Քաղաքական

27.03.2019 21:25


Պատգամավորն առաջարկում է ապրիլի 2-ը դարձնել քառօրյա պատերազմի զոհերի հիշատակի օր. վարչապետը դեմ է

Պատգամավորն առաջարկում է ապրիլի 2-ը դարձնել քառօրյա պատերազմի զոհերի հիշատակի օր. վարչապետը դեմ է

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանն առաջարկվել է ապրիլի 2-ը՝ 2016 թ.-ի ապրիլյան պատերազմի օրը, դարձնել հիշատակի օր: Նա նշել է, որ նախորդ իշխանությունն այդ օրը դարձրել է ընտրությունների օր՝ մոռանալով այն, ինչը եղել էր մեկ տարի առաջ: Իսկ հարցը պարբերաբար բարձրացնում են ապրիլյան պատերազմի մասնակիցները և զոհերի ծնողները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատգամավորի հարցին ի պատասխան ասաց, որ ապրիլի 2-ին պետք է պատշաճ հիշատակի տուրք մատուցվի, բայց նա ճիշտ չի համարում այդ օրը պաշտոնապես արձանագրելը: «Մենք մի երկիր ենք, մի կոնֆլիկտի մեջ ենք, որտեղ պարբերաբար տեղի են ունենում կոնֆլիկտի սրացումներ, բռնկումներ: Կարծում եմ՝ դրանք պաշտոնապես արձանագրելու տեսակետից պետք է որոշակի զգուշավորություն ցուցաբերենք: Մենք տարբեր ժամանակահատվածներում, ցավոք սրտի, ունենում ենք զոհեր, և այս առումով մենք պետք է մեր օրացույցին խնամքով վերաբերվենք: Չեմ կարծում՝ մայիսի 8-ը խորհրդանշում է միայն Շուշիի ազատագրումը: Կարծում եմ՝ Շուշիի ազատագրման օրը խորհրդանշում է մեր հայրենիքի ազատության համար բոլոր զոհվածների հաղթական առաքելությունը: Մենք ունենք նաև Զինված ուժերի օրը: Իհարկե, նաև ապրիլի 2-ին պետք է պատշաճ հիշատակի տուրք մատուցվի, բայց պաշտոնապես այդ օրը արձանագրելու հետ կապված վստահ չեմ, որ ճիշտ որոշում է»,-նշել է վարչապետը:

Աղբյուրը՝ armdaily.am

Այս խորագրի վերջին նյութերը