Մեկնաբանություն

18.04.2018 11:10


Սերժ Սարգսյանի պյուռոսյան հաղթանակը

Սերժ Սարգսյանի պյուռոսյան հաղթանակը

Երեկ Սերժ Սարգսյանը վերջապես հասավ իր մուրազին: 77 հոգի կողմ քվեարկեց, որպեսզի նա դառնա վարչապետ (ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ի անդեմ զանգվածը հնազանդ հարսի պես պահեցին իրենց):

«Դեմ» քվեարկեցին «Ելք»-ի բացահայտված հաճախորդները (ժանրի կանոնն է այդպիսին):

«Ծառուկյան» դաշինքը ազատ էր թողել քվեարկությունը, ինչը նշանակում է, որ միասնական որոշում անցկացնելը Գագիկ Ծառուկյանին չի հաջողվել դաշինքում առկա գլխաքանակային բալաստի, ինչպես նաև իշխանությունների անհատական ճնշումների արդյունքում:

«Ծառուկյան» դաշինքի արժանապատվություն ունեցող թևը (նաև՝ Ծառուկյանին հավատարմություն ունեցող) «դեմ» քվեարկեց (Նաիրա Զոհրաբյան, Միքայել Մելքումյան, Արարատ Զուրաբյան, Իվետա Տոնոյան, Լուիզա Սարգսյան, Վահե Էնֆիաջյան, Մարինա Մարգարյան, Շաքե Իսայան, Տատյանա Միքայելյան, Գևորգ Պետրոսյան, Հակոբ Նազարյան, Նորա Առուստամյան, Վարդևան Գրիգորյան) կամ չմասնակցեց նիստին (Վահան Կարապետյանը և Տիգրան Ստեփանյանը մասնակցում էին նիստին, բայց չքվեարկեցին, ինչը «դեմ»-ին հավասարազոր էր, իսկ ահա Սերգեյ Բագրատյանի մասնակցելն ու չքվեարկելը, հաշվի առնելով նրա հրապարակային խոսքերն ու նախկինում արված ֆեյսբուքյան «թունդ» գրառումները, հավասարազոր էր «կողմ» քվեարկելուն): Նիստից բացակայում էին Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Ինչ վերաբերում է Տիգրան Ուրիխանյանին, ապա նա ԱԺ-ում էր, սակայն չգիտես ինչու չգրանցվեց ու չմասնակցեց քվեարկությանը, ինչը որոշակի եզրահանգումների տեղիք է տալիս:

Գագիկ Ծառուկյանը չմասնակցեց նիստին, ինչը ցուցադրական դեմարշի էր նման և ներիշխանական ու կուլիսային բարքերը հաշվի առնելով, ինչպես նաև հաշվի առնելով փողոցում տիրող իրավիճակը՝ ավելին էր, քան պարզապես «դեմ» քվեարկելը:

Եվ այսպես, Սարգսյանն ինչպես սկսեց իր նախագահական իշխանությունը 2008-ին (ժողովրդի բողոք, ոստիկաններ, փշալարեր, բախումներ և այլն), այնպես էլ ավարտեց: Հիմա նույնը տեղի է ունենում վարչապետության մեկնարկին: Սա յուրօրինակ դեժավյու է ՀՀԿ ղեկավարի համար:

Սարգսյանը հասավ իր մուրազին, բայց ծանր գնով ու վտանգված հեռանկարով: Սա պյուռոսյան հաղթանակ էր: Նա ստիպված էր հենց ԱԺ-ում պայթեցնել իր «լուսավոր» ու «հանրապետական» հաճախորդներին՝ Էդմոն Մարուքյանին ու Արամ Սարգսյանին, մինչդեռ այլ իրավիճակում դա չէր ուզենա անել:

Սարգսյանը ստիպված էր գին վճարել Վլադիմիր Գասպարյանին, քանզի հիմա բացառապես ոստիկանության շնորհիվ է հայտնվել վարչապետի աթոռին: Դա, ի դեպ, վտանգավոր է դառնում Գասպարյանի համար, քանզի ՀՀԿ ղեկավարը չի սիրում կախվածություն ունենալ:

Սարգսյանը ստիպված է եղել նաև հաշվի նստել իր «թիմակիցների», ինչպես նաև ԲՀԿ խմբակցության որոշակի անդեմ ու անթասիբ զանգվածի հետ: Նաև՝ ՀՅԴ-ի նազուտուզին դիմանալ (ՀՅԴ-ի վարքագիծը առանձին քննադատության է արժանի):

Խորհրդարանական կոճակային մեծամասնության վարչապետ Սարգսյանն իր մուրազին հասնելու ճանապարհին քաղաքականապես ոչնչացրեց իր ու ժողովրդի արանքում բուֆերի դեր կատարող Կարեն Կարապետյանին (հանուն արդարության պետք է նկատել, որ Կարապետյանի քաղաքական ոչնչացմանը նպաստեց նաև ինքը Կարապետյանը՝ քաղաքական անմեղսունակություն դրսևորելով), ինչի արդյունքում հիմա ՀՀԿ ղեկավարը կանգնած է իրեն չընդունող հանրության դեմ մեն-մենակ:

«Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին»-ը այլևս դարձել է ազգային գաղափար: Եվ անկախ այն բանից, թե ինչ կոնկրետ արդյունք կարձանագրվի փողոցում տեղի ունեցող գործընթացներից հետո, Սերժ Սարգսյանին ծանր ժամանակներ են սպասում:

Հիմա Սարգսյանը շատ ավելի վատ հանրային ընկալում ունի, քան նույնիսկ 2008-ի մարտ 1-ի դեպքերից հետո: Այն ժամանակ իրեն հանրությունը դեռ այդքան չէր ճանաչում, կային նաև Լևոն Տեր-Պետրոսյանին չընդունողներ, երկիրը անկման մեջ չէր և դեռ շատերը չգիտեին, որ կեղծ խոստումներ տալը Սերժ Սարգսյանի համար ջուր խմելու պես մի բան է:

2008-ից հետո նա սկսեց սուտ խոստումներ տալ, իսկ ընդդիմության դեմն առավ տխրահռչակ հայ-թուրքական գործընթաց նախաձեռնելով: 10 տարի առաջ հանրային մի հատված կար, որը նրանից սպասում ուներ, իսկ մի շերտ էլ հավատացել էր նրա խոստումներին ու ժամանակ տվել: Բացի այդ՝ նրան հաջողվեց իր քարոզչագործիքներով ու հաճախորդներով կեղծ թիրախներ հրամցնել, թե բա խեղճ Սերժն ինչ մեղավոր է, մյուսներն են խանգարում (Քոչարյանը, Պուտինը, Լևոնը, Ծառուկյանը, «օլիգարխները» և այլն):

Սպասումները Սերժ Սարգսյանից իսպառ վերացան 2008-ից երկու-երեք տարի անց: Հիմա բոլորը գիտեն, թե ով է իրականում Սերժ Սարգսյանը: Այժմ նրա հանրային լեգիտիմությունը գրեթե զրոյական մակարդակի վրա է: Դա է պատճառը, որ մարդիկ դուրս են եկել փողոց, իսկ ովքեր էլ որ բուն գործողություններին կամ հանրահավաքներին չեն մասնակցում, միևնույն է հոգով-սրտով փողոցում հավաքվածների կողմն են ու Սերժ Սարգսյանի դեմ:

Սարգսյանը կրկին սրերի օգնությամբ է իշխանության գալիս: Բայց որքա՞ն նա կդիմանա սրերի վրա նստած: Նա հիմա բուֆերներ չունի ո՛չ հաճախորդաց ճամբարում, ո՛չ իշխանական տիրույթում: Սերժ Սարգսյանն ինքնաթիրախավորվել է:

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.: Վարչապետ դառնալու հավակնություն ցուցաբերելիս Սերժ Սարգսյանը մեկ հավելում արեց, թե բա կհամաձայնեմ, եթե ժամանակ ունենամ երիտասարդներ թրծելու և երևացող ու չերևացող փորձս նրանց փոխանցելու: Դա, իհարկե, ցմահ վարչապետ մնալու «ատմազկա» էր (միշտ էլ փորձելու են տոկոս «խփել», կոճակային մեծամասնություն ձևավորել ու որևէ Գալուստ Սահակյանի հանձնարարել ասելու, թե բա Սերժ Սարգսյանը դեռ չի հասցրել իր փորձը փոխանցել երիտասարդությանը, հետևաբար՝ անփոխարինելի է), բայց եթե նույնիսկ մի պահ ընդունենք, որ նա անկեղծ է եղել, ապա վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները ցույց տվեցին, որ երիտասարդությունը չի ցանկանում նրա փորձը վերցնել: Ավելին՝ երիտասարդությունը ցանկանում է օր առաջ ազատվել այդ փորձի կրողից:

Այս խորագրի վերջին նյութերը