Մեկնաբանություն

13.02.2019 19:32


Ներթիմային «փոխհրաձգություն»

Ներթիմային «փոխհրաձգություն»

Թեև Նիկոլ Փաշինյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը ֆորմալ առումով թիմակիցներ չեն, բայց առնվազն գաղափարական հատվածում (հատկապես Արցախի խնդրի կարգավորման ու ներքաղաքական հարցերում) նրանք միևնույն կոդի մեջ են:

Դժվար է ասել, թե արդյոք ինչ-ինչ խնդիրնե՞ր են այժմ առաջացել ուսուցչի և քաղաքական հոգեզավակի միջև, թե՞ ամեն ինչ ինքնաբուխ է եղել, բայց փաստն այն է, որ Փաշինյանի ու Տեր-Պետրոսյանի թիմակիցները միմյանց վրա են հարձակվել, ու սոցցանցային «փոխհրաձգություն» է սկսվել:

Այսպես, ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանի՝ ադրբեջանական լրատվամիջոցին տված հարցազրույցից հետո «Իմ քայլի» պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը Զուրաբյանին անհայրենիք էր անվանել ու հետագայում էլ հարցազրույց տվել՝ նշելով, որ մեր արդյունաբերությունը պայթեց Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք:

Շարունակելով Հովսեփյանի գիծը՝ Փաշինյանի խորհրդական Սրբուհի Ղազարյանը ֆեյսբուքյան գրառում էր արել (հիմա այդ գրառումը հեռացված է)՝ Լևոն Տեր-Պետրոսյանին փաստացի մեղադրելով սովետական «ԿԳԲ»-ի հետ գործարքի գնալու, 90-ականներին Հայաստանը պայմանավորվածությունների արդյունքում հոսանքազրկելու, ինչպես նաև Արցախի պատերազմում դավաճանական պայմանավորվածությունների գնալու համար:

52546654_2068812839878688_3238128908498894848_n (1)

Փաշինյանի թիմակիցների այս հարձակումներին հետևեցին Տեր-Պետրոսյանի թիմակիցների հայհոյախառն պատասխանները, որից հետո պաշտոնական խոսքով հանդես եկավ Փաշինյանի մամլո խոսնակ ու միևնույն ժամանակ Տեր-Պետրոսյանի թիմի կարկառուն ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը:

«ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանի հրապարակած ֆեյսբուքյան հայտնի ստատուսի ձևակերպումները չեն արտահայտում վարչապետի և Կառավարության կարծիքը: Այդ կապակցությամբ վարչապետը պարզաբանումներ է պահանջել խորհրդականից: Վարչապետի դիրքորոշումը այն է, որ գործադիր մարմնի բոլոր պաշտոնյաները իրենց հրապարակային ելույթներում և խոսքում պետք է հետևեն կառավարության դիրքորոշումներին և մնան իրենց պարտականությունների շրջանակում: Սույն հանձնարարականը խախտողների նկատմամբ կկիրառվեն խստագույն կարգապահական միջոցներ»,- նշել էր Կարապետյանը:

Թե, ի վերջո, ուր կտանի գաղափարակիցներ Փաշինյանի ու Տեր-Պետրոսյանի թիմակիցների «փոխհրաձգությունը», դժվար է ասել: Ինչ վերաբերում է այս ամենի պատճառներին, ապա հնարավոր են մի քանի վարկածներ:

1. Փաշինյանը Արցախի հարցը Բոլթոնի պլանով լուծելու հարցում ակնկալում էր Տեր-Պետորսյանի աջակցությունը, և նրանց մերձեցումը բնական էր դարձել, սակայն երբ վարչապետը վախեցավ, որ իշխանությունը կկորցնի ու հետ քաշվեց, նրան արդեն պետք չեկավ Տեր-Պետրոսյանը: Ասել է թե՝ նիկոլականների հարձակումը Տեր-Պետրոսյանի դեմ այնքան էլ ինքնաբուխ չէ, պարզապես Փաշինյանը ցույց է տալիս, որ ինքը կապ չունի՝ իրականում ուղղորդելով այդ հարձակումը:

2. Փաշինյանի թիմակիցներն ինքնաբուխ են հարձակվել Տեր-Պետրոսյանի դեմ, քանզի անկեղծորեն դեմ են Տեր-Պետրոսյանին ու տեղյակ չեն իրենց շեֆի՝ Փաշինյանի իրական մտադրությունների, գաղափարների ու նպատակների մասին: Հիմա Փաշինյանը փորձում է «էս գլխից» կոտրել ներքին դիմադրությունը:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը