Կարծիք

17.03.2019 10:39


Մինչև Ալիև-Փաշինյան հանդիպումը սահմանին լարվածությունը գնալով կուժեղանա

Մինչև Ալիև-Փաշինյան հանդիպումը սահմանին լարվածությունը գնալով կուժեղանա

Այս գիշեր ադրբեջանցիները ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում երկարատև դադարից հետո դարձյալ գործի են դրել ականանետեր՝ վերջնականապես ցրելով որոշ «լավատեսերի» այն պատրանքները, թե հայ-ադրբեջանական հարաբերութուններում վրա է հասել «փոխվստահության» նոր փուլ, և դրա վկայությունը նաև այն էր, որ երկու երկրների ղեկավարները Դուշանբեում պայմանավորվեցին մեղմել իրավիճակը սահմանի վրա և հաստատել միմյանց կապող ուղիղ հեռախոսակապ:

Որոշ քաղաքական գործիչների և վերլուծաբանների մեկնաբանություններն առ այն, որ այդ ամենը քաղաքական մի մեծ ֆարսի մաս է կազմում և բացարձակապես չի բնութագրում իրերի իրական վիճակը, ոմանք որակում էին որպես ակնհայտ դրական տեղաշարժերը չտեսնելու նախկինների հակահեղափոխական դրսևորումներ:

Մինչդեռ պետք էր կույր լինել չնկատելու համար, որ դա «խաղաղություն՝ տարածքների դիմաց» ծրագրի մի մասն էր և ընդամենը փորձ էր արվում նոր իշխանություններին հրամցնել, որպես «ոչ կարծրատիպային» և բանակցային գործընթացում ճեղքում խոստացող որոշումներ ընդունելու բացառիկ պատմական հնարավորություն՝ պայմանավորված իրենց աննախադեպ լեգիտիմությամբ: Առավել քան ակնհայտ էր, որ խոսքը որոշ տարածքներ Ադրբեջանին զիջելու մասին էր:

Հավանաբար Ադրբեջանի նախագահին ասվել էր, որ Դուշանբեում համաձայնության արի, սահմանին լարվածությունը կտրուկ թուլացրու և պատրանք ստեղծիր, որ Հայաստանի նոր իշխանությունների պարագայում ռազմական գործողությունների միջոցով խնդիրը լուծելու անհրաժեշտություն Ադրբեջանն այլևս չի տեսնում, ուստի որոշ տարածքների վերադարձնելու արդյունքում ռազմական հավասարակշռության խախտումը այլևս վտանգածին չի կարող լինել:

Եվ այն բանից հետո, երբ Հայաստանի վարչապետը շատ հստակ և ոչ երկիմաստ (ի տարբերություն նախկին իր հայտարարությունների) հայտարարեց, որ հայաստանյան իշխանությունները որևէ պարագայում տարածքների վերադարձի խնդիր չեն կարող քննարկել, փոխարենը նպատակահարմար են գտնում քննարկել Արցախին բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու հարցը և այն հիմնավորեց Ստեփանակերտում իր ելույթով, արդեն պարզ դարձավ, որ «լեգիտիմությամբ դեպի տարածքներ՝ խաղաղության դիմաց» քաղաքական բլեֆը ֆիասկո ապրեց: Հենց այդ պահից Ալիևի համար սեփական դեմքը թաքցնելն այլևս անիմաստ դարձավ: Ընդ որում, մինչև Ալիև-Փաշինյան հանդիպումը սահմանին լարվածությունը, ըստ իս, գնալով կուժեղանա:

Հիմա մեզ համար շատ կարևոր է ներքին անդորրն ու համերաշխության մթնոլորտը, և իշխանություններն ամեն կերպ պետք է նպաստեն դրան:

Խոսրով Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը