Քաղաքական

12.10.2017 09:32


Ամերիկացի գեներալ. Հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը շարունակում է զարգանալ, ռուսական զորքը չի խանգարում (տեսանյութ)

Ամերիկացի գեներալ. Հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը շարունակում է զարգանալ, ռուսական զորքը չի խանգարում (տեսանյութ)

Հայ զինվորները անձնվեր են եւ վարժված, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում պատմում է ԱՄՆ-ի Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ մայոր Լի Թաֆանելլին.

«Հայաստանի զինվորները վարժված են, նրանք շատ անձնվեր են, միշտ պատրաստ յուրացնելու նոր գիտելիքներ եւ կիսվել սեփական գիտելիքներով մյուսների հետ»:

Գեներալի խոսքով, արդեն երկու տարի շարունակ Հայաստանից Կանզաս զինվորականների մեկ ջոկատ է ժամանում, հայ զինվորները ապրում ու վարժանքներ են անցնում ամերիկացի զինվորականների կողքին.

«Մենք ցանկանում ենք օգնել Հայաստանին հզորացնել պաշտպանությունը մի շարք ոլորտներում, այդ թվում եւ արտակարգ իրավիճակների կառավարման բնագավառում»։

Ընդհանրապես Հայաստանն ու Կանզասի Ազգային գվարդիան ունեն 14 տարվա համագործակցության պատմություն: Պաշտպանական ոլորտում հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը կենտրոնացած է հիմնականում մարդասիրական ոլորտում: Ամերիկյան զինվորականները Հայաստանում նույնիսկ ծերանոցներ են վերանորոգում: Համագործակցության ոլորտներն ընտրում է Հայաստանը: Միացյալ Նահանգները օգնում է պատրաստել եւ զինել Հայկական բանակի բժիշկների եւ խաղաղապահների: Գեներալ Տաֆանելլիի խոսքով, Միացյալ Նահանգներն օգնում է հայ զինվորներին համապատասխանել ՆԱՏՕ-ի զորքերի բարձր չափանիշներին.

«ԱՄՆ-ի նպատակն է ամրապնդել տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը, ինչպես նաեւ ժողովրդավարության եւ ազատ շուկայական հարաբերությունների հաստատում»:

Ամերիկյան գեներալը նշում է, որ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ի անդամակցությունը որեւէ կերպ չի խանգարում համագործակցություն զարգացնել Հայաստանի հետ.

«Այդ փաստը երբեք չի խոչընդոտել համագործակցության մեր ծրագրերին, իսկ մենք աշխատում ենք Հայաստանի պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների հետ»:

Հայաստանի հետ համագործակցության գործում Կանզասի Ազգային գվարդիան որեւէ կերպ կաշկանդված չէ նաեւ Հայաստանի տարածքում ռուսական զորքերի ներկայությամբ, նշում է Լի Թաֆանելլին.

«Կանզասի Ազգային գվարդիայի համար Հայաստանում ռուսական ռազմակայանի ներկայությունը որեւէ կերպ խոչընդոտ չի հանդիսացել Հայաստանի հետ մեր գործընկերության համար»:

Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատարի խոսքով, առաջիկայում Հայաստանի հետ համագործակցությունը շարունակելու է զարգանալ.

«Իրոք շատ հետաքրքիր է հետեւել այս գործնական եւ անձնական սերտ հարաբերությունների կայացմանն ու ամրապնդմանը եւ կարծում եմ, համագործակցության ծրագրերի հաջողության գաղտնիքը հենց այստեղ է: Հենց դա է ամենակարեւոր ապագայի ներդրումը»:

Այս խորագրի վերջին նյութերը