Մեկնաբանություն

12.09.2017 14:05


Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը և Սեյրան Սարոյանի քեֆը

Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը և Սեյրան Սարոյանի քեֆը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բլոգեր Ալեքսանդր Լապշինին ազատ արձակելու հրաման է տվել: Դրան հաջորդում են քարոզչական մի շարք միջացառումներ, որոնցից Ադրբեջանը փորձում է դիվիդենտներ քաղել: Այդպիսով Բաքուն երկու բան արեց՝ նախ ցույց տվեց, որ հետևողական է և մարտական է տրամադրված պետական շահերը պաշտպանելու հարցում, ապա ի ցույց դրեց իր ներողամտությունը:

Լապշինի պատմությունն ուշագրավ է և որոշակիորեն բացահայտում է հայաստանյան իշխանությունների բնույթն ընդհանրապես և Սերժ Սարգսյանի մտածողությունը՝ մասնավորապես:

Ինչպես հայտնի է, Լապշինին Ալիևի վարչակարգը հետապնդում էր Ղարաբաղ այցելելու համար:

Լապշինը Ղարաբաղ էր եկել դրսի լսարանին մեր դեռևս չճանաչված պետության մասին պատմելու համար, ինչը մեզ համար դրական է (ՀՀ-ն, հասկանալի նպատակով, պետք է ֆորմալ ու ոչ ֆորմալ տարբերակներով խրախուսի օտարերկրացիների նմանատիպ այցերը, քանզի որքան շատ դրական կոնտեքստով խոսեն Ղարաբաղի մասին, այնքան այն ճանաչելի կդառնա, իսկ դա էլ իր հերթին կնպաստի միջազգային ասպարեզում հայկական երկրորդ պետության դրական իմիջի ձևավորմանը):

Բաքուն պահանջեց ու ստացավ Լապշինին Լուկաշենկոյից: Պաշտոնական Մինսկի վարքագիծն արտառոց էր, բայց դե նրանք գործել են առանց դիմադրության:

Իսկ ի՞նչ արեց հայկական կողմը, որպեսզի Լուկաշենկոն ընդառաջի ոչ թե Բաքվին, այլ Երևանին (մի կողմ թողնենք այն հարցը, որ Լապշինի հարցով չհետաքրքրվեցին ՌԴ-ն ու Իսրայելը. նա այդ պետությունների քաղաքացի է): Չէ՞ որ Լապշինին տեր կանգնելով՝ մենք յուրօրինակ «մեսիջ» կուղարկեինք:

Պարզ է, որ ֆորմալ առումով հայկական կողմը չէր կարող հրապարակավ ու պաշտոնապես Մինսկից պահանջել չարտահանձնել Լապշինին Բաքվին. նա ՀՀ քաղաքացի չէ:

Երևանը կարող էր ոչ պաշտոնապես և ոչ ֆորմալ տարբերակով տեր կանգնել Ղարաբաղ այցելած բլոգերին, բայց դե նման խնդիր Բ26-ն իր առաջ չի դրել:

Ալիևն իր ուզածին հասել էր Լուկաշենկոյի հետ բանակցելով: Նույնը պետք է աներ ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանը կարող էր դիմել ոչ ստանդարտ քայլի, այն է՝ կապվել Լուկաշենկոյի հետ ու Լապշինին չարտահանձնելու հարց քննարկեր: Ինքնին հասկանալի է, որ Մինսկում չէին կարող այդ դեպքում մերժել Երևանի խնդրանքը, հատկապես որ արտահանձնելը շատ ավելի ծանր գործընթաց է, քան նման քայլի չգնալը:

Ս. Սարգսյանը նման բան չարեց, քանզի նրա մտքով չէր կարող նման բան անցնել, քանի որ դա իր անմիջական իշխանությանը չէր վերաբերում: Այլ հարց է, օրինակ, ՀՀԿ-ական գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանի ծնունդը: Ասում են, թե ՀՀԿ ղեկավարն ուղղաթիռով թռել, հասել է շուլուխչի պատգամավորի այդ քեֆին ու հասցրել մի լավ պարել:

Սարգսյանի համար Սեյրանի ու նրա նմանների կազմակերպած միջոցառումները և այդ միջոցառումներին (հարսանիք, ծնունդ, նշանդրեք, ատամհատիկ, խոսք ուզել և այլն) իր անմիջական մասնակցությունը կարևոր են, քանզի նրանք իշխանական աթոռի համար «ձեն բերող տղաներ» են, ընտրակեղծիքի գործիքներ, փող հասցնող մարդիկ, ընտրաստրկավաճառներ, ԱԺ-ում «կնոպկա» սեղմողներ ... Իսկ ահա Լապշինը ո՛չ ձայն բերող է, ո՛չ Սարգսյանի ընդդիմախոսների դեմ ընդդիմադիրություն անող «անկախ» խմբագիր, ո՛չ էլ՝ քաղաքական հաճախորդ, որ տիրություն անես ու հետո աթոռիդ համար օգտագործես: Հետո ի՞նչ, որ պետական շահը պահանջում է հետաքրքրվել Ղարաբաղ եկած օտարեկրացի բլոգերի ճակատագրով:

Սարգսյանը Ղարաբաղի հարցով հետաքրքրվում է այնքանով, որքանով այն առնչվում է իշխանական իր դիրքերին: Այսինքն, նրան հետաքրքիր են բուն բանակցությունները, որտեղ իր գործը բոլորին «այո» ասելն է՝ այն հույսով, որ Ալիևը կասի «ոչ»: Մնացած առումներով նա անտարբեր է բոլոր պետական խնդիրների նկատմամբ:

Հարց կարող է առաջանալ, թե միգուցե ներքևի՞ց՝ պետական ապարատի՞ց պետք է հուշեին Սարգսյանին, որպեսզի նա Լապշինին տեր կանգներ: Պատասխանը միանշանակ է՝ նման հուշում չէր կարող լինել, քանզի վերևից այնպիսի չերնենկոյաբրեժնևական միջավայր է ձևավորվել, որ որևէ մեկը պետական շահերի տեսակետից նախաձեռնություն չի կարող ցուցաբերել, քանզի նախաձեռնությունը պատժելի է դառնում նման դեպքում: Այնպես որ, պետք չէ զարմանալ, թե ինչու է սեյրանների քեֆն ավելի կարևոր դառնում, քան պետական շահին առնչվող ցանկացած հարց:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը