Աշխարհ

02.05.2019 17:40


Պոլսո Հայոց պատրիարքարանը նոր պատրիարքի ընտրության հարցով դիմել է Ստամբուլի նահանգապետարան

Պոլսո Հայոց պատրիարքարանը նոր պատրիարքի ընտրության հարցով դիմել է Ստամբուլի նահանգապետարան

Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ, Բարձր Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և կրոնական ժողովի ատենապետ գերաշնորհ Սահակ եպիսկոպոս Մաշալյանն ապրիլի 30-ին այցելել են Ստամբուլի նահանգապետարան՝ հանդիպելով նահանգապետ Ալի Երլիքայայի հետ:

Պոլսո Հայոց պատրիարքարանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ հոգևոր հայրերը Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի ղեկավարությամբ գրավոր դիմում են ներկայացրել պատրիարքական ընտրություններ ձեռնարկելու հարցով:

Ստամբուլի նահանգապետը ցավակցել է Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ, ապա խոստացել, որ կարճ ժամանակահատվածում Անկարայից կապահովի անհրաժեշտ պատասխանը:

Հիշեցնենք, որ Ստամբուլում մարտի 8-ին 62 տարեկանում մահացել էր Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը։ Նա Պոլսո Հայոց պատրիարքի պաշտոնը զբաղեցնում էր 1998 թվականից։ 2008 թվականից Մութաֆյանը դեմենցիա հիվանդության պատճառով գտնվում էր Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում։

Պատրիարքը անգիտակից վիճակում բժիշկների մշտական խնամքի ներքո էր և չէր կարող իրականացնել իր պարտականությունները, ինչից ելնելով էլ 2010 թվականից պատրիարքական փոխանորդ էր նշանակվել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։

Թեպետ տեղի հայկական համայնքը բազմիցս հանդես էր եկել նոր պատրիարք ընտրելու պահանջով, սակայն թուրքական իշխանությունները մշտապես մերժում էին նոր ընտրությունների անցկացումը՝ մեջբերելով 1863 թվականի Ազգային սահմանադրության դրույթն այն մասին, որ նոր պատրիարքի ընտրություն կարող է անցկացվել միայն գործող պատրիարքի մահից հետո։

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը