Մեկնաբանություն

12.01.2018 11:00


ՀՀ ապագա նախագահի ֆոտոռոբոտը

ՀՀ ապագա նախագահի ֆոտոռոբոտը

Նոր Սահմանադրության շրջանակներում Հայաստանն ապրիլի 9-ից հետո պետք է նոր նախագահ ունենա: Այդ նախագահին ոչ թե ընտրելու է ժողովուրդը, այլ նշանակելու է Ազգային ժողովը: Ավելի ճիշտ՝ ՀՀԿ-ի «պոլիտբյուրոն»: Ավելի ստույգ՝ ՀՀԿ-ի «պոլիտբյուրոն» հաստատելու է ՀՀԿ «անփոխարինելի առաջնորդի» որոշումը:

Նոր Սահմանադրության համաձայն՝ ՀՀ նշանակովի նախագահը պետության գլուխն է, սակայն դատելով նրա լիազորություններից՝ նրան պետական կառավարման համակարգում վերապահված է «մեխի գլուխի» կարգավիճակը:

Թե ով է լինելու այդ «մեխի գլուխը», գաղտնիք է պահվում: Առայժմ հանրությանը ներկայացվում են նրա բարեմասնությունները: ՀՀԿ խոսնակ Շարմազանովը հայտարարել է, որ իրենք այդ պաշտոնի համար կներկայացնեն իրենց թեկնածուին:

«ՀՀ նախագահի պաշտոնում կներկայացնենք մի թեկնածուի, ով կունենա շատ լուրջ կենսագրություն, շատ լուրջ հետք և անուն, նաև բարձր հեղինակություն»,- հայտարարել է Շարմազանովը:

Եթե փորձենք կռահել, թե ով է խոսնակի ներկայացրած այդ ամենա-ամենան, ապա մեծ դժվարությունների առաջ կկանգնենք, քանի որ բազում են ամենա-ամենաները ՀՀԿ-ում ու դրա մերձակայքում: Բայց ամեն դեպքում փորձել պետք է: Հատկապես, որ ֆոտոռոբոտի կազմման համար որոշակի ինֆորմացիա ունենք:

Եվ այսպես, ՀՀԿ-ում պատրաստվում են առաջադրել լուրջ կենսագրություն ունեցող թեկնածուի: ՀՀԿ-ական տարբերակով դա կարող է լինել Գալուստ Սահակյանից մինչև Շմայս: Այսինքն՝ «քաստինգը» բարդ կլինի:

ՀՀԿ-ում նախատեսում են, որ թեկնածուն պետք է ունենա շատ լուրջ հետք: Հետքը չգիտենք, բայց մատնահետք թողածներ շատ կան իշխանական շրջանակներում: Այնպես որ, այս առումներով էլ դժվարությունների չեն հանդիպի Բ26-ում:

Նաև անուն պետք է ունենա այդ թեկնածուն, այն էլ՝ շատ լուրջ: Ոնց պտտվում ենք, էլի Գալուստ Սահակյանին ենք հանգում և ֆոտոռոբոտը կամաց-կամաց ամբողջական տեսք է ստանում:

ՀՀԿ-ից ասացին, որ բացի այս ամենից ապագա նախագահը կունենա բարձր հեղինակություն: Բարձրը չենք կարող ասել, բայց քրեական հեղինակությունների պակաս իշխանական ճամբարում ու դրան կից չկա: Ասել է թե՝ այդ հարցում էլ ընտրության լայն հնարավորություններ կան:

Եվ այսպես, ՀՀ ապագա նախագահի ֆոտոռոբոտը մեզ հուշում է, որ այդ մարդը կունենա Գալուստ Սահակյանի խորաթափանց հայացքը, Արա Բաբլոյանի ապաքաղաքական դեմքը, Շմայսի նայվածքը և ֆիգուրան, ՀՀԿ-ի տատիկի համառությունն ու նպատակասլացությունը, գեներալ Մանվելի ինտելեկտը և մարտական բեղերը, գեներալ Սեյրանի ազնիվ ու անթրաշ երեսը և շուլուխչի խասիաթը, փողատեր Սամվել Ալեքսանյանի օպերացիայի ենթարկված քիթը, վարչապետ Կարեն Կարապետյանի ժիլետի թևը, ՀՀԿ-ի Գևորիկի բարձր հեղինակությունը և Ճվճվ Արոյի որդիների մատնահետքը:

Ոնց գցում-բռնում ենք, ՀՀ նախագահ նշանակվելու ամենամեծ շանսերն ունի Էդիկ Նալբանդյանի արտահաստիքային խորհրդատու Ռոբսոնը, թեև նրա քիթը հեչ նման չէ Ալեքսանյանի քթին: Բայց դե դա խնդիր չէ: Կարևորը որ, կոլխոզի նախագահի հայտնի հավակնորդի պես, «Վիլիսից» չի ընկնի: Համ էլ՝ լրիվ կհամապատասխանի 4-միլիոնանոց Հայաստանի տեսլականի քայլող մարմնավորմանը:

Թեև հանուն արդարության պետք է նշել, որ ճիշտը Սեյրան Սարոյանն է: Չէ՞ որ նրան վերջերս Հանրային հեռուստատեսության եթերում կնքեցին որպես Հայաստանի միտք, խիղճ և պատիվ: Նաև՝ էթիկայի ու էսթետիկայի օրենսդիր:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը