Աշխարհ

25.12.2018 14:59


Լուկաշենկո․ Ռուսաստանը այլևս Բելառուսի համար եղբայրական երկիր չէ (տեսանյութ)

Լուկաշենկո․ Ռուսաստանը այլևս Բելառուսի համար եղբայրական երկիր չէ (տեսանյութ)

Ռուսաստանը այլևս Բելառուսի համար եղբայրական երկիր չէ՝ պարզապես ռազմավարական գործընկեր է: Այդ մասին երեկ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի հետ հարաբերություններին նվիրված խորհրդակցության ժամանակ:

Այսօր Մոսկվայում նախատեսված են Լուկաշենկոյի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները, որոնց հիմքում ռուս-բելառուսական տարաձայնություններն են նավթի արտահանման և վաճառքի ոլորտում Ռուսաստանի հարկային փոփոխությունների շուրջ:

Խնդիրն այն է, որ բելառուսական բյուջեի մի զգալի մասը կազմում է ռուսական նավթի վերավաճառքից առաջացած եկամուտը, իսկ այդ հարկային փոփոխությունների հետևանքով առաջիկա հինգ տարիներին, բելառուսական կողմի հաշվարկներով, Բելառուսը կարող է կորցնել շուրջ 10 միլիարդ դոլար:

Պաշտոնական Մինսկը Մոսկվայից փոխհատուցում է պահանջում եկող տարվա համար շուրջ 300 միլիոն դոլար: Մոսկվան էլ ասում է, թե որևէ խոստում փոխհատուցման մասին Մինսկին չի տվել: Մինսկը հակառակն է պնդում: Լուկաշենկոն երեկ հայտարարել է, թե Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի սկզբին այս մասին պայմանավորվել է Պուտինի հետ:

Այսօր Լուկաշենկո-Պուտին բանակցություններում հնարավոր է նաև, որ քննարկվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի հարցը, հատկապես որ դեկտեմբերի 27-ին Ռուսաստանի նախագահը հանդիպելու է նաև Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:

Սակայն հիմնականը այսօր կայանալիք ռուս - բելառուսական բանակցություններում ֆինանսական տարաձայնություններն են: Սա առաջին անգամը չէ, և կարելի է ասել՝ սովորական պատմություն է երկու երկրների միջև հարաբերությունների համար: Նման դեպքերում Մոսկվան սովորաբար զիջում է և Մինսկին նոր վարկ է տրամադրում:

Բելառուսը այսօր Ռուսաստանի ըստ էության միակ դաշնակիցն է Եվրոպայում:

Վերջին շաբաթներին Մոսկվայում փորձագետները նշում են, թե ռուս-բելառուսական այս նոր ճգնաժամի հիմքում է՛լ ավելի խորը ինտեգրման Ռուսաստանի փորձերն ու ճնշումն է, ինչը Բելառուսը ընկալում է որպես ոտնձգություն երկրի ինքնիշխանության դեմ: Այդ մասին, ի դեպ, օրերս հայտարարել էր Լուկաշենկոն:

Ռուսաստանի և Բելառուսի միջև դե յուրե գործում է նաև Միասնական պետության մասին պայմանագիրը: Բելառուսական կողմը, սակայն, համարում է, թե Եվրասիական տնտեսական միության ստեղծումից հետո այդ պայմանագրի շատ դրույթներ կորցրել են իրենց իմաստը:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը