Կարծիք

Ապրիլ 11, 2019 18:04

ՀՀ իշխանությունների մեկամյա խարխափումների տարեգրությունը

ՀՀ իշխանությունների մեկամյա խարխափումների տարեգրությունը

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑ.

ՀՀ իշխանությունների մեկամյա խարխափումների տարեգրությունը

Շուտով լրանում է 2018-ի գարնան այսպես կոչված թավշյա հեղափոխության առաջին տարեդարձը, ինչը հարմար առիթ է ոչ միայն անցած մեկ տարվա ընթացքում մեզանում տեղի ունեցածը սառը հայացքով քննելու, այլեւ ներկայումս մեր երկրում ու նրա շուրջը ծավալվող բարդ ու վտանգավոր զարգացումների իմաստն ու ուղղվածությունն ըմբռնելու համար։

Մեկ տարին բավարար ժամանակ էր, որպեսզի հետհեղափոխական Հայաստանին բնորոշ՝ իռացիոնալ, իսկ հաճախ էլ քաոսային զարգացումների քաղաքական գնահատականները սկսեն դանդաղ, բայց հետեւողականորեն մաքրել մեր ուղեղներում կուտակված բոլոր պատրանքներն ու մոլորությունները։ Այդ գործընթացն արդեն սկսվել է, բայց մինչեւ նրա ավարտը մենք պետք է հիշենք, որ գոյություն ունեն ազգի ու պետության ապագայի համար ճակատագրական նշանակություն ունեցող այնպիսի հարցեր, որոնց լուծման ասպարեզում այդ ընթացում թույլ տրված սխալներն առաջիկայում կարող են անդառնալի հետեւանքներ ունենալ բոլորիս համար։ Խոսքը Հայաստանի արտաքին քաղաքականության ու անվանգության խնդիրների ողջ համալիրի եւ ներկայումս նրա առանցքը կազմող՝ Ղարաբաղի հարցի ներկա վիճակի մասին է։

Նախքան 2018-ի իշխանափոխությունը արդեն արձանագրել էինք, որ միջնորդ տերությունները սկսել են Ղարաբաղյան բանակցային գործնթացի ռեալ բովանդակությունը փոխարինել այնպիսի մանիպուլյատիվ հնարքներով, որոնք դուրս էին գալիս Մադրիդյան սկզբունքներով հակամարության կառավարման խնդրի շրջագծից՝ նպատակ ունենալով թելադրել կարգավորման այս կամ այն մոդելը։ Եվ եթե 2016-ի ապրիլից մինչեւ 2018-ի գարնանը Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը այդ առումով առավել ակտիվ էր ռուսական դիվանագիտությունը, ապա անցած մեկ տարվա ընթացքում տեղի ունեցավ դերերի յուրօրինակ փոխատեղում։ Ներկայումս նրանցից նախաձեռնությունը խլող ամերիկացիներն, ի տարբերություն ավելի ուղղամիտ ռուսների, գործում են հաջորդաբար փորձարկվող տարբերակների արագ հերթափոխի միջոցով, ինչը սովորաբար ավարտվում է տարածաշրջանի ապակայունացմամբ։ Ուստի կարծում ենք, որ այդպես էլ անկատար մնացած՝ տարեվերջյան «Բոլթոնյան հանձնարարականին» սկսում է աննկատ կերպով փոխարինել «հարավկովկասյան Դեյթոնի» գործընթացը։ Այդ պատճառով մինչ ոմանց թվում է, թե՝ այսօր Հարավային Կովկասում Ադրբեջանն ու Հայաստանն են փորձում իրենց օգտին փոխել ուժերի երկկողմ հարաբերակցությունը, արեւմտյան նորագույն ռազմական տեխնիկա է մատակարարվում Վրաստանին։

ԱՄՆ կողմից գործադրվող տարածաշրջանային ստատուս-քվոն փոխելու հետեւողական քայլերի որոշակի հանգրվանում անխուսափելի է դառնում Ղարաբաղյան հակամարտության աշխարհաքաղաքական գործառույթի փոփոխությունը՝ ինչպես ռազմական գործողությունների, այնպես էլ խաղաղ բանակցային գործիքակազմի միջոցով։ Իսկ դա նշանակում է, որ մինչ օրս Ռուսաստանի կողմից Հարավային Կովկասի երկու երկրների ռազմաքաղաքական վերահսկողության ճոճանակի դեր խաղացող Ղարաբաղյան հակամարտությունը սկսել է դանդաղորեն վերածվել տարածաշրջանում քաղաքակրթական ընդհանուր առանցքի ձեւավորման պոտենցիալ հարթակի։ Նման պայմաններում մեզ համար սկսել են ուրվագծվել տարածաշրջանի շուրջ շարունակվող մրցակցության առանցքային խաղացողների շահերի սուր բախումը մեղմելու եւ ապա՝ համագործակցության վերածելու նոր ու բավականին հուսատու հնարավորություններ։

Դրանց իրացման առաջին պայմանը հետհեղափոխական շրջանում մեծացած Ադրբեջանի պատերազմական ախորժակների սանձումն է՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում միջազգային կոնսենսուսի ձեւավորման միջոցով։ Դա պահանջում է ամենօրյա հետեւողական ջանքեր՝ Ադրբեջանի հետ հեռակա մրցակցության բոլոր ասպարեզներում։ Ուստի՝ 2018-ի գարնանից հետո անցած մեկ տարում Հայաստանի նոր ղեկավարությունը կանգնած էր այս բարդ խնդիրների ողջ համալիրին արագորեն տիրապետելու եւ առաջանցիկ քայլերի միջոցով հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում միջազգային կոնսենսուսն ամրապնդելու հրամայականի առջեւ։ Դա պահանջում էր նախ՝ պահպանել Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությունը եւ ապա՝ խորացնել համագործակցությունը Թուրքիայի հետ նորանոր պրոբլեմների մեջ խրվելու պատճառով Հայաստանի հանդեպ իրենց նախկին կաղապարված հայացքներն աստիճանաբար վերանայող՝ ամերիկյան կողմի հետ։ Բայց քանի որ անցած մեկ տարվա ընթացքում մեր երկրի նոր ղեկավարությունը Հայաստանի արտաքին քաղաքականությունը փաստորեն նույնացրել է ցուցադրական շոուների ու փորձարարությունների հետ, մենք արձանագրում ենք ճիշտ հակառակ արդյունքը։ Այսինքն՝ Հայաստանի համար միշտ էլ ձեռնտու՝ գերտերությունների շահերի ընդհանրություններն օգտագործելու միտումին սկսել է փոխարինել նրանցից յուրաքանչյուրի հետ արհեստական հարցեր ստեղծելու տղայական գործելակերպը։ Անցած մեկ տարվա ընթացքում արդեն հասցրել ենք գժտվել սկզբում ռուսների հետ՝ ՀԱՊԿ ի Գլխավոր քարտուղարի դեմ սկսված քրեական հետապնդման պատճառով, ապա՝ ամերիկացիների հետ Սիրիայում ռուսներին աջակցելու ձեւական ժեստ անելու պատճառով։ Այս տղայամիտ ցատկռտուքը մեզ դրել է Ղարաբաղի հարցով երկկողմ ճնշումների թիրախի վերածվելու աննախանձելի վիճակում, քանզի այդ առումով եւս անցած մեկ տարվա կտրվածքով ակնհայտ են դարձել հետեւյալ անվիճելի իրողությունները՝

Առաջին Հայաստանի նոր իշխանությունները, չունենալով Ղարաբաղյան բանակցային գործընթացի շարունակման հիմնավորված հայեցակարգ, սկզբում որդեգրեցին հարցի լուծման այսպես կոչված՝ ժողովրդավարական կոնցեպտը՝ առաջ մղելով Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու թեզը, իսկ հետո զգալով, որ այն առայժմ չի տեղավորվում հակամարտության կառավարման որեւէ բնորդի մեջ, կտրուկ կերպով կոշտացրին սեփական դիրքորոշումները ։

Երկրորդ օգտվելով բանակցությունների մեջ Ղարաբաղին ներգրավելու հարցում ներկայումս միջնորդների որդեգրած բացասական դիրքորոշումից, Ադրբեջանը հետ բերեց վաղուց կորցրած կառուցողականության դափնիները եւ այժմ մտածում է հաջորդ քայլի՝ ապակառուցողական կողմին պատժելու սանկցիա ստանալու մասին։

Երրորդ՝ պատերազմի վերսկսման սանկցիան առայժմ բացակայում է սոսկ այն պատճառով, որ ԱՄՆ-ը դեռ չի հասցրել ռազմական առումով հարկ եղած չափով ամրանալ Վրաստանում, իսկ Ռուսաստանը լուրջ դասեր է քաղել 2016-ի ապրիլյան իրադարձություններից՝ վստահ չլինելով պատերազմը կառավարելի դարձնելու իր հնարավորությունների մեջ։

Սա նշանակում է, որ մենք գտնվում ենք հետաձգվող հանգուցալուծման այն բախտորոշ հանգրվանում, երբ յուրաքանչյուր օր ու ժամ թանկ է մեզ համար։ Դրանք ռացիոնալ օգտագործելու խնդիրը կենաց մահու հարց է Հայաստանի համար, իսկ նրա գիտակցումը՝ օրվա իշխանության քաղաքական հասունության չափանիշ։ Վերջինիս բացակայության պայմաններում նույնիսկ ռազմական հաղթանակներն են վերածվելու քաղաքական պարտությունների, իսկ պարտությունները՝ վերջնական ու անդառնալի կապիտուլյացիայի։

Պատերազմը պետության եւ ազգի կենսունակության գլխավոր քննությունն է, որտեղ հնարավոր չէ օրերի ու ժամերի ընթացքում հետ բերել տարիների կորցրածը, քանզի պատերազմում գործում է ռազմաքաղաքական գերակշռությունը տարածքային ձեռքբերման վերածող՝ կատարված փաստի տրամաբանությունը։ Ուստի, երբ ակնհայտ է դառնում, որ խնդիրն արդեն ոչ թե պատերազմի լինել չլինելու մեջ է, այլ միայն ու միայն՝ նրա հնարավոր ժամկետների, պարտավոր ենք կանգ առնել ու դատողություններ անել ոչ թե «դուխով» հայտարարությունների, այլ ռազմավարական հաշվարկների հիման վրա։

Բայց ո՞վ պետք է դա անի, երբ անիմաստ է անգամ մտածել, թե լրագրողի աշխատանքը պետական գործունեության հետ նույնականացնող Հայաստանի նոր իշխանավորներն ի վիճակի են լրջորեն վերաբերվել արտաքին քաղաքականության բարդ խնդիրներին, կամ էլ՝ բանակն ու հասարակությունը նախապատրաստել գալիք փորձություններին, որովհետեւ նրանց համար պետական ինստիտուտների կառավարումն իրականում ոչ թե ֆունկցիոնալ դերակատարություն է, այլ արտաքին-ցուցադրական՝ սելֆիական գործառույթ։ Ուստի, անցած մեկ տարվա ընթացքում նրանք ոչ թե ծրագրել եւ գործադրել են որոշակի ու համակարգված քայլեր, այլ իրականացրել են հանրության աչքին սեփական իմիջը պահպանելու համար անհրաժեշտ՝ մակերեսային-քարոզչական միջոցառումներ։ Ի տարբերություն ժողովրդին մոլորեցնող ընտրական տեխնոլոգիաների՝ արտաքին քաղաքականության ու երկրի պաշտպանության հարցերում նմանակումներով զբաղվելը վերջում կործանարար հետեւանքներ է ունենում պետության ու ժողովրդի համար։ Եվ, երբ կյանքն ու թատրոնը նույնականացնելու միջոցով մենք մսխում ենք Հայաստանին տրամադրված թանկագին ժամանակը, մեր հակառակորդ Ադրբեջանը համակարգված քայլերի միջոցով մոտեցնում է այն պահը, երբ առանց մեծ դժվարության կարելի է հաշիվ տեսնել արտաքին մեկուսացման ու ներքին քաոսի մեջ գտնվող ֆեյքային երկրի հետ։

Այս ամենը ցույց է տալիս, որ անիմաստ է ավանդական կատեգորիաներով գնահատել մեր ներկա իշխանությունների արտաքին ու անվտանգային քաղաքականությունը, քանի որ խոսքը վերաբերում է ոչ թե նրանց գործունեությանը, այլ դրա շուրջ իրականացվող պերմանենտ նմանակումներին։ Որպես հերթական ապացույց վկայաբերենք վերջին ամենաթարմ օրինակներից մեկը՝ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից ԱՄՆ-ում հնչեցված` հարձակողական մարտավարության որդեգրման մասին հայտարարությունը, որը քիչ անց նա մասնակիորեն սրբագրեց օրերս կայացած ԵԿՄ համագումարում։ Լիովին համաձայն ենք Դ. Տոնոյանի հայտարարության սկզբունքային կողմի հետ՝ չի կարելի անվերջ նստել խրամատներում ու պաշտպանվել։ Բայց անհրաժեշտ է նախ ծրագրավորենք մեր ապագա վարքը եւ սեփական ցանկությունները քայլ առ քայլ մոտեցնենք մեր ռեալ հնարավորություններին եւ հետո միայն մտածենք դրանք իրականություն դարձնելու մասին։

Մինչդեռ մեզանում այսօր էլ գործում է «երեխա են, կմեծանան՝ կսովորեն» ավանդական հորդորը։ Դե արի ու բացատրի, թե իրականում ի՞նչ է արտաքին քաղաքականության ու անվտանգության լուրջ հարցերի հանդեպ երեխայական մոտեցումը՝ փոքր ու վտանգված երկրների համար։ Ուրեմն՝ ավելի լավ է ներկա իշխանավորների խոսքի ու գործի հակասությունը նրանց թիկունքում առկա որոշակի ու հստակ ծրագիր համարելու միջոցով՝ արժանանալ հանրային պարսավանքի, քան խրատական-փիլիսոփայական դատողություններով քողարկել իրականությունը։

Ուստի՝ մենք գիտակցաբար հրաժարվում ենք «իմաստուն» դիտորդ-հանդիսատեսի պատվաբեր թվացող դերից եւ վերլուծությունների որոշակի շարքի միջոցով սկսում ենք իրականություն դարձնել մեր կողմից հետապնդվող առաջին խնդիրը՝ ազգային քաղաքական մտքի արթնացումն ու վերելքը, որն առաջիկայում թույլ կտա անցնել երկրորդ առաջադրանքի իրականացմանը՝ արտաքին վտանգների առարկայացման պայմաններում Հայաստանին խիստ անհրաժեշտ՝ ազգային-դիմադրական շարժման հունավորմանը։

Սարգիս Սահակյան

Քաղաքական վերլուծությունների Ակունք կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը

Արձակուրդից չի վերադարձել տնտեսական տեղեկատվությունը

Արձակուրդից չի վերադարձել տնտեսական տեղեկատվությունը

Ապրիլ 22, 2019 23:20 Ֆուտբոլում էլ իրավիճակ չի փոխվել։
Ռոբեսպիերին փառաբանում էին և դատապարտում

Ռոբեսպիերին փառաբանում էին և դատապարտում

Ապրիլ 22, 2019 13:55 Մարդկանց գնդակահարում էին՝ նպատակահարմարությունից ելնելով։
Զելենսկին ուկրաինական QAQ-ն է

Զելենսկին ուկրաինական QAQ-ն է

Ապրիլ 22, 2019 13:40 Եթե QAQ-ը մտներ խաղի մեջ, ապա ոչ միայն ՀՀԿ-ի, այլև ԵԼՔ-ի ու մնացած բոլորի գերեզմանափորը կդառնար։
«Դեմագոգը»՝ ժողովրդին առաջնորդող. մաս I

«Դեմագոգը»՝ ժողովրդին առաջնորդող. մաս I

Ապրիլ 22, 2019 09:00 «Քաղաքական դեմագոգիան ժողովրդին հոտի վերածելու արվեստ է»։
Ուկրաինայում էլ է լրիվ կրկես ու շատ նման մեր վիճակին

Ուկրաինայում էլ է լրիվ կրկես ու շատ նման մեր վիճակին

Ապրիլ 22, 2019 08:45 Զելենսկին պետական կառավարումից ոչինչ չգիտի, նա ընդամենը տաղանդավոր կոմիկ է:
Գուդբայ, Պյոտր Ալեքսեևի՛չ

Գուդբայ, Պյոտր Ալեքսեևի՛չ

Ապրիլ 22, 2019 08:15 Կյանքդ թող օրինակ ծառայի մնացածներին։
Ուկրաինայում կատարվեց այն, ինչ որ Հայաստանում էր կատարվել

Ուկրաինայում կատարվեց այն, ինչ որ Հայաստանում էր կատարվել

Ապրիլ 22, 2019 07:55 Մարդիկ իրենց ձայները տվեցին անօրակարգ պոպուլիստներին։
Մայիսի 1, Ն.Փաշինյան․ «Շնորհավոր բոլորիս մարտի 8-ը․․․»

Մայիսի 1, Ն.Փաշինյան․ «Շնորհավոր բոլորիս մարտի 8-ը․․․»

Ապրիլ 22, 2019 07:30 Դեկտեմբեր 31, Ն.Փաշինյան․ «Այսօր հազարավոր երեխաներ առաջին անգամ իրենց ոտքը կդնեն դպրոց»։
Յուրօրինակ պայքար ֆեյքերի դեմ․ Փաշինյանը պատասխանում է ֆեյքերի հարցերին

Յուրօրինակ պայքար ֆեյքերի դեմ․ Փաշինյանը պատասխանում է ֆեյքերի հարցերին

Ապրիլ 20, 2019 21:49 Հարցերին նախապես ծանոթացել էր, հետևաբար հարց տվողներին՝ ևս:
Ֆեյքերի ու կեղծ լրատվության մասին

Ֆեյքերի ու կեղծ լրատվության մասին

Ապրիլ 20, 2019 20:26 Ուղղակի հենց հիմա տպագրվում են առավոտյան թերթերը։
Գանդիի ներողամտության և Փաշինյանի մեծամտության միջև

Գանդիի ներողամտության և Փաշինյանի մեծամտության միջև

Ապրիլ 20, 2019 14:50 Փաշինյանը փայլեց հերթական ստերի շարանով։
Ռոբերտ Քոչարյանը քաղաքական հալածյալ է. Աշոտյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանը քաղաքական հալածյալ է. Աշոտյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)

Ապրիլ 20, 2019 14:45 Նիկոլ Փաշինյանի մեր մեծամտության և ժողովրդի միամտության արդյունքն է: