Մեկնաբանություն

28.09.2017 21:30


Թուրքիայի «ֆուտբոլային» հարձակումն ու պաշտոնական Երևանի «հայրենասիրական» պատասխանը

Թուրքիայի «ֆուտբոլային» հարձակումն ու պաշտոնական Երևանի «հայրենասիրական» պատասխանը

Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին Արցախի հարցում կրկին անվերապահ աջակցություն է հայտնել Ադրբեջանին:

«Միայն մեր հողերը պաշտպանելը բավարար չէ: Պետք է անպայման ազատագրել «օկուպացված» Ղարաբաղը: Դրանք ադրբեջանական հողեր են, և վաղ թե ուշ պետք է վերացվի Հայաստանի «օկուպացիան»»,- մասնավորապես հայտարարել է Ջանիքլին:

Այս հայտարարությանն ի պատասխան պաշտոնական Երևանը՝ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի շուրթերով, նշել է հետևյալը. «Առաջին անգամ չէ, որ Թուրքիան վնասակար փորձեր է կատարում միջամտելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում: Հենց դա այն պատճառներից է, որը թույլ չի տալիս հիմնախնդրի կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրել, և հենց Անկարայի այս միակողմանի, ապակառուցողական և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների դիրքորոշումներին դեմ գնացող մոտեցման պատճառով է, որ Հայաստանը մշտապես կոչ է արել Թուրքիային հեռու մնալ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման գործընթացից»:

Փաստորեն, Հայաստանի իշխանական կաբինետներում նոր են գլխի ընկել, որ Թուրքիան Ղարաբաղի հարցում մշտապես ունի միակողմանի և ապակառուցողական դիրքորոշում: Մինչդեռ տխրահռչակ «Ֆուտբոլային» դիվանագիտության բուռն շրջանում Բ26-ում ու արտգործնախարարությունում չէին նկատում կամ չէին ուզում նկատել Թուրքիայի բացասական դերակատարումը Ղարաբաղի հարցում: Ավելին, Սերժ Սարգսյանը ողջունում էր Թուրքիայի՝ Ղարաբաղի հարցում օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամությունը, իսկ ահա հիմա Շ. Քոչարյանը ասում է, թե իբր Հայաստանը մշտապես կոչ է արել Թուրքիային հեռու մնալ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման գործընթացից: Փոխարտգործնախարարը կա՛մ տեղյակ չէ, կա՛մ իրեն անտեղյակի տեղ է դնում այս հարցում, քանզի կրկնենք՝ Սերժ Սարգսյանն իր նախագահության մեկնարկին ողջունել է Թուրքիայի օժանդակությունը Ղարաբաղի հարցում:

Թուրքիան օգտվեց հայ-թուրքական «Ֆուտբոլից», ինչպես նաև պաշտոնական Երևանի կոպիտ սխալից ու լեգիտիմ մակարդակով մխրճվեց Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացի մեջ:

Թուրքերը մշտապես հայտարարում էին (նախկին նախագահ Գյուլը մի փոքր դիվանագիտորեն, իսկ ներկայիս նախագահ Էրդողանը՝ կոշտ ձևով), որ «Ֆուտբոլային» դիվանագիտության միջոցով հայ-թուրքական սահմանի բացումը տեղի կունենա միայն «օկուպացված» հողերը Ադրբեջանին հանձնելուց հետո, իսկ Երևանում չլսելու էին տալիս թուրքերի ասածները:

Ակնհայտ է, որ Թուրքիայում հաճելիորեն զարմացել էին Երևանի՝ ոտքի վրա կայացրած «նախաձեռնողական» որոշումից և մինչև հիմա ձգտում են իրենց շահերից բխող քայլեր կատարել:

Ի տարբերություն թուրքերի՝ Երևանում «ֆուտբոլային» դիվանագիտությունը ծառայեցնում էին (են) մասնավոր շահին, որը 100 տոկոսով հակադիր է ՀՀ շահին: Սա փաստ է, որը ակնհայտ է արդեն բոլորին:

Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում հայկական բանակցային դիրքերի թուլացումը, ապրիլյան քառօրյա պատերազմն ու մեր կորուստները. սրանք բոլորը արտաքին ու ներքին «նախաձեռնողականության» հետևանք են: Մնացածը դեմագոգիա է:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը