Աշխարհ

08.09.2018 08:27


Ապաքրեականացված վրացական մարիխուանան և Հայաստանը

Ապաքրեականացված վրացական մարիխուանան և Հայաստանը

Ս.թ. հուլիսի 30-ին Վրաստանի Սահմանադրական դատարանը բավարարեց ընդդիմադիր «Գիրչի» կուսակցության հայցը և վերացրեց մարիխուանա օգտագործելու համար քրեական պատասխանատվությունը: Սահմանադրական դատարանի որոշման համաձայն, Վրաստանում մարիխուանայի սպառումը ապաքրեականացվում է։

Այս որոշման հետ կապված մեծ ալիք բարձրացավ նաև սոցիալական ցանցերում: Որոշներն էլ անվանեցին «պատմական որոշում»:

Ի՞նչ է նշանակում մարիխուանայի ապաքրեականացումը Վրաստանում

Մարիխուանայի ապաքրեականացում չի նշանակում, որ այն օրինական է: Մարիխուանա օգտագործելու համար այսուհետ Վրաստանի քաղաքացիները կենթարկվեն վարչական պատասխանատվության: Սահմանադրական դատարանի որոշումը չի վերաբերում մարիխուանա գնելուն և պահպանելուն: Այս տեսանկյունից շարունակում են գործել մինչ այս առկա օրենքները: Մասնավորապես, մինչև 70 գրամ չորացրած վիճակում և մինչև 100 գրամ կանաչ մարիխունա անձնական օգտագործելու համար ձեռք բերման և պահպանման համար քաղաքացիները չեն բանտարկվի` Սահմանադրական դատարանի 2015 և 2017 թվականների որոշումների համաձայն:

Նշանակալի է նաև այն փաստը, որ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը մարիխուանայի կիրառման հետ կապված օրենսդրական փոփոխություններ է պատրաստել, ըստ որի մարիխուանայի օգտագործումն արգելվում է. հասարակական վայրերում, հասարակական տրանսպորտում, անչափահասների ներկայությամբ, 18 տարեկանից ցածր անձանց, ուսումնամեթոդական հաստատությունում։ Բացի այդ, ըստ նախարարության, մարիխուանայի ազդեցության տակ տրանսպորտային միջոց վարելու համար վարորդը կենթարկվի քրեական պատասխանատվության:

Այս հարցի շուրջ «Ալիք Մեդիան» խոսել է վրացագետ Ջոնի Մելիքյանի հետ, ով իր հերթին նշել է վերը թվարկված օրենքի, այսպես կոչված, ոչ լիարժեքությունը և մի շարք անհամապատասխանությունները՝ ընդգծելով նաև ՆԳ նախարարության պատրաստած փոփոխությունները, որը կքննարկվի կառավարության առաջիկա նիստում:

Նշենք նաև, որ ՆԳ նախարարության պատրաստած օրինագծի համաձայն, որոշ մասնագիտություններ ունեցող անձինք, առհասարակ, զրկվելու են մարիխուանայի օգտագործման իրավունքից:

«Մարիխուանայի ապաքրեականացմանը դեմ պայքարողները խոսում են այն մասին, որ եթե նույնիսկ մարիխուանան այդպես լուրջ վտանգ չի ներկայացնում, բայց նույն մարիխուանա ծխելով մարդիկ կարող է ավելի լուրջ միջոցներ ևս օգտագործեն: Սրա դեմ ավանդաբար եկեղեցին էլ է դուրս գալիս և, իհարկե, ներքին գործերի նախարարության կողմից մշակված փոփոխություններն այդ մասին են վկայում»,-ասում է Մելիքյանը:

Վրացագետը մեզ հետ զրույցի ժամանակ նշում է այն փաստը, որ Վրաստանում տեղի ունեցող փոփոխությունները իրենց ազդեցությունն են ունենում Հայաստանի վրա, ինչն անխուսափելի է, սակայն այս ամենն ունի լավ կողմ. «Այն փոփոխությունները, որոնք Հայաստան են գալիս հարևան երկրից, մենք օգտվում ենք իրենց փորձից, խուսափում այն սխալներից, որոնք այնտեղ թույլ են տրվել»:

Ըստ Մելիքյանի, Վրաստանը դեռևս հեռու է Հոլանդիայից, որտեղ կարելի է պարզապես գնալ սրճարան ու մարիխուանա ծխել:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը