրանց ավելի էր խորթացնում ինտելեկտուալ և ստեղծագործ երիտասարդներից:
Այդ տեսակը պատրաստ էր իշխանությանը մատուցել ցանկացած ծառայություն իր սերնդակիցների ազատությունները սահմանափակելու, իսկ, երբեմն, պատժելու համար:
Հրանուշ Հակոբյանը հայկական կոմերիտական ֆունկցիոներների խորհրդանիշն է` ամենահաջողակ և անխորտակելի:
Նա ղեկավարել է և՛ Ալեքսանդր III-ի, և՛ Նիկոլայ I-ի ցարերի, և՛ լենինյան ՆԵՊ-ի, և՛ հետագա ժամանակաշրջաններում, այդ թվում Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և դեռ նրանց էլ կվերապրի:
Սակայն պետք է հանգիստ թողնել Սփյուռքի նախարարությունը, դա ամենառազմավարական կառույցներից մեկը պետք է լինի: Այստեղ միայն «ղեկավարել» իմանալը քիչ է, պետք է ունենալ մասնագիտական և մարդկային բացառիկ որակներ: Սակայն այսօր Սփյուռքի նախարության հիմնական գործառույթներն են վերահսկել «բարերարներին» և զերծ պահել Սփյուռքը Հայաստանի ներքաղաքական կյանքից:
Արդյունքում ունենում ենք այն ամենաթողությունը, ինչին ականատես եղանք հիմա, երբ «Արի Տուն» ծրագիրը Ստամբուլի թիմի համար վերածվեց «Գնա Այստեղից և այլևս չվերադառնաս» ծրագրի:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը