Կարծիք

15.04.2019 09:02


Պատմությանը չի կարելի վերաբերվել խոհանոցի հին գոգնոցի պես․ պատմությունը պատժելու սովորություն ունի

Պատմությանը չի կարելի վերաբերվել խոհանոցի հին գոգնոցի պես․ պատմությունը պատժելու սովորություն ունի

Բոլորովին վերջերս 1in.am-ի եթերում հարցազրույցը վարող լրագրողը դիմելով իր հյուրին խնդրեց մեկնաբանել վերջին 20 տարում մեզանում արմատացած արատավոր երևույթներից մեկը: Ինձ այդ հարցադրման մեջ մտահոգեց ոչ միայն այն, որ իրականությունը դեռևս զերծ չէ մեր կյանքը մաշեցնող երևույթներից, այլև այն, որ լրագրողի կողմից երևույթի ժամանակագրությունը՝ վերջին 20 տարում, ներկայացվում էր որպես այլևս անհերքելի ճշմարտություն: Ես այդ պահին նկատեցի, որ «վերջին 20 տարում» եզրույթը մեզանում վեր է ածվել մի յուրատեսակ կլիշեի, որով, կարծես խորհրդանշվում է «պատմական մեր զարգացման բնականոն ընթացքից շեղվելու պահը»:

Եվ դա այն դեպքում, երբ անհերքելի ճշմարտություն է, որ մեզանում ժողովրդավարական զարգացումների և առողջ շուկայական հարաբերություների ձևախեղումների հիմքը դրվել է 90-ականների սկզբից: Մի՞թե գաղտնիք է, որ համակարգային կոռուպցիան, քաղաքական հովանավորչությունը, բիզնեսի և քաղաքականության սերտաճումը, գույքի և եկամուտների անարդարացի բաշխումը և հասարակության բևեռացումը և այլ արատավոր երևույթներ ինստիտուցիոնալ դրսևորումներ սկսեցին ստանալ հենց այդ ժամանակներից: Այդ դեպքում ինչո՞ւ է «ձեռքի հետ և այդպես փնթի սրբագրվում» մեր անկախության պատմությունը:

Այն, որ այդ եզրույթն օգտագործվում է բացառապես քաղաքական նպատակներով՝ կասկածից վեր է: Հիմնական նպատակն է, օգտվելով հեղափոխական էյֆորիայից, նախկիններին նույնացնել մեզանում առկա բոլոր արատների և չարիքների հետ (դեմոնիզացնել),հանրային գիտակցության մեջ արմատավորել նրանց հանդեպ «չարիքի մարմնավորում» կերպարը և արհեստականորեն արգելափակել քաղաքական հեղինակության վերականգման ցանկացած հնարավորություն: Իսկ ի՞նչ է դա տալիս օրվա իշխանություններին: Իհարկե, այս առումով կարելի է ենթադրություններ կատարել, բայց այս պարագայում դա չէ կարևորը: Ավելի կարևոր է պատմական իրողությունը աղավաղումներից զերծ պահելը:

Փաստերի նույնիսկ ամենամակերեսային ուսումնսիրությունը հնարավորություն է տալիս արձանագրել, որ անկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում, եթե մի բան կառուցվել է, եթե մի քարը քարին է դրվել, ապա դա տեղի է ունեցել հենց վերջին 20 տարիների ընթացքում: Սկսած աղետի գոտու վերականգնումից, Երևանի բարեկարգումից, շինարարության բումից վերջացրած էներգետիկ կարողությունների, և ընդհանրապես ենթակառուցվածքների, հզորացմամբ և արդիականացմամբ, Սևանի մակարդակի 4մ բարձրացմամբ, Ծաղկաձորի, Դիլիջանի և Ջերմուկի համայնքային կարողությունների շեշտակի զարգացմամբ, Ղարաբաղի սոցիալ-տնտեսական կարողությունների աննկարագրելի աճի ապահովմամբ և էլի շատ բաներ տեղի են ունեցել միայն վերջին 20 տարիների ընթացքում: Կարելի է կոնկրետ փաստերով համեմատել իրերի վիճակը մինչ 1998 թ․-ը և դրանից հետո: Եվ բոլոր նրանք, ովքեր, միգուցե չմտածված, մեր անկախության ժամանակաշրջանը բաժանում են մինչ 1998 թ․ և 1998 թ․-ից մինչև 2018 թ․՝ միանգամայն ճիշտ են վարվում, որովհետև, թեպետ մեզանում 90-ականներից ձևավորված արատավոր երևույթները ամբողջությամբ արմատախիլ չարվեցին (անշուշտ, այդ շրջանում եղել են սխալներ, նույնիսկ կոպիտ սխալներ), այդուհանդերձ դրանք մեր քաղաքացու կյանքի որակի և սոցիալական վիճակի ցուցանիշերով որակապես տարբեր և անհամեմատելի ժամանակաշրջաններ են:

Իսկ եթե այդ բաժանումը կատարվում է քաղաքական այն նկատառումով, որպեսզի 2018-ը նորագույն պատմության մեջ արձանագրվի որպես «մեծ փոփոխությունների դրաշրջանի»՝ Նոր Հայաստանի պատմական փուլի մեկնարկային տարի, ապա ակամայից առաջ է քաշվում պատմական զարգացումների նոր, «2018-ից հետո» փուլի գաղափարը, որի արդյունքները կարող են գնահատելի լինել միայն նախորդ փուլի արդյունքների հետ համեմատության մեջ:

Անձամբ ես նախընտրում եմ առաջնորդվել պատմական ընթացքի վերլուծության այլ սկզբունքով, որն ապաքաղաքական է և պայմանավորված է պետականաշինության ինստիտուցիոնալ կայացման ձեռքբերումներով:

Ավելին, համոզված եմ անցյալին անդրադարձը իմաստ է ձեռք բերում միայն այն դեպքում, երբ դա արվում է ոչ թե «նախկիններին» պիտակավորելու, այլ բացառապես անցյալից դասեր քաղելու նպատակով: Պատմությանը չի կարելի վերաբերվել խոհանոցում կախված հին գոգնոցի պես: Պատմությունը պատժելու սովորություն ունի:

Խոսրով Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը