Աշխարհ

21.10.2017 09:00


Վրաստանում ընտրություններ են․ ակտիվ մասնակցություն չի սպասվում

Վրաստանում ընտրություններ են․ ակտիվ մասնակցություն չի սպասվում

Հոկտեմբերի 21-ին Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում։ Քաղաքացիները պետք է Թբիլիսիի, Ռուսթավիի, Բաթումի և Քութաիսիի քաղաքապետեր, ինչպես նաև՝ ավագանու անդամներ ընտրեն։

Ընտրություններին, ընդհանուր առմամբ, մասնակցում է 22 կուսակցություն և 5 դաշինք։ Սպասվում է, որ հիմնական մրցակցությունն ընթանալու է նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի իշխող «Վրացական երազանք» և ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունների միջև։ Վերջինի հիմնադիրը Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին է։

Քվեարկելու իրավունք ունի գրեթե 3,5 մլն մարդ, սակայն փորձագետները վստահ են, որ ակտիվ մասնակցություն սպասել չարժե։

Ինչպես տեղեկացրել էինք, Սամցխե-Ջավախեթեիում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցում է 7 քաղաքական կուսակցություն: Տարածաշրջանի բոլոր 6 քաղաքներում նրանք ներկայացրել են քաղաքապետի իրենց թեկնածուներին: Այդ կուսակցությունները մասնակցում են քաղաքային սակրեբուլոյի ընտրություններին համամասնական և մեծամասնական ընտրակարգերով:

Սամցխե-Ջավախեթիի 6 քաղաքներում քաղաքապետի 35 թեկնածուից 14-ը էթնիկ հայեր են, երկուսին առաջադրել են նախաձեռնող խմբերն, այլ ոչ թե կուսակցությունները․ կա մեկ կին՝ Անիվարդ Մոսոյանը, որը պայքարելու է Նինոծմինդային քաղաքապետի պաշտոնի համար: Նրան առաջադրել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը: Նախաձեռնող խմբերի առաջադրած թեկնածուներն են Անդրանիկ Կարլսյանը՝ Նինոծմինդայում և Լևան Ցաբաձեն՝ Ասպինձայում:

Ախալքալաքում քաղաքապետի 6 թեկնածու կա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը