Աշխարհ

08.12.2018 16:56


Ադրբեջանում քննարկում են, թե արդոք կարելի է կնոջը ծեծել դավաճանության համար

Ադրբեջանում քննարկում են, թե արդոք կարելի է կնոջը ծեծել դավաճանության համար

Ադրբեջանում շարունակվում են թեժ վեճերը մի կնոջ պատմության շուրջ, որին ամուսինը ծեծել է և գլուխը սափրել՝ դավաճանության համար կասկածելով։ Այս մասին հայտնի է դարձել մոտ մեկ շաբաթ առաջ, իսկ վերջերս ևս մեկ նման դեպք է հայտնի դարձել։

Մինչ իրավապահ մարմիններն, ինչպես իրենք են պնդում, «հետաքննություն են իրակաանցնում», մարդիկ սոցցանցերում քննարկում են, թե ով է մեղավոր՝ ամուսիննե՞րը, որոնք իրենց կանանց հետ այդպես են վարվում, թե՞ կանայք, որոնք նման պահվածք են սադրում։

Դեպք առաջին․ պատիժ դավաճանության համար

Կիսլովոդկսում ապրող ադրբեջանցին կնոջը կասկածել է դավաճանության համար։ Որպես «ոտնահարված պատվի դիմաց պատիժ» նա ծեծել է կնոջն ու գլուխը սափրել՝ նկարահանելով այդ ամենը։ Պատիժն իրականացնելիս նրան օգնել են ծնողները։

Երբ այդ տեսանյութը հայտնվել է համացանցում, մեծ սկանդալ է առաջացել։ Տուժածի մայրը ոստիկանություն է դիմել։ Հայտնի է դարձել, որ ընտանիքում նախկինում էլ են կոնֆլիկտներ եղել, և կինը որոշ ժամանակով լքել էլ է ամուսնուն, բայց հետո վերադարձել է։

Սոցցանցերի արձագանքը

Այս թեման սոցցանցերում ամենաքննարկվողն էր այս շաբաթվա ընթացքում։ Եվ, դրա մասին խոսելիս, օգտատերերը ոչ միայն ամուսնուն էին քննադատում։ Շատերի կարծիքով՝ նա ճիշտ է արել։ Ընդհանուր առմամբ, հասարակությունը բաժանվել էր ոչ թե երկու, այլ մի քանի ճամբարի։ Ոմանք կնոջը մեղադրում էին, որ շարունակել է ապրել այդպիսի ամուսնու հետ։ Մյուսները քննադատում էին նրանց, ովքեր ամուսնուն էին պաշտպանում։

Մի քանի մեկնաբանություն․

«Անգամ եթե նա դավաճանել է, ջղայնացիր վրան, գոռա, ծայրահեղ դեպքում՝ հայհոյիր և, ի վերջո, բաժանվիր։ Թե չէ այդ ի՜նչ գազանություն է։ Ո՞վ կարող է ձեռք բարձրացնել մյուսի վրա»

«Նրան տեղն է։ Դավաճանության համար ի՜նչ ծեծել, կախելն էլ է քիչ»

«Նրանք, ովքեր մեղադրում են այս տղամարդուն, թող իրենց նրա տեղը դնեն։ Իրենք ի՞նչ կանեին»

«Լավ ամուսինների կանայք չեն դավաճանում։ Երևի ամուսնու մեղքն է»

«Այսպիսի բաները պետք է ընտանիքում մնան, ոչ թե հրապարակվեն։ Տղամարադը կպատժվի օրենքով, իսկ կնոջն Աստված կպատժի»

«Մի կողմից, խղճում եմ կնոջը։ Մյուս կողմից, նա ամուսնուց մինչև հիմա չի հեռացել, ինչո՞ւ կյանքը նորից չի սկսել, այլ սրան է հասցրել»

«Սիրտս խառնում է այսպիսի տղամարդկանցից․ և նրանից, ինչ տեսանյութում է, և նրանցից, ովքեր ամուսնուն արդարացնում են մեկնաբանություններում»

«Թող անիծվի նա, ով նման բան է արել»

«Նրանց, ով կողմ է բռնությանն ու դաժանությանը, պետք է մեկընդմիշտ ամորձատել»

Դեպք երկրորդ․ բռնության 14 տարի

Երկրորդ դեպքը տեղի է ունեցել Ադրբեջանի շրջաններից մեկում։ Այդ մասին հայտնի է դարձել «Ադրբեջանի երեխաներ» միավորման ղեկավար Քյամալա Աղազադեից։ Նա պատմել է, որ իրենց ապաստարան է դիմել մի կին, որն ամուսնուց է փախել։ 14 տարի շարունակ նա կանոնավոր կերպով ծեծել է կնոջը տարբեր պատճառներով, նույնպես սափրել է գլուխը և ամեն կերպ նվաստացրել կնոջը։

Կինը փորձել է վերադառնալ ծնողների տուն, սակայն հայրը պայման է դրել․ այդ դեպքում նա կնոջ երկու փոքր աղջիկներին թույլ չի տա սովորել, արագ կամուսնացնի նրանց։ Այժմ այդ խնդրով զբաղվում է «Ադրբեջանի երեխաներ» միավորումը։

Վիճակագրություն

Բաքվում վերջերս կոնֆերանս է տեղի ունեցել, որը նվիրված էր «Կանանց և աղջիկների հանդեպ բռնության կասեցում» 16-օրյա արշավին։ Այդտեղ ելույթ ունենալիս ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ադիգյոզալ Ադիգյոզալովն ասել է, որ Ադրբեջանում կանանց հանդեպ հանցագործությունները նվազել են։ 2018թ-ին գրանցվել է ընտանեկան բռնության 678 դեպք, ինքնասպանության և ինքնասպանության հասցնելու 135 դեպք այդ հողի վրա և պատասխանատվության է ենթարկվել 2004 մարդ, որոնք մեղավոր են ճանաչվել կանանց հանդեպ հանցագործությունների համար։

Սակայն փորձագետները բողոքում են , որ կանանց հանդեպ ընտանեկան բռնության և կենցաղային հողի վրա կանանց սպանության մասին ճշգրիտ վիճակագրություն հնարավոր չէ գտնել։ Այդ պատճառով էլ հետազոտողները ստիպված են հետևել քրեական նորություններն։ Եվ, այնուամենյանիվ, այն դեպքերը, որոնց մասին ոստիկանություն չեն հայտնում, «կադրից» դուրս են մնում։

Աղբյուրը՝ jam-news.net

Այս խորագրի վերջին նյութերը