Մեկնաբանություն

03.03.2018 10:35


Չերչիլը հարբել էր ու երդվել

Չերչիլը հարբել էր ու երդվել

Անգլիայի նախկին վարչապետ Ուինստոն Չերչիլը հայկական բանահյուսության, առասպելաբանության ու քաղաքական բառապաշարում շատ կարևոր տեղ է զբաղեցնում:

Պատմական սիրելի կերպարների առումով Տիգրան Մեծից հետո, երևի, Չերչիլն է մեզ մոտ (հատկապես մեր «շուստրի» օրերում):

Տիգրան Մեծին սիրում են, որովհետև շատ վաղուց մեծ տարածքներ է գրաված եղել ու լավ կլիներ, որ այսօր էլ մի հրաշքով մեզ նույն տարածքները բաժին հասնեին, բայց այնպես, որ բանակ գնալու կարիք չլիներ:

Չերչիլին մի տեսակ բացասական իմաստով են սիրում՝ ասելով, թե նա լավ է ֆռռացրել ու մշտապես իր խոսքից հետ է կանգնել, և, հետևաբար, Մեծ մարդ է:

Հայ ժողովրդի համար Չերչիլը լուրջ հեղինակություն է: Նրա անունը տալով են մեզանում արդարացվում բոլոր բանսարկությունները, սխալները և զիգզագաձև շարժումները:

Սիրում են Չերչիլին ոչ միայն նրա լպրծուն տեսակի, այլ նաև այն բանի համար, որ նա, չգիտեմ ճիշտ, թե սուտ, սիրել է հայկական կոնյակ խմել: Այդ հանգամանքը թուլացնում է հայ ժողովրդի քաղքենիագեղցիական հատվածի չոքերը:

Ու քանի որ Չերչիլը հայկական կոնյակ է սիրել ու դարձել հայ քաղքենիագեղցիական հատվածի սիրելին, ուստի նույն այդ հատվածի համար Չերչիլի արած ցանկացած քայլ, այդ թվում՝ ախմախ ու սխալ քայլերը, համարվում են անքննարկելի ու անքննադատելի: Համենայնդեպս, Չերչիլին հղում անելով են մեր տնաբույծներն արդարացնում ցանկացած բան ու համարում դա լեգիտիմ:

«Չէ՞ որ մեծն Չերչիլն է նույնիսկ դա արել»,-դեմքի լուրջ արտահայտությամբ հայտարարում են ճամբարափոխները, հաստիքային քծնողներն ու արտահաստիքային «քաղաքագետները»:

Անգլիայում բնակվողների ճնշող մեծամասնությունը, թերևս, տեղյակ չէ, որ երկրագնդի վրա կա մի փոքրիկ երկիր, որտեղ իրենց Չերչիլն «ավտարիտետ» է և նրան պարբերաբար հղում են անում:

Անգլիայում մոռացել են, որ Չերչիլը հազար ու մի բան է ասել, իսկ ահա Հայաստանում նրան ցիտում են այնպես, կարծես՝ մեջբերումներ են անում աստվածաշնչից:

Դե քանի Չերչիլին հիշեցինք, նրա պատմական հայտարարություններից մեկը վերհիշենք, թեև ասում են, որ նա նման բան չի ասել, բայց ամեն դեպքում մեջբերենք:

«Մարդիկ էլ, քաղաքական ուժերն էլ, այսպահային շահերն էլ անցողիկ չեն: Սահմանադրությունը կամ դրա բացակայությունը ոչ թե սերունդների համար է, այլ ինձ համար: Ու լավ կլինի, որ Սահմանադրություն ընդհանրապես չլինի: Եվ որպես այս ճանապարհով շարժվելու սկիզբ՝ ես իմ կողմից ուզում եմ անել առաջին քայլը՝ սահմանադրական կամ հակասահմանադրական բարեփոխումների քննարկումները իսկապես անկաշկանդ հունի մեջ դնելու առումով:

Եվ ձեր առաջ, քննարկումների փուլն սկսելուց առաջ, պաշտոնապես հայտարարում եմ, որ ես` Ուինստոն Չերչիլս, մշտապես առաջադրվելու եմ երկրի վարչապետ: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ՝ նախագահական կառավարման մոդելը, ապա ես կհավակնեմ նաև նախագահի աթոռին:

Վստա՛հ եմ անգամ, որ մեկ մարդը պետք է ցմահ հավակնի երկրի կառավարման ղեկին Անգլիայում»,-ասել է Չերչիլը հայկական կոնյակի մեծ չափաբաժնի ազդեցության տակ ու երդվել՝ տեր կանգնել իր խոսքին:

Կարծում ենք, որ շատ արդիական բաներ է ասել Չերչիլը: Դե խելոք մարդ էր, էլի՛, հո զոռո՛վ չէ:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը