Մեկնաբանություն

21.09.2017 13:25


Սերժ Սարգսյանի «նվերն» անկախության տարեդարձին

Սերժ Սարգսյանի «նվերն» անկախության տարեդարձին

Այնպես ստացվեց, որ Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահի կարգավիճակով ելույթ ունեցավ ՄԱԿ-ում ՀՀ անկախության հերթական տարեդարձից երկու օր առաջ: Ասել է թե՝ յուրօրինակ նվեր արեց անկախության տոնին ընդառաջ: Իսկ նվերն այդ շատ վտանգավոր էր ու խիստ մտահոգիչ:

Բանն այն է, որ անդրադառնալով Ղարաբաղի խնդրի կարգավորմանը՝ Սարգսյանը ցույց է տվել, որ արտգործնախարար Նալբանդյանը ոչ թե սփյուռքի շրջանակների «զոնդաժով» է զբաղվել, այլ ներկայացրել է բանակցային գործընթացի առարկան, այն է՝ այժմ քննարկումներն ընթանում են բացառապես մեր միակողմանի տարածքային զիջումների շուրջ:

«Կարգավորման ինչ տարբերակի էլ հանգենք, միևնույն է, Արցախի Հանրապետությունը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ և վայելել ավելի քիչ ազատություն, քան այսօր ունի»,- հայտարարել է Սարգսյանը՝ պնդելով, որ հանդես է գալիս համայն հայության անունից (ի դեպ, «Ֆուտբոլային» դիվանագիտության ժամանակ էլ նա հայտարարում էր, թե հանդես է գալիս ողջ հայության անունից):

Մտահոգիչն ու վտանգավորն այս խոսքերում Ղարաբաղի կարգավիճակին են վերաբերում:

Ուշադրությո՛ւն դարձրեք. Սարգսյանն ասում է, որ կարգավորման ինչ տարբերակ էլ ընտրվի, Արցախը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան ունի այսօր: Իսկ այսօր, ինչպես հայտնի է, Արցախը չունի միջազգայնորեն ընդունված կարգավիճակ: Այսինքն՝ ստացվում է, որ կարգավորման տարբերակով չի նախատեսվում այսօրվա կարգավիճակի բարելավում:

Մեջտեղ է բերվել «միջանկյալ կարգավիճակ» լղոզված ձևակերպումը, ինչը նշանակում է, որ հայկական կողմը իջեցրել է իր նպատակների նշաձողը՝ համաձայնելով «Տարածքներ՝ միջանկյալ կարգավիճակի դիմաց» բանաձևին: Հայկական կողմը նաև խաղաղություն է մուրում միջազգային հանրությունից (ՄԱԿ-ի ամբիոնից Ալիևի ռազմատենչ հայտարարությունը պատասխան էր հայկական կողմի մուրացկանությանը):

Որքան էլ որ խրոխտ ձայնով ու ռազմահայրենասիրական պաթոսով հայտարարվի, որ արցախահայությունը պետք է ունենա ինքնորոշման իրավունք, և որ Արցախը երբեք չի եղել Անկախ Ադրբեջանի կազմում, միևնույն է, կարգավորման փաստաթղթում պետք է հստակ նշվի Արցախի կարգավիճակի հարցը և ինքնորոշվելու մեխանիզմները: Մինչդեռ հիմա նման բան չկա: Էդվարդ Նալբանդյանը, նրա տեղակալ Շավարշ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը տարբեր բառերով ու նախադասություններով նույն բանն են ասում և բացահայտում, որ պաշտոնական Երևանը այժմ հանգել է տերպետրոսյանական տխրահռչակ փուլային տարբերակին, ըստ որի՝ հայկական կողմը վերադարձնում է տարածքներ, իսկ ԼՂՀ կարգավիճակի հարցը մղվում է բանակցային գործընթացից դուրս: Անվտանգության հարցում էլ ապավինում ենք արտաքին ուժերին:

Թե ինչու և ինչպես Սարգսյանը հասցրեց Հայաստանն այս վիճակին, բազմիցս ենք խոսել: Տվյալ դեպքում պետք է հասկանալ, թե ինչպես թույլ չտալ Ղարաբաղի, ավելի ճիշտ՝ Հայաստանի անվտանգության համակարգի ամբողջական փլուզումը և ինչպես պաշտպանել անկախությունը: Մնացածն ածանցյալ հարցեր են:

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.: Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրությունների մասով Սերժ Սարգսյանի հնչեցրած մտքերին, ապա հիշեցնենք, որ նախորդ անգամ նույն ամբիոնից կարծես թե գրողի ծոցն էին ուղարկվել հայ-թուրքական արձանագրությունները: Դատելով ամենից՝ գրողի ծոցը հեռու է և միայն հաջորդ տարվա գարնանը այնտեղ կարող են հայտնվել չարաբաստիկ արձանագրությունները:

Հիշեցնենք նաև, որ Սարգսյանը, «Ֆուտբոլային» դիվանագիտության բուռն շրջանում հայտարարել էր, թե ինքը կմեկնի Թուրքիա ֆուտբոլ դիտելու, եթե հայ-թուրքական սահմանը լինի բաց կամ մենք լինենք դրա բացման նախաշեմին: Ինչպես հայտնի է, Սարգսյանը Թուրքիայում ֆուտբոլ դիտել է: Հայտնի է նաև, որ սահմանը բաց չէ, և մենք նույնիսկ դրա բացման նախաշեմին չենք:

Հ.Գ.-2: Շատ հետաքրքրական է, որ «անկախ» մամուլը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի ելույթին՝ «չի նկատում» Ղարաբաղի հարցով հայկական կողմի խայտառակ ձախողումը և լայն բացված աչքերով նկատում է, թե ինչպես է ՀՀ նախագահը հարձակվել հայ-թուրքական՝ բոլորի կողմից վաղուց մոռացված, արձանագրությունների վրա:

«Անկախ» մամուլը հիացական գնահատականներ է հնչեցնում հայ-թուրքականի մասով արված հայտարարությանը և տեղեկատվական աղմուկ սարքում դրա շուրջ, որպեսզի հետին պլան մղվի ամենակարևորը՝ Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում պաշտոնական Երևանի՝ մեր երկրի անվտանգությանը սպառնացող նահանջը:

Այս խորագրի վերջին նյութերը