Քաղաքական

28.03.2019 16:38


«Դեմոկրատ» Փաշինյանը փորձում է ապօրինի «նստեցնել» Ռոբերտ Քոչարյանին․ КП

«Դեմոկրատ» Փաշինյանը փորձում է ապօրինի «նստեցնել» Ռոբերտ Քոչարյանին․ КП

Комсомольская правда-ն կրկին անդրադարձել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական գործին։ Ռուսական լրատվամիջոցը ևս մեկ անգամ շեշտում է, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է։

«Ուղիղ 8 ամիս առաջ՝ 2018թ․ հուլիսի 28-ին, կալանավորեցին Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Հենց սկզբից նրան կալանավորելը և սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքները հանգեցնում էին այն մտքին, որ Երևանում իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ընդամենը վրեժ է լուծում․ չէ՞ որ Փաշինյանն ակտիվ մասնակիցն էր այն անկարգությունների, որոնք Քոչարյանը կոշտ միջոցներով ճնշեց։ Ժամանակի ընթացքում կասկածները հաստատվեցին փաստերով։

Հրապարակվեցին Փաշինյանի և ԱԱԾ տնօրենի, ինչպես նաև այլ հատուկ ծառայությունների ղեկավարի հետ հեռախոսազրույցները։ Գաղտնալսումներից առանց տարակուսանքի հետևում է, որ հենց Փաշինյանն է հրաման տվել ամեն գնով «նստեցնել» Ռոբերտ Քոչարյանին։ Նախկին նախագահի կալանավորումից անմիջապես հետո հատուկ հայտարարություններով հանդես եկան ոչ միայն ՌԴ ԱԳՆ-ն, այլև հայ և արտասահմանցի իրավապաշտպանները։ Սակայն Երևանում այս ամենին ոչ մի ուշադրություն չդարձրին։

Փաշինյանի կամքով հայ իրավապահները մի շարք խախտումներ թույլ վեցին։ Օրինակ, թքեցին նախագահական անձեռնմխելիության մասին սահմանադրական նորմի վրա։ Երևանում օրենքը հետադարձ ուժ չունի․ ավելին, Քոչարյանների ընտանիքի դեմ քարոզչություն է ընթանում պաշտոնական ԶԼՄ-ներով, նախկին նախագահի ընտանիքի անդամների դեմ քրեական գործեր են հարուցվել, կալանավորված նախագահին պաշտպանել փորձողների հասցեին էլ սպառնալիքներ են հնչում։

ՔԿՀ-ում գտնվող Ռոբերտ Քոչարյանը համապատասխանում է ԵԽԽՎ 1900 բանաձևի առանցքային պահանջներին, որպեսզի ճանաչվի քաղաքական բանտարկյալ։ Նա կալանքի տակ է ՄԻԵԴ-ի կողմից սահմանված երաշխիքների խախտումներով։ Նա կալանքի տակ է պահվում քաղաքական պատճառներով, առանց կոնկրետ իրավախախտման հետ առնչության։ Նա, վերջիվերջո, կալանավորվել է ակնհայտ անարդար դատական որոշմամբ։ «Դեմոկրատ» Փաշինյանը սեփական քաղաքական բանտարկյալն է ձեռք բերել։

Ահա թե ինչպիսին է երևանյան ժողովրավարությունը»,-գրում է ռուսական թերթը։

Այս խորագրի վերջին նյութերը