Մեկնաբանություն

17.10.2017 10:45


Կա՞ արդյոք Ղարաբաղի խնդրի լուծում

Կա՞ արդյոք Ղարաբաղի խնդրի լուծում

Լուծում, իհարկե՛, կա, բայց հարցն այն է, թե երբ և ինչ գնով:

Ղարաբաղի խնդրի լուծման վերաբերյալ կան տարբեր պատկերացումներ: Հայկական ու ադրբեջանական կողմի պատկերացումները հակադիր են: Ադրբեջանը չի համաձայնում անգամ 2008-ից այս կողմ պաշտոնական Երևանի կողմից հնչեցվող վտանգավոր զիջումների պատրաստակամությանը, քանզի ցանկանում է ամբողջը և միանգամից: Հայկական կողմը, բնականաբար, չի կարող ապահովել Ալիևի ախորժակն ու ստիպված է չանցնել «կարմիր սահմանագիծը»: Թե որքան կձգվի այս վիճակը, դժվար է ասել:

Մեկ բան հստակ է՝ առկա է «սառը» պատերազմ հակամարտող կողմերի միջև և վերջնարդյունքում հաղթելու է այն կողմը, որն իր համար դրականորեն կօգտագործի «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» ժամանակահատվածը (այս առումով Հայաստանն ու Ղարաբաղը լուրջ խնդիրներ ունեն): Միայն բանակով չէ հարցը լուծվում: Ավելին՝ բանակով հացը լուծվում է միայն վերջում, այն էլ՝ անկանխատեսելի հետևանքներով: Մինչև բանակի գործադրումը կարևոր նշանակություն են ստանում հակամարտող կողմերի պետական կառավաման համակարգերը, տնտեսության որակն ու կառուցվածքը, հասարակությունների մակարդակը և դեմոգրաֆիայի դինամիկան:

Ժնևում Սարգսյանն ու Ալիևն ընդամենը ֆիքսեցին, որ այս պահին լուծման չեն կարող հասնել բանակցությունների միջոցով: Այլ բան չէր էլ սպասվում: Պայմանավորվածությունները գրեթե զրոյական են, հայկական կողմի նախապայմանները՝ «մոռացված»: Համենայնդեպս, երկու երկրների ղեկավարների հրապարակային խոսքն այդ մասին է վկայում:

Սա, թերևս, Սարգսյանի ու Ալիևի վերջին հանդիպումն էր Հայաստանում 2018-ի ապրիլից սպասվող իշխանական հարաբերությունների հստակեցումից առաջ: Նա, ով հետագայում կներկայացնի Հայաստանը Ղարաբաղի բանակցություններում, կհանդիսանա իշխանության կրողը մշտական անորոշություն ու անկայունություն նախատեսող ՀՀ նոր սահմանադրության պայմաններում: Դե իսկ Ղարաբաղի խնդրի լուծումը, ինչպես միշտ, մեր ձեռքերում է, քանզի դրա լուծման բանալին գտնվում է Երևանում ու Ստեփանակերտում (չհաշված՝ Բաքուն):

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը