Լրահոս

09.04.2019 19:31


«Սա հարված է Արցախին՝ թիկունքից». Դավիթ Շահնազարյան

«Սա հարված է Արցախին՝ թիկունքից». Դավիթ Շահնազարյան

«Սասնա ծռեր» կուսակցության ողջ նպատակներն ու գործողությունները ընդգծված ծայրահեղական են: Իսկ Արցախի հետ կապված նրանց քաղաքականությունը եւ իրենց կողմից ծրագրվող գործողությունները, մասնավորապես ավտոերթը` ուղղված է Արցախի Հանրապետության պետականության եւ Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի դեմ: Սա հարված է Արցախին՝ թիկունքից»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց 1992-95թթ ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի Ազգային անվտանգության պետական վարչության պետ Դավիթ Շահնազարյանը:

Օրերս «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սեֆիլյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որ հերթական ավտոերթն են պատրաստվում կազմակերպել դեպի Արցախ: «Սիրելի հայրենակիցներ, նախատեսում ենք Միասնության ավտոերթ դեպի Արցախ, որտեղ կանցկացնենք հագեցած և հետաքրքիր օրեր։ Ավտոերթի ամսաթվի, Արցախում մնալու օրակարգի և այլ մանրամասների վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ։ Հնարավորինս լայն ձևաչափով ակնկալում ենք ձեր անմիջական, գործնական և ակտիվ մասնակցությունը»,-գրել էր Ժիրայր Սեֆիլյանը։ Հիշեցնենք, 2015 թվականին «Հիմնադիր խորհրդարանն» էր ավտոերթ կազմակերպել դեպի Արցախ, 2018-ին, արդեն այդ կազմակերպության այն անդամները, որոնք հիմնադրեցին «Սասնա ծռեր» կուսակցությունը, կրկին ավտոերթ իրականացրեցին դեպի Արցախ: Ավտոերթի մասին հերթական հայտարարությունից հետո, «Սասնա ծռերի» հասցեին խիստ քննադատություն հնչեցրեց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: Aravot.am-ը Դավիթ Շահնազարյանից հետաքրքրվեց`ինչպե՞ս է վերաբերվում «Սասնա ծռերի» այս գործողություններին:

«Այդ գործողության եւ դրա հետեւանքների ողջ պատասխանատվությունը կրում ու կրելու է Հայաստանի կառավարությունը` հաշվի առնելով, որ այս կառավարությունն է ահաբեկչական գործողություն կատարած անձանց համաներմամբ ազատություն շնորհել եւ գրանցել այդ խումբը որպես կուսակցություն: Ավելին, ես կարծում եմ, որ իշխանությունում կան մարդիկ, որոնք նպատակադրված են Արցախում ներքաղաքական անկայունություն ստեղծել եւ քաջալերում են, գուցե նաեւ ուղղորդում են նմանատիպ գործողությունները»,-ասաց նա:

Դավիթ Շահնազարյանը հիշեցնում է, որ 1993-ից Հայաստանի իշխանությունները հանդիսանում են Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը: «Սա պաշտոնապես վերահաստատել է նաեւ ներկայիս կառավարությունը»,-ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ «Մենք ունենք մեկ Հայրենիք և երկու պետականություն, իսկ «Սասնա ծռերի» ծրագրերի և գործողությունների նպատակը Արցախի Հանրապետության անեքսիան է»։

Աղբյուրը՝ www.aravot.am

Այս խորագրի վերջին նյութերը