Մեկնաբանություն

26.03.2018 17:40


Փոխարինելին ու անփոխարինելին

Փոխարինելին ու անփոխարինելին

Ինչ-որ պահից Սերժ Սարգսյանի մասին սկսեցին ասել, որ նա անփոխարինելի է: Չեմ հիշում՝ Գալուստ Սահակյա՞նն էր առաջինն այս հարցում, թե՞ Էդուարդ Շարմազանովը, բայց դա էական չէ: Էականն այն է, որ մտքի հեղինակը Սերժ Սարգսյանն է:

Իսկ ինչպե՞ս նա ինքնահռչակվեց որպես անփոխարինելի:

Շատ հեռվից գալու և ավելի ընդգրկուն պատասխան ներկայացնելու կարիք տվյալ դեպքում չկա: Անփոխարինելի դառնալու վերջին քայլերից էին սահմանադրական փոփոխությունները և ԱԺ ընտրությունները:

Գործի դրվեց խաբեությունն ու կեղծիքը: Հայտարարվեց, որ Սերժ Սարգսյանը դեմ է խորհրդարանական կառավարման մոդելին (իրականում՝ ՀՀԿ ղեկավարը սահմանադրական փոփոխությունները նախաձեռնել էր հենց խորհրդարանակա՛ն կառավարման համակարգին անցնելու համար), և եթե ընդունվի խորհրդարական կառավարման մոդելը, ապա Սարգսյանը չի հավակնի վարչապետի աթոռին (իրականում՝ ՀՀԿ ղեկավարը Սահմանադրությունը փոխում էր, որպեսզի վարչապետի կարգավիճակով վերարտադրվի):

Սահմանադրական հանրաքվեի տոկոսները «խփելուց» հետո խորհրդարանական ընտրությունների ժամանակ «ռեյտինգային ջիգիթների» միջոցով «խփվեցին» անհրաժեշտ տոկոսները: Հենց այդ տոկոսներն էլ հնարավորություն են տվել Սերժ Սարգսյանին դառնալ անփոխարինելի: Ասել է թե՝ Սերժ Սարգսյանը հրաժարվում է իր խոստումից ոչ թե անվտանգության կամ ուրիշ նկատառումներից ելնելով, այլ ներքաղաքական դասավարության արդյունքում: Եթե ներքաղաքական այլ հաշվեկշիռ ունենայինք, ապա նա շատ հանգիստ կփոխարինվեր:

Հիմա մնում է տեսնել, թե արդյոք Հայաստանն առաջիկայում վերջնականապես գնալու է մահմեդական ու արևելյան քաղաքական մշակույթին հարի՞ր ճանապարհով, թե՞ մենք մնալու ենք, թեկուզև ծայրամասային, բայց, այդուհանդերձ, արևմտյան քաղաքակրթության մաս:

Յուրաքանչյուր մարդ էլ յուրովի անփոխարինելի է, բայց երբ դա դրսևորվում է պետական կառավարման համակարգում և ղեկավարի պաշտոնում, ապա ստանում ենք հետընթաց և լճացում: Հետևաբար՝ անկախ անձից, պետության ղեկին մարդը միշտ պետք է լինի փոխարինելի: Հատկապես, երբ հետընթաց է ապահովել ու կարող է լճացման տանել:

Անփոխարինելի պետք է լինեն ՀՀ-ի ու ՀՀ քաղաքացիների շահերը:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը