Աշխարհ

14.01.2019 19:16


2018-ին Թուրքիայից արտագաղթողների թիվը 63%-ով ավելացել է

2018-ին Թուրքիայից արտագաղթողների թիվը 63%-ով ավելացել է

2018 թվականին Թուրքիայից մեկնածների թիվը 2017-ի համեմատ 63%-ով աճել է: Այս մասին Թուրքիայի մեջլիսում հայտարարել է քեմալական ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) պատգամավոր Ութքու Չաքըրոզերը: Վերջինիս ներկայացրած տվյալներով՝ 2018-ին Թուրքիայից հեռացել է 113.000 մարդ:

«Այս թիվը 2017-ին 69000 է եղել, 1 տարում 63%-ով աճել է: Գնացողների վերաբերյալ արված տարբեր հետազոտությունները հետաքրքիր մանրամասներ են ի հայտ բերել: Նրանց մեծամասնությունը 25-35 տարեկան երիտասարդներ են: Զգալի մասը լավ պայմաններում ապրած, կրթված, մասնագիտություն ունեցողներ են: Օրինակ՝ վերջին մեկ տարվա ընթացքում Նիդեռլանդներ մեկնելու համար 1000-ից ավելի բժիշկ, ինժեներ ու հետազոտողներ են դիմել: Մեծացել է նաև արտերկիր մեկնող կանանց թիվը 37%-ից հասնելով 42%-ի»,- տեղեկացրել է պատգամավորը:

Ըստ Չաքըրոզերի՝ խնդրի ամենակարևոր պատճառը Թուրքիայում ժողովրդավարության վատ վիճակն ու մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների ոլորտներում գրանցված հետընթացն է:

«Իշխանությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու որևէ մեխանիզմ չկա: Հրապարակված ցուցանիշների համաձայն՝ Թուրքիան օրենքի գերակայության ոլորտում 113 երկրների շարքում 101-րդն է, մամուլի ազատության ոլորտում 180 երկրների մեջ՝ 157-րդը, Խաղաղության միջազգային ինստիտուտի հետազոտությունների համաձայն էլ՝ 149-րդն է 163 երկրների շարքում: Մեդիան ճնշման տակ է, քաղաքացիական հասարակությունն ահաբեկվում է, թիրախավորվում է»,- ասել է պատգամավորը՝ առաջարկելով արտագաղթի պատճառները ուսումնասիրելու նպատակով մեջլիսում հանձնաժողով ձևավորել:

Չաքըրոզերի առաջարկը, սակայն, մերժել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ):

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը