Մեկնաբանություն

17.10.2018 12:05


Հեռացող դեսպանն ու մոտեցող խնդիրները

Հեռացող դեսպանն ու մոտեցող խնդիրները

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, անդրադառնալով Ղարաբաղի խնդրին, նշել է, որ «գրավյալ որոշ տարածքների վերադարձն անխուսափելի է»:

Դեսպանի այդ կարծիքն առաջին անգամ չէ, որ հնչում է: Արդեն ավանդույթ է դարձել, որ Հայաստանում իրենց դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպանները խոսում են «գրավյալ» տարածքներից ու դրանք հանձնելու անխուսափելիությունից:

Ասել, որ դա ընդամենը դեսպանի կարծիք է, սխալ կլինի: Դա բանակցային միջնորդ հանդիսացող երկրների միասնական պաշտոնական տեսակետն է, բայց որի բարձրաձայնումը դրվել է ամերիկացիների վրա:

Հարց կարող է առաջանալ, որ եթե կա այդ միասնական տեսակետը, ապա ինչո՞ւ աշխարհի հզորները չեն պարտադրում Հայաստանին հանձնել տարածքները: Բանն այն է, որ ՌԴ-ի, ԱՄՆ-ի ու ԵՄ-ի մոտ կան տարբեր շահեր, ու եթե նրանք միասնական տեսակետ են հայտնում, ապա դա ամենևին չի նշանակում միասնական գործողություն կամ միասնական շահեր:

Եռանախագահող երկրների միջև կան աշխարհաքաղաքական շահերի բախումներ, ինչն էլ առայժմ հնարավորություն է տալիս Ղարաբաղում պահել ստատուս քվոն (թեև 2016-ի ապրիլյան պատերազմի արդյունքում այդ ստատուս քվոն փոխվեց ի վնաս մեզ):

Միջնորդ երեք խոշոր խաղացողներից որևէ մեկը մեր տարածաշրջանում այնքան հզոր չէ, որ կարողանա մյուսների շահերն անտեսելով միանձնյա որոշում կայացնել ու լուծում պարտադրել Հայաստանին, Ղարաբաղին և Ադրբեջանին (դա նշանակում է, որ Ղարաբաղի հարցի լուծման բանալիները գտնվում են Ստեփանակերտում, Երևանում ու Բաքվում): Արտաքին ուժերի որոշակի հաշվեկշռի պայմաններում հարցը տեղափոխվում է մեր ու Ադրբեջանի միջև առկա ռազմաքաղաքական և տնտեսական հաշվեկշռի տիրույթ, որտեղ մենք վերջին տարիներին անընդհատ զիջել ենք մեր դիրքերը: Այդ հաշվեկշռի խախտման հետևանքով է, որ արդեն խոսվում է ոչ թե «Տարածքներ՝ կարգավիճակի դիմաց», այլ «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևի մասին, ինչը բացարձակապես անընդունելի գաղափար է և չի բխում մեր երկրի շահերից, քանզի այդպիսով ոչ թե խաղաղություն կհաստատվի, այլ կստանանք պատերազմ ու անխուսափելի կապիտուլյացիա:

Ի դեպ, «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևի քարոզը շատ զգուշորեն ու հեռվից իրականացնում է Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը:

Վարչապետի կնոջ խաղաղասիրական գործունեությունը միգուցե այլ ենթատեքստ ունի, բայց դրա արտաքին տպավորությունն ամբողջությամբ տեղավորվում է «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևում: Թերևս հստակեցման անհրաժեշտություն կա այս հարցում և Փաշինյանը դա պետք է անի:

Ինչ վերաբերում է ԱՄՆ դեսպանի ասածների պաշտոնական արձագանքին, ապա մինչև այսօր առավոտյան ՀՀ իշխանությունները լռում էին: Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը Միլսի ասածները համարում է «հեռացող դեսպանի հեռացող մեսիջ»:

Դեսպանն, այո՛, հեռանում է և մեսիջն իր հետ տանում, բայց պաշտոնական Երևանը պետք է հստակ արձագանքի Միլսի ասածներին ու զուգահեռաբար հանրային լայն երկխոսություն իրականացնի անխուսափելիորեն մոտեցող խնդիրների մասին, որպեսզի պարզ դառնա, թե ո՞րն է ՀՀ պաշտոնական տեսակետը Ղարաբաղի հարցում: Թե չէ արտգործնախարար Մնացականյանը մի բան է ասում ու անում, Փաշինյանը այլ բաներ է ասում ու անում, բայց արդյունքում ստացվում է «կաշա», այն էլ այնպիսի հարցում, ինչպիսին ՀՀ ու Արցախի անվտանգության ապահովման հարցն է:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը