Քաղաքական

29.03.2019 16:17


Դատարանը դռնփակ նիստում քննում է ԲՀԿ-ական պատգամավորի գործով գաղտնալսումները (տեսանյութ)

Դատարանը դռնփակ նիստում քննում է ԲՀԿ-ական պատգամավորի գործով գաղտնալսումները (տեսանյութ)

Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով դատական նիստն այսօր մեկնարկեց դռնփակ:

Դատարանը հետազոտում է այս գործով ներկայացված ապացույցները՝ դրանք Հրաչյա Հարությունովի հեռախոսային գաղտնալսումներ են:

Նախորդ նիստին Հարությունովի փաստաբանը նիստը դռնփակ անցկացնելու միջնորդություն ներկայացրեց դատարան՝ պնդելով, որ այդ ձայնագրություններում կան հայհոյանքներ և Հարությունովի կնոջ և որդու անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ: Թեև դատախազն առարկեց՝ դատարանը բավարարեց միջնորդությունը:

Հրաչյա Հարությունովի առողջությանը ծանր վնաս հասցնելու մեջ մեղադրվող ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ Էդուարդ Բաբայանն ասաց, որ այս ձայնագրություններում դեռ չի լսել իր անունը, բայց հայհոյանքներ շատ կան:

«Չէ իմ անունն ընդհանրապես չի շոշափվում»,-ասաց Բաբայանը։

Բաբայանի փաստաբան Արմեն Մելքոնյանը նիստի ընդմիջմանն ասաց՝ այս ձայնագրությունները որևէ ապացույց չեն ներկայացնում, կրկնեց՝ Բաբայանի անունը մեկ անգամ է հնչել, նույնն էլ Ծառուկյանի։

«Անձնական բնույթի ձայնագրություններ են, որոնց բովանդակության մասին ես հիմա չեմ կարա հայտնեմ. ամուսինների զրույց, հոր ու որդու զրույց և ամբողջ այդ բազմահատոր զրույցների, ձայնագրությունների մեջ Էդուարդ Բաբայան անունը չի շոշափվում ընդհանրապես։ Այն, ինչ-որ այդ զրույցներում տեղի է ունենում, մեզ հետ որևէ առնչություն չունի։ Մի տեղ մի բառով Էդո է ասում, որ Ծառուկյանի հետ է եղել, բացարձակ կապ չունի գործի հետ։ Գագո անուն հնչում է, Ծառուկյան՝ չեմ հիշում, եթե հնչում էլ է, ասենք դա էն է, որ Ծառուկյանը խոստացել է, որ տղայի չեմպիոն դառնալու դեպքում մեքենա տալ, գումար տալ, բնակարան տալ, որ Ծառուկյանը խոստացել է և պարտավոր է տալ՝ իր խոստումի համաձայն»,-«Ազատության» հետ զրույցում ասաց Մելքոնյանը։

Հրաչյա Հարությունովն այսօրվա նիստին ներկա չէր, նախորդ նիստին, սակայն, դատարանում հայտարարեց, որ իրեն տուժող չի ճանաչում:

Ըստ Հատուկ քննչական ծառայության, անցած տարի հուլիսի 2-ին «Օլիմպավան» մարզահամալիրում տեղի ունեցած միջոցառման ընթացքում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանին մոտեցել է Վյաչեսլավ Հարությունովն ու հիշեցրել ավելի վաղ իրեն տրված խոստումի մասին՝ օգնել բռնցքամարտի աշխարհի չեմպիոն իր որդուն ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում:

«Խոսակցությունը շարունակվել է մարզահամալիրի հանդիպումների դահլիճում, որտեղ Էդուարդ Բաբայանը՝ խմբով, Հարությունովին մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին` վերջինիս պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս` գլխուղեղի ցնցման, դեմքի և կրծքավանդակի վնասվածքների, կողոսկրի կոտրվածքի և աջակողմյան պնևմոթորաքսի ձևով` ուղեկցված սուր շնչառական անբավարարությամբ»,-ասված էր ծառայության տարածած հաղորդագրությունում:

Տեղի ունեցածից որոշ ժամանակ անց, սակայն, Հարությունովը հայտարարել է, որ ինքն ուղղակի սայթաքել է:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը