Քաղաքական

22.04.2018 21:57


«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանի կոչը ՀՀ քաղաքացիներին

«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանի կոչը ՀՀ քաղաքացիներին

Սիրելի հայրենակիցներ, ՀՀ արժանապատիվ քաղաքացիներ։ Ազատության և անկախության համար մղվող մեր պայքարն արդեն իսկ հեղափոխություն է ամրագրել։ Անկախ այն հանգամանքից, որ այս պահին շարժման առաջնորդներս ապօրինի ձերբակալվել ենք չեն դադարում քաղաքացիական անհնազանդության դրսևսորումները, որից մեկին էլ այսօր ականատես եղա դատաբժշկական փորձաքննությունից ձերբակալվածների պահման վայրն (ՁՊՎ) տեղափոխվելու ժամանակ, երբ քաղաքացիները փակել էին Չարենցից Նալբանդյան տանող ճանապարհը։

Սիրելիներս,
Ընկերներիս և ինձ ազատությունից զրկել, պայքարող քաղաքացիներին ահաբեկելը, նրանց գույքը վնասելը խոսում է այն մասին, որ Սերժ Սարգսյանի ստեղծած ապօրինի ռեժիմն իր վերջին ճիգերն է գործադրում ժողովրդից խլած իշխանությունը պահելու համար։ Այս պահին զրկված լինելով ամբողջական տեղեկատվությունից այնուամենայնիվ տեղյակ եմ, որ ընկերներիցս ոմանք դեռ ազատության մեջ են և շարունակում են համատեղ սկսած պայքարը, որի նպատակը ոչ միայն Սերժ Սարրգսյանի ռեժիմից ազատվելն է, այլ՝ նոր, ժողովրդավարական համակարգի հաստատումը։

Պաշտելի քաղաքացիներ,
Տևական իմ պայքարի ընթացքում միշտ հավատացել եմ ձեզ, հավաքականության այս սպասված ու բախտորոշ օրերին, հավատացել եմ, որ արժանապատվություն ունենք և ոչ մի զարգացած ազգից պակաս չենք։

Կոչս՝ երբեք, երբեք, երբեք չդադարեք պայքարել, արեք խաղաղ անհանզանդության ձեր քայլը և մերժեք Սերժին ու իր համակարգին։
Մեր հաղթանակը մոտ է, դուրս եկեք փողոցներ դուք եք տերը այս երկրի։

Ձեզ սիրող
ՀՀ հպարտ քաղաքացի Դավիթ Սանասարյան

Այս խորագրի վերջին նյութերը