Աշխարհ

10.09.2018 20:39


Պոլսահայ երգիչը կարող է ընդգրկվել «Թուրքիայի ձայնը» երաժշտական մրցույթի ժյուրիում

Պոլսահայ երգիչը կարող է ընդգրկվել «Թուրքիայի ձայնը» երաժշտական մրցույթի ժյուրիում

Թուրքիայի «TV8» հեռուստաալիքի եթերում հեռարձակվող «Թուրքիայի ձայնը» միջազգային ձևաչափի երաժշտական մրցույթի ժյուրիում կարող է հայ հայտնվել։

Թուրքական լրատվամիջոցների համաձայն՝ նոր եթերաշրջանում մրցույթի ժյուրիում կատարվել են փոփոխությունները։ Խոսակցություններ են պտտվում, որ ժյուրիի կազմից հեռացող Գյոքհան Օզօղուզի փոխարեն նախագիծ կմտնի պոլսահայ անվանի երաժիշտ Հայկո Ջեփքինը։

Ժյուրիում Ջեփքինի հնարավոր ներգրավվածության մասին լուրերը թուրք օգտագերերի շրջանում բուռն քննարկումների առիթ են հանդիսացել։ Հայտնի է, որ մրցույթի 8-րդ եթերաշրջանը եթեր կհեռարձակվի սեպտեմբերին։

Ռոք երաժիշտ Հայկո Ջեփքինը ծնվել է 1978թ․ մարտի 11-ին՝ Ստամբուլում։ Ուսանել է Ստամբուլի հայկական Կենտրոնական վարժարանում, ապա Միմար Սինանի անվան համալսարանում՝ երգեցողության, սոլֆեջոյի և դաշնամուրի բաժնում։

Ջեփքինը 4 երաժշտական ալբոմի հեղինակ է, նկարահանվել է որոշ թուրքական հեռուստասերիալներում, համագործակցել Թուրքիայի երաժշտական աշխարհի մի շարք առաջատար դեմքերի հետ։ Յուրօրինակ կերպարով հայ երաժիշտը նաև յուրօրինակ հոբբիներ ունի․ Հայկոն պարաշուտային սպորտի մեծ սիրահար է և ձգտում է այս ոլորտում չեմպիոն դառնալ։ Օրեր առաջ՝ սեպտեմբերի 2-ին Թուրքիայում կայացած մի երաժշտական փառատոնի ժամանակ Ջեփքինը հանդիսատեսին հիացրեց պարաշյուտով անմիջապես համերգային հրապարակ իջնելով։

Մանրամասները՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը