Մեկնաբանություն

26.09.2017 11:05


Ինչո՞ւ փոխվեց ԼՂՀ արտգործնախարարը

Ինչո՞ւ փոխվեց ԼՂՀ արտգործնախարարը

ԼՂՀ նախագահ նշանակվելուց հետո Բակո Սահակյանը ձևավորել է նոր կառավարություն: Կան որոշ փոփոխություններ, սակայն մեծ հաշվով այն, այսպես ասած, նույն գծի մեջ է:

Ուշագրավ է արտգործնախարարի փոփոխությունը: Կարեն Միրզոյանի փոխարեն նախարար է նշանակվել Մասիս Մայիլյանը, ով ղարաբաղյան ներքին ու արտաքին քաղաքական գործընթացների ակունքներում կանգնած գործիչ է, և ով 2007-ին որպես ընդդիմադիր թեկնածու ԼՂՀ նախագահական ընտրությունների ժամանակ մրցում էր Բակո Սահակյանի հետ: Մայիլյանը զբաղեցրեց երկրորդ տեղը:

2007-ից հետո Մայիլյանի մերձավորները լուրջ հետապնդումների ենթարկվեցին իշխանությունների կողմից: Մինչև այդ Մայիլյանը սկսած 2001-ից զբաղեցնում էր ԼՂՀ արտգործնախարարի տեղակալի պաշտոնը, սակայն 2007-ից հետո հասկանալի պատճառներով դուրս եկավ պետական համակարգից և զբաղվում էր հասարակական ու փորձագիտական գործունեությամբ:

2015-ի ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կային խոսակցություններ, որ Մայիլյանը կարող է գլխավորել ընդդիմադիր ցուցակը, սակայն այդպես չեղավ: Նա հարաբերականորեն պասիվացավ:

Բակո Սահակյանն ու Մասիս Մայիլյանն այժմ թիմակիցներ են, բայց դա չէ էականը:

ԼՂՀ արտգործնախարարի փոփոխությունն այլ իրավիճակում գուցե աննկատ մնար, սակայն հիմա, երբ բավական վտանգավոր զարգացումներ կան Հայաստանի ու Ղարաբաղի համար, արտգործնախարարի փոփոխությունը Ղարաբաղում պետք է ընկալել որպես որոշակի «մեսիջ»:

Տեղին է հիշեցնելը, որ Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ տարածքները զիջելու մասին հնչեցրած հայտարարությանը Միրզոյանը հակադարձեց, ինչը ողջունելի քայլ էր:

Նալբանդյանի ասածներին կոշտ հակադարձել էր նաև ԼՂՀ նախագահականն՝ իր խոսնակի շուրթերով: Ասել է թե՝ պաշտոնական Ստեփանակերտի տեսակետը հակամարտության կարգավորման հարցում հրապարակավ հակադրվեց Երևանում հնչած պաշտոնական տեսակետին: Ի դեպ, 1997-ից հետո նման բան առաջին անգամ է տեղի ունենում, ինչը նշանակում է, որ վիճակը շատ լուրջ է:

Այժմ Միրզոյանի փոխարեն Մայիլյանին նշանակելով Ստեփանակերտը, թերևս, է՛լ ավելի է ընդգծում իր տարբերվող դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, քանզի Մայիլյանը քաղաքական գործչի ու փորձագետի կարգավիճակներում մշտապես հանդես է եկել պաշտոնական Երևանից դրականորեն տարբերվող տեսակետով, հատկապես՝ ազատագրված տարածքների մասով: Ա՞յդ ենթատեքստով է տեղի ունեցել Մայիլյանի նշանակումը, թե՞ ոչ, կերևա շատ շուտով:

Ստեղծված իրավիճակում շատ կարևոր է, որ Մայիլյանը հրապարակավ իր մոտեցումները ներկայացնի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայով: Կներկայացնի և ահագին հարցերի պատասխան կստանանք:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը