Կարծիք

08.03.2019 19:24


Միֆը՝ որպես Հայաստանի քաղաքական կյանքի մաս

Միֆը՝ որպես Հայաստանի քաղաքական կյանքի մաս

Ի տարբերություն նախնադարի՝ միֆն այսօր առկա է մշակույթում՝ որպես լիակատար գիտակցված ֆենոմեն: Եթե Քարե դարում միֆերը գոյություն ունեին այն բանի համար, որ մարդիկ բացատրեն իրենց համար անհասկանալի երևույթները՝ կայծակ, ջրհեղեղ, մահ, արևածագ և արևամուտ, ապա 21-րդ դարում միֆը վերածվել է մեկ այլ երևույթի, որն օգտագործելով՝ քաղաքական գործիչները երբեմն-երբեմն լուծում են իրենց անձնական խնդիրները: Արդարության համար պետք է նշել, որ այս երևույթը բնորոշ է ոչ միայն այժմյան Հայաստանին, այլև ժամանակակից քաղաքակրթությանն առհասարակ:

Ֆրանսիացի գիտնական, հետազոտող Ռաուլ Ժերարդեն ընդգծում է չորս հիմնական արքետիպ, որոնց շուրջ կառուցվում են ժամանակակից քաղաքական միֆերը՝ դավադրության, Ոսկե դարի, հերոս-փրկչի և միասնության մասին:

Ժերարն ընդգծում է, որ դավադրության մասին միֆը հանրայնացնում է այն գաղափարը, որ հասարակության մեջ կան ազգի դավաճաններ, թշնամիներ, որոնց գործողությունները ունեն թաքնված բնույթ, բայց անպայման ուղղված են պետությունն ու հասարակությունը ոչնչացնելուն։

Ոսկե դարի մասին միֆը հանրության մեջ սերմանում է այն գաղափարը, որ հասարակությունը պետք է կամ «առաջ գնա», կամ էլ «հետ վերադառնա» այն շրջան, որտեղ իրապես առկա է, կամ պետք է լինի արդարություն, հավասարություն կամ եղբայրություն, ինչպես նաև շատ դեպքերում անցած ամբողջ պատմությունը ներկայացվում է որպես նախապատրաստական շրջան հենց այն բանի համար, որ վերջապես հանրությունը սկսի ապրել այսօրվա «ոսկե դարաշրջանում»:

1024px-The_Fight_Between_Carnival_and_Lent

Պիտեր Բրեյգել Ավագ—Բարեկենդանի եւ պահքի ճակատամարտը

Միֆը՝ հերոս-փրկչի մասին կոնկրետ անձին շնորհում է այնպիսի հատկություններ, ինչպիսիք են մարգարեությունը, չգերազանցված տաղանդը, բարոյական բարձր արժեքները: Այս միֆի կոնտեքստում առաջնորդի կենսագրությունից հանվում են ոչ ցանկալի կետերը, և առասպելական պատմություններով են պատվում կենսագրության որոշ հատվածներ՝ մասսաներին կուրացնելու համար:

Живопись_Питер-Бреигель-Старшии_Притча-о-слепых-1568

Պիտեր Բրեյգել Ավագ—Կույրերը

Միասնականության մասին միֆը կառուցվում է «յուրայինների և օտարների» հակադրության հիման վրա: Այս միֆի շրջանակներում նրանք՝ «սևերը», հանդիսանում են բոլոր խնդիրների պատճառը, իսկ հիմնական հոգեբանական մեխանիզմը, որի շնորհիվ լայն զանգվածներին կարողանում են երկար ժամանակ պահել վերահսկողության տակ, անձի պաշտամունք ստեղծելն է:

Ինչպես տեսնում ենք, ֆրանսիացի հետազոտողի տեսության մեջ արտացոլված են շատ երևույթներ, որոնք առկա են այժմյան Հայաստանում: Սա ցավով է պետք արձանագրել, քանզի անցած տարվա ապրիլյան իրադարձությունները մեզ հնարավորություն էին տվել, ազատվելով ստի իրականությունից, ստեղծել իրականություն, որը միֆերից և կեղծիքից հեռու է լինելու, և որի շրջանակներում լուծվելու են հանրությանը հուզող խնդիրները:

Բայց մենք ունենք այն, ինչ ունենք: Նույն Ռաուլ Ժերարը (և այլ ժամանակակից փիլիսոփաներ և հետազոտողներ՝ Էռնստ Կասիրեր, Ռենե Գուենոն եւ այլն) իր աշխատության վերջում գրում է՝ եթե նախնադարի միֆերը երկար կյանք ունեին, ապա ժամանակակից, զարգացած տեղեկատվական աշխարհում միֆերը երկար կյանք չեն ունենում, եթե չունեն իրական հիմք:

Բենիամին Մաթևոսյան

Քաղաքագետ

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը