Աշխարհ

24.01.2019 11:25


Պուտին-Էրդողան հանդիպումը դռնփակ է անցել

Պուտին-Էրդողան հանդիպումը դռնփակ է անցել

Մոսկվայում հունվարի 23-ի ուշ երեկոյան ավարտվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Այն ընթացել է դռնփակ պայմաններում։

Հանդիպմանը թուրքական պատվիրակությունից ներկա են եղել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Ազգային հետախուզական ծառայության պետ Հաքան Ֆիդանը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը, գյուղատնտեսության և անտառային ռեսուրսների նախարար Բեքիր Փաքդեմիրլին, Թուրքիայի նախագահականի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը և Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։

Երկու երկրների նախագահներն այնուհետև մամուլի ասուլիս են տվել: Պարզվել է, որ հանդիպմանը քննարկվել են ռուս-թուրքական հարաբերություններին առնչվող բազմաթիվ հարցեր, ինչպես նաև Սիրիայում տեղի ունեցած վերջին զարգացումները։

Խոսելով ռուս-թուրքական հարաբերություններից՝ Էրդողանը կարևորել է տարեցտարի աճող առևտրաշրջանառության ծավալները։ 2018թ. երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները հասել են 26 մլրդ դոլարի։ Նա կարևորել է Թուրքիայում Ռուսաստանի կողմից կառուցվող «Աքքույու» ատոմակայանի և «Թուրքական հոսք» գազատարի գործոնները։

Սիրիական խնդրի վերաբերյալ Էրդողանն ասել է, որ ԱՄՆ-ի զինուժի դուրսբերումը Սիրիայից դրական քայլ էր, որին կողմ է նաև Ռուսաստանը։ Նա կարևորել է պայքարը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության և Սիրիայի քուրդ զինյալների դեմ (Թուրքիան նրանց նույնպես ահաբեկիչներ է համարում)։ Էրդողանի պնդմամբ՝ քրդերը փորձում են վնասել ռուս-թուրքական համագործակցությանը Սիրիայում։

Թուրքիայի նախագահը հայտնել է, որ Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Սիրիայի հյուսիսում ստեղծվելիք անվտանգության գոտու, ինչպես նաև ապառազմականացված գոտի հայտարարված Իդլիբի հարցը։ Անվտանգության գոտու մասով, ըստ Էրդողանի, Ռուսաստանի հետ խնդիրներ չկան, քանի որ դրա ստեղծման նպատակը ահաբեկչության դեմ պայքարն է։

Պուտինը նույնպես կարևորել է անվտանգության գոտու ստեղծումը՝ նշելով, որ Թուրքիան դրանով ապահովում է իր հարավային սահմանների անվտանգությունը։ Մեծ նշանակություն է տրվել Սիրիայում սահմանադրական հանձնաժողովի ստեղծումը։

Աղբյուրը` Ermeni haber

Այս խորագրի վերջին նյութերը