Աշխարհ

10.04.2009 19:15


Չի կարելի հրաժարվել Հայոց ցեղասպանության դատապարտման միջազգային գործընթացից

Չի կարելի հրաժարվել Հայոց ցեղասպանության դատապարտման միջազգային գործընթացից

-Թուրքիայում իշխող էլիտայի շրջանակներում տեղի են ունենում լուրջ խմորումներ, որտեղ իրար են բախվել 2 սկզբունքային մոտեցումներ։ Առաջինը դա թուրքական ազգայնական շրջանակների ավանդական պետական պահպանողական դիրքորոշումներն են Հայաստանի հարցում, որոնք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը պայմանավորում են Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի զիջումների և հայոց ցեղասպանության հարցում ավելի մեղմ քաղաքականություն որդեգրելու հարցերի հետ։ Սակայն, այս ամենի հետ մեկտեղ, թուրքական մամուլում Հայաստանի մասին սկսել են գրել ավելի շատ, բարյացկամ և չեզոք տոնայնությամբ հրատարակությունների թիվն էականորեն մեծացել է։ Թուրքական քաղաքական էլիտայի որոշ ներկայացուցիչներ սկսել են ավելի համարձակ արտահայտել դիրքորոշումներ՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու օգտին։ Սակայն այս միտումը դեռևս իշխող չի։ Թուրքիայի իշխանական էլիտայի ներկայացուցիչների կողմից ոչ հայանպաստ հայտարարություններն էլ, Թուրքիայում իրար հետ բախվող այս երկու գաղափարների արդյունք են,- նման դատողություններ է արել ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, որոնց հիմքում, ըստ նրա, ընկած են Դրաստամատ Կանայանի անվան ռազմական հետազոտությունների ինստիտուտի և ԵՊՀ Թուրքագիտության ամբիոնի հետ համատեղ անցկացրած մոնիտորինգի արդյունքները։

Նա դժվարացել է ասել, թե երբ կբացվի հայ-թուրքական սահմանը, բայց այն, որ թուրքական ԶԼՄ-ներում և իշխող էլիտայում Հայաստանի հետ սահմանը բացելու միտումն ավելի առաջնային է, քան դիվանագիտական հարաբերությունների հաստատելու միտումը՝ դա միանշանակ է։ Ա.Սաֆարյանի կարծիքով, հայ-թուրքական սահմանի բացումը ավելի շոշափելի է թվում, և «իշխանություններն օր առաջ պետք է մտածեն սահմանապահ ուժերի, ոստիկանության, դատախազության, հարկային և մաքսային մարմինների և պետական կառավարման մյուս մարմինների գործունեությունը նոր պահանջներին հարմարեցնելու հարցի մասին»։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն անխուսափելի է դառնում նաև Ռուսաստանի և Թուրքիայի միջև օրեցօր ջերմացող հարաբերությունների ֆոնի վրա։

Բանախոսի հավաստմամբ՝ երկու պետությունների միջև հարաբերությունների բարելավման անվան տակ հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման միջազգային գործընթացից հրաժարվելը «սփյուռք-Հայաստան հարաբերություններին անդառնալի վնաս կհասցնի և Հայաստանը կմնա անօգնական վիճակում»։

Ինչ վերաբերվում է պատմաբանների հանձնաժողով ստեղծելու հարցին, ապա Արամ Սաֆարյանն ասել է.

-Ես դեմ չեմ, որ Հայաստանի և Թուրքիայի պատմաբանները հավաքվեն քննարկելու համար մեր պատմական անցյալի դեպքերը, բայց ես դեմ եմ, որ քննարկման հարց դառնա հայոց ցեղասպանության լինել-չլինելու հարցը։

Այս խորագրի վերջին նյութերը