Մեկնաբանություն

20.03.2019 12:05


Նիկոլ Փաշինյանը վախենո՞ւմ է ներիշխանական դավադրությունից

Նիկոլ Փաշինյանը վախենո՞ւմ է ներիշխանական դավադրությունից

Վախեցած ու անհանգիստ մարդու ասուլիս։ Այսպես կարելի է բնութագրել Նիկոլ Փաշինյանի կազմակերպած երեկվա միջոցառումը։

Գիտելիքների ու փորձի պակասը նրա մոտ վախեր ու անհանգստություն է առաջացրել։ Վիճակը չի շտկում նույնիսկ փոքրիկ աղջկան ծոցն առնելու պրակտիկան (Զիգմունդ Ֆրեյդի «Երազների մեկնություն» գրքում և հոգեվերլուծությանը նվիրված դասախոսություններում մանրամասն նկարագրված են Փաշինյանի ապրումները և հոգեվիճակը)։ Պետական կառավարումն այլ բան է պահանջում։

Փաշինյանը վախեցած է ու անհանգիստ նաև այն պատճառով, որ սկսել է իր շուրջը դավադրություններ փնտրել։ Նա առաջին անգամ խոսում էր, որ իր իշխանությանը ոչինչ չի սպառնում, և իր հետևից նույնիսկ «Ֆերարի» ավտոմեքենայով հնարավոր չէ հասնել, բայց այդ արտաքին ինքնավստահությունը մատնում էր նրա ներքին անվստահությունը։

Հոգեբանությունից հայտնի է, որ ում մոտ ինչ ցավում է՝ նա դրանից էլ խոսում է։ Եթե Փաշինյանը վստահ է, որ իր աթոռին ոչինչ չի սպառնում, ապա ի՞նչ իմաստ ուներ ժամեր տևող ասուլիս հրավիրել ու ամեն խոսքի մեջ կամ խոսքի տակ այդ միտքն անցկացնել։ Ինքնավստահ մարդը կարիք չունի խոսելու, որ իշխանության հարցով մտահոգված չէ, ինչպես որ քաջ մարդը երբեք չի գոռում, որ ինքը վախկոտ չէ։

Ի դեպ, Փաշինյանը վախեցած է ոչ միայն ընդդիմությունից ու արտաքին մարտահրավերներին դիմագրավել չկարողանալու հեռանկարից, այլ նաև իր թիմակիցներից։

Երբ նա խոսում էր այն մասին, որ գիտի այն երեք սենյակները, որտեղ իր մասին խոսում են, քանզի խոսողների մի մասը հետո գալիս իրեն պատմում է, թե ինչ են խոսել, իրականում նկատի ուներ ներիշխանական դավադրությունները։

Ոմանք մտածեցին, թե 3 սենյակները կարող են վերաբերել ՀՀ նախկին երկու և գործող նախագահներին (Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Արմեն Սարգսյան), բայց դա այդպես չէ։

Փաշինյանն այդ սենյակների մասին խոսելիս նկատի ուներ իր թիմի ներսում առաջացած խմբավորումներին, որոնք իրար միս են ուտում, բայց որոնց մոտ կա ընդհանուր հայտարար այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը պետության ղեկավար չի կարող լինել, որ նա ձախողվում է, և որ ձախողվելով՝ կարող է բոլորին ձախողել, ուստի պետք է այլընտրանքային տարբերակներ ունենալ։

Փաշինյանն, ըստ ամենայնի, զգում է, որ թիմի ներսում ինքն աստիճանաբար կորցնում է իր լեգիտիմությունն ու ազդեցությունը ուժային կառույցներում և կառավարության տնտեսական բլոկի մոտ։ Զգում է ու փորձում կանխել դավադրությունը։

Դավադրության իրական հեղինակը, սակայն, Նիկոլի թիմակիցները չեն։ Դավադրության հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, որը պետական կառավարման համակարգը և իշխանական հարաբերությունները դարձրել է ընտանեկան բիզնես։ Պատահական չէր, որ երեկվա ասուլիսի մեծ մասը նա նվիրեց իր ընտանիքին՝ այդպիսով «խուրդելով» շատ ու շատ բաներ և է՛լ ավելի վատ վիճակի մեջ դնելով թե՛ իրեն, թե՛ իր ընտանիքի անդամներին։

Այնպես որ, դավադիրը որ տնից չլինի, «եզը» երթիկից չեն հանի։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը