Լրահոս

21.04.2011 17:47


Վահրամ Աթանեսյան. «Միգուցե Լևոն Տեր–Պետրոսյանն իրոք մարգարե է, բայց…»

Վահրամ Աթանեսյան. «Միգուցե Լևոն Տեր–Պետրոսյանն իրոք մարգարե է, բայց…»

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը «BBC Russian»–ին տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ 1997թ. Արցախյան հակամարտությունն ամբողջական խաղաղ կարգավորում չստացավ, ասել էր.

–Դե, որովհետև ղարաբաղցիները մի քիչ համարում էին, որ դա քիչ է։ Մոտեցումը մաքսիմալիստական էր։ Նրանք կարծում էին, թե կարելի է էլի սեղմել և ստանալ ավելին։

Մեկնաբանելով Լևոն Տեր–Պետրոսյանի այդ հայտարարությունը՝ ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը «7օր»–ին ասել է, թե Լևոն Տեր–Պետրոսյանը միայն ղարաբաղցիներին չէ, որ նշում է, նա անդրադառնում է նաև իր որոշ թիմակիցներին։

Հիմա, եթե փորձենք կողք կողքի դնել Լեռնային Ղարաբաղի բոլոր թիմակիցների, բնականաբար՝ ազդեցիկ թիմակիցների վերաբերմունքը, ապա արդյունքում կտեսնենք, որ առաջին նախագահի այդ ծրագիրը չի արժանացել պարզապես համաժողովրդական աջակցության, բայց դա Լևոն Տեր–Պետրոսյանի դիրքորոշումն է, որ անցած տարիներին էլ ինքը չի փոխել։ Ամենացավալին այն է, որ նա այսօր էլ փորձում է դա ներկայացնել որպես կարգավորման ամենաօպտիմալ տարբերակ,–ասել է նա։

Ինչ վերաբերում է Լևոն Տեր–Պետրոսյանի այն հայտարարությանը, թե Արցախի հակամարտության հիմնախնդրի ամբողջական խաղաղ կարգավորմանը կողմերն առավելապես մոտ եղել են 1997թ., Վահրամ Աթանեսյանն ասել է.

Այն հայեցակարգով, որ պաշտպանում է Լևոն Տեր–Պետրասյանը, կարելի ենթադրել՝  ցանկացած պահի, եթե հայ ժողովուրդն էլ ընդուներ, որ իրոք այդ հայեցակարգն է տանում դեպի խնդիրների լուծում։ Անցած տարիների և այսօրվա իրողությունը գալիս են վկայելու, որ հայ ժողովուրդը չի ընդունում այդ տարբերակը։

Նա նշել է, որ իր կարծիքով Լևոն Տեր–Պետրոսյանը դա մարգարեի տոնով է ասել, սակայն եթե նա ուզում է հայոց պատմության մեջ արձանագրվել որպես ժողովրդի մարգարե, դա իր խնդիրն է։

Հայ ժողովուրդը համենայն դեպս չի ընդունում ԼՂ միջանկյալ կարգավիճակ ստանալու դիմաց որոշ տարածքներ Ադրբեջանին հանձնելու տարբերակը։ Միգուցե Լևոն Տեր–Պետրոսյանն իրոք մարգարե է, բայց այս պահի դրությամբ մեր ժողովուրդը մտածում է ոչ այնպես, ինչպես ինքն է կարծում,–ընդգծել է ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը