Կարծիք

16.04.2019 15:30


Երբ ագրեսիվ փոքրամասնությունը ձգտում է իշխանության

Երբ ագրեսիվ փոքրամասնությունը ձգտում է իշխանության

Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում տեղի ունեցած իրադարձություններին հանրությունը հուզական արձագանքեց՝ չփորձելով խորամուխ լինել ողբերգությունը ծնող պատճառների մեջ: Իսկ խնդիրը շատ լուրջ է եւ միտում ունի տարածում գտնել երկրով մեկ:

Զարթոնքում կրակեցին, բայց կարող էին կրակել Ազատամուտում, Արշալույսում, Եղեգիսում, այլ գյուղերում, որտեղ անցած տարվա ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո ագրեսիվ փոքրամասնությունը փորձում է տիրանալ իշխանությանը՝ չսպասելով հերթական ընտրություններին:

Չեն սպասում, քանի որ հասկանում են, որ իրենց ժամանակը, իրենց վերելքի ժամանակը երկար չի կարող շարունակվել: Նրանք շտապում են եւ իրենց որոշ ազգականների, հարեւանների, մի քանի երեխաների համոզում են օրեր շարունակ կանգնել գյուղապետի տան առջեւ: Կանգնում են, ցուցապաստառներ պարզում, վիրավորում, հունից հանում: Որոշ գյուղապետեր տեղի են տալիս՝ հրաժարական տալիս, ոմանք ավելի պինդ են եւ դիմադրում են, ոմանց հարազատներն էլ կուլ չտալով վիրավորանքները գնում են ամենաանընդունելի քայլին՝ կրակում են:

Ջինը բաց է թողնված շշից, եւ եթե ոչինչ չարվի, ապա ագրեսիվ փոքրամասնությունը գյուղապետի պաշտոնի համար պայքարելու է յուրաքանչյուր գյուղում: Իսկ գյուղապետերը, որքան էլ տարօրինակ հնչի, ընտրվել են հիմնականում առանց կեղծիքների: Նախկին իշխանությունները, որպես թեկնածու, ընտրել են գյուղում ամենամեծ, ամենահարգված, ամենահեղինակավոր, ամենահարուստ ազգատոհմի ներկայացուցչին:

Հիմա փորձ է արվում ջարդել այս համակարգը, ինչը ոչ մի լավ բանի չի կարող բերել: Սպասեք ընտրություններին, առաջադրեք ձեր թեկնածությունը եւ նոր իրավիճակում փորձեք զբաղեցնել գյուղապետի պաշտոնը, բայց մի արեք քայլեր, որոնք կարող են կրքեր բորբոքել, որոնք կարող են արյունահեղություն առաջացնել: Չի կարելի գնալ գյուղապետի տան ճանապարհը փակել եւ վիրավորական արտահայտություններ վանկարկել, ինչ է, թե ուզում եք գյուղապետ դառնալ:

Գեղամ Նազարյան

Top-News.am

Այս խորագրի վերջին նյութերը